Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ցեղասպանության տարելիցին նվիրված «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է…» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը

Ցեղասպանության տարելիցին նվիրված «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է…» 
միջազգային փառատոնը հատեց եզրագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է…» խորագրով միջազգային փառատոնի շրջանակներում երեք համերգով ապրիլի 14-16-ը Երևանում հանդես են եկել աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը և նրա ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է…» միջազգային փառատոնն անցկացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո։ Համերգները նվիրված էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում, հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո։ Ապրիլի 14-ին ներկայացվել են Մոցարտի ստեղծագործությունները՝ Դաշնամուրի թիվ 17 կոնցերտը, «Ռեքվիեմ»-ը։ Ելույթ է ունեցել նաև Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան)։ Ապրիլի 15-ին հնչել են արիաներ և նախերգանքներ հայտնի օպերաներից։ Ջութակի մենանվագով հանդես է եկել Վլադիմիր Սպիվակովը։ Ապրիլի 16-ին ներկայացվել է մուլտիմեդիա նախագիծ՝ Չապլինի ժամ՝ «Մեծ քաղաքի լույսերը»։ 

Ապրիլի 14-ին հրավիրված համերգի ավարտին, որին ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, մաեստրո Սպիվակովը, դիմելով ներկաներին, ասել է. «Մենք այսօր մեր պատարագը մատուցեցինք Ցեղասպանության զոհ դարձած հայերի հիշատակին։ Շատերը, շատ քաղաքական գործիչներ վախենում են ցեղասպանություն, ինչպես նաև Հոլոքոստ բառերից: Սակայն գոյություն ունի ճշմարտություն, և այն, ինչպես ասում էր Լև Տոլստոյը, ճեղքում է ասֆալտը: Մեծ երջանկություն ու բավարարվածություն է, որ Հռոմի պապն ի լուր աշխարհի միլիարդավոր մարդկանց հայտարարեց, որ, այո', եղել է ցեղասպանություն կոչվող հանցագործություն, և հայ ժողովուրդը կարող էր վերանալ աշխարհ երեսից: Մենք հիմա կլռենք ու կմտածենք այն մարդկանց մասին, ում կորցրել ենք… Բոլորս մարդ ենք, և հաճախ մեզ պատում է հուսահատությունը: Կարծում եմ` միակ բանը, որով մարդիկ տարբերվում են միմյանցից՝ հուսահատության աստիճանն է: Պատմությունից մեկ օրինակ բերեմ: Մի իմաստուն ղեկավար բարձրացավ սարը՝ դիմավորելու արևածագը: Երբ նա իջավ, ներքևում նրան սպասում էր իր ժողովուրդը: «Օ՜, իմաստո'ւն, դու բոցավառում ես մեր սրտերը, մենք հուսահատ ենք: Ասա մեզ՝ ո՞վ ենք մենք»,- բացականչեցին մարդիկ: Ղեկավարն ասաց խոսքեր, որոնք կարող են ուղղվել աշխարհով մեկ սփռված յուրաքանչյուր հայի, ում սրտի անկյունում մի կտոր ցավ կա: Իմաստուն ղեկավարն ասաց հետևյալը. «Դուք աշխարհի լույսն ենք, աստղերը, մաքրության տաճարը, ձեզանից յուրաքանչյուրում տիեզերքն է»: Նույնը ես մտածում եմ ձեր՝ հայ ազգի մասին»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]