Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սոցիոլոգն Արցախում կանխատեսում է ժողովրդավարական ընտրություններ

Սոցիոլոգն Արցախում կանխատեսում է ժողովրդավարական ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի խորհրդարանական ընտրություններին առաջադրված քաղաքական միավորումներից ընտրվելու ամենամեծ շանսերն ունի «Ազատ Հայրենիք» կուսակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Հաջորդիվ` Արցախի ժողովրդավարական, Հայ Հեղափոխական Դաշնակցություն ու «Շարժում-88» կուսակցություններն են:

Հարցումն անցկացվել է ապրիլի 11-12-ին, ընտրանքում ընդգրկվել է 18 տարին լրացած 2 հազար 392 անձ, որից 592-ը հրաժարվել է մասնակցել հարցմանը` ընտրությունների նկատմամբ անտարբեր լինելու պատճառով: Արդյունքում հարցմանը մասնակցել է 1800 չափահաս անձ, որից 32 տոկոսը հաստատ մասնակցելու է ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններին, 9 տոկոսը` հնարավոր է` մասնակցի, 5 տոկոսը հետաքրքրվում է, բայց չի մասնակցելու, 29 տոկոսը դեռ չի կողմնորոշվել` ձայնը ում տալ, 25 տոկոսն էլ հետաքրքրված չէ ընտրություններով: «Եթե հնարավոր մասնակիցների կեսը և չկողմնորոշվածների մեկ երրորդը միանան հաստատ մասնակցողներին, ապա մասնակցությունը կկազմի 55%, ինչը մոտ է նախորդ խորհրդարանական ընտրությունների մակարդակին»,-ասաց սոցիոլոգը:

Ահարոն Ադիբեկյանի տեղեկացմամբ` հարցվածները այնքան էլ ծանոթ չեն առաջադրված կուսակցությունների ծրագրային դրույթներին ու ընտրության ժամանակ առաջնորդվում են` առանձին թեկնածուների դեմքերը, կեցվածքը հաշվի առնելով: «Կան պատգամավորներ, որոնց մասին ոչ ոք չգիտի, բայց իմացությունը շատ կարևոր է, որ կարողանան ընտրություն կատարել: Նրանց խնդիրը բարդանում է. նրանց պետք է ներկայացնեն որպես թեկնածու, այնուհետև նրանք պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը, իսկ նրանց, ում ճանաչում են, գործն ավելի է հեշտանում: Գործող վարչապետը և առաջատար կուսակցությունների ղեկավարները կոչ են անում ձևավորել ավելի կառուցողական ընդդիմություն և բոլորն աշխատեն պետականության վերականգնման համար և, կարծես, դա նրանց մոտ ստացվում է»,-ասաց սոցիոլոգը:

Ահարոն Ադիբեկյանի դիտարկմամբ` Արցախը կարող է դառնալ տարածաշրջանի ժողովրդավարության լավագույն մոդելը:

Արցախի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2015 թվականի մայիսի 3-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]