Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարսելի քաղաքապետը կարևորել է Ֆրանսիայում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը

Մարսելի քաղաքապետը կարևորել է Ֆրանսիայում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի նախաձեռությամբ ապրիլի 16-ին քաղաքապետարանի շենքի ճակատային մասում ամրացվել են «1915-2015 - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» մակագրությամբ երկու պաստառները: 2015 թվականը հայտարարված է Հայաստանի տարի Մարսելում, և ամբողջ տարվա ընթացքում կայանալու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող բազմաթիվ ցուցահանդեսներ, համերգային միջոցառումներ, գիտաժողովներ և այլ միջոցառումներ:

Միջոցառմանը ներկա էին Մարսել-Պրովանս-Մետրոպոլ համայնքի նախագահ-պատգամավոր Գի Տեսիեն, Նիցցա քաղաքի քաղաքապետ, պատգամավոր Քրիստիան Էստրոզին, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռենո Մյուսելիեն, Մարսելի 11-12 քաղաքապետարանի պատգամավոր-քաղաքապետ Վալերի Բուայեն, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Մարսելում հավատագրված գլխավոր հյուպատոսներ, այլ քաղաքների քաղաքապետեր, մարզային, շրջանային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ օտարերկրյա այցելուներ:

Միջոցառման ընթացքում ունեցած իր ելույթում Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը նշել է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը մշտապես շատ կարևոր է եղել մարսելցիների համար` իր 80.000 մարսելահայերով, որոնցով Մարսելը դարձել է հայկական ամենամեծ քաղաքը Ֆրանսիայում: Ժան Կլոդ Գոդենն իր խոսքում ողջունել է Հռոմի Պապի` ապրիլի 12-ի ուղերձը, որտեղ նա հիշատակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Եվրախորհրդարանի ապրիլի 15-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ընդունած բանաձևը և վերջին շրջանում բազմաթիվ երկրների և ազգային խորհրդարանների կողմից ընդունված օրենքները, որոնցով ճանաչվում է Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը: Քաղաքապետը կրկին հաստատել է, որ Օսմանյան կայսրության տարածքում հայերի դեմ տեղի ունեցած այդ ողբերգական իրադարձությունները միանշանակ ցեղասպանություն են, և համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիան կընդունի օրենք, որը թույլ կտա պատժել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը: Նա նշել է նաև, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին, հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն զոհված անմեղ հայերի հիշատակին, նմանատիպ պաստառներ կփակցվեն Մարսելի բոլոր թաղապետարանների շենքերի ճակատներին:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է ֆրանսիական մամուլում: Ֆրանսիական հանրահայտ «La Provence» օրաթերթը հաջորդ օրվա համարում «Քաղաքապետարանն իր աջակցությունն է ցուցաբերում հայերին» վերնագրով լայնածավալ հոդված է տպագրել: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]