Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նկարիչների միությունում բացվեց «Հիշում ենք և պահանջում» խորագրով ցուցահանդեսը

Նկարիչների միությունում բացվեց «Հիշում ենք և պահանջում» խորագրով 
ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Հիշում ենք և պահանջում» խորագրով հանրապետական ցուցահանդեսը: Հայ անվանի և ժամանակակից նկարիչները կտավին են հանձնել իրենց ու սեփական ժողովրդի ցավը և նկարները նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսին ներկայացված է Մեծ Եղեռնի և այլ թեմաներով 125 գեղանկարչական, գրաֆիկական, քանդակի, կիրառական արվեստի ստեղծագործություն: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, այլ պաշտոնատար անձինք, հյուրեր:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունից առաջ Հայաստանի նկարիչների միության շենքի պատին տեղադրվեց քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության հիմնադիր-նախագահ և «Նեմեսիս» ծրագրի մասնակից Արա Սարգսյանի բրոնզե կիսանդրիով հուշաքարը, որը հեղինակի` Նիկոլայ Նիկողոսյանի նվիրատվությունն էր Հայաստանի նկարիչների միությանը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդգծեց, թե իրեն հետաքրքրել է, որ նախկինում ստեղծված գործերը դրվել են մեր օրերում ստեղծված աշխատանքների կողքին: «Հետաքրքրական է, որ բազմազան է մարդկանց զգացմունքային դաշտը: Կան շատ վառ գործեր. չեմ կարող չնշել մեր դասականներին, որոնք ակնհայտորեն տարբերվում են իրենց խորքային, իմաստուն մոտեցումներով: Միևնույն ժամանակ նկատեցի շատ երիտասարդների աշխատանքներ: Կարծում եմ, որ այստեղից պետք է ընտրենք այն աշխատանքները, որոնք կգնենք, և այդ աշխատանքները կհամալրեն մեր պետական թանգարանային ֆոնդերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝նշեց Հասմիկ Պողոսյանը:

Նախարարը հավելեց, թե շատ հպարտ է, որ նկարիչների միության շենքի պատին տեղադրվեց քանդակագործ Արա Սարգսյանի բրոնզե կիսանդրիով հուշաքարը: «Մի հանճարին կիսանդրին քանդակեց մյուս հանճարը»,- հավելեց նախարարը:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը կարևորեց հուշաքարի բացումը: «Արա Սարգսյանը ոչ միայն Հայաստանի նկարիչների միության հիմնադիր-նախագահն էր, այլև «Նեմեսիս» գործողության մասնակիցներից էր՝ մարդ, որի արժանիքները պետք է ապագայում էլ գնահատենք»,- նշեց նա:

ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը ցուցահանդեսին ներկայացրել է իր «Անթաղ աղավնիներ» աշխատանքը: «Սկսել եմ 2014-ի հոկտեմբերից և մինչև 2015 թվականի փետրվարը նկարել: Իհարկե, թեման ոչ սովորական է. չկա ջարդ, կոտորած, արյուն: Լսել եմ պատմություններ, որ թուրքերը հղի կանանց էին վնասում, տանջում, և ես դա եմ պատկերել»,-նշեց նա:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]