Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սեփական պատմությունը կոծկելու պաշտոնական Անկարայի ջանքերն օր օրի դառնում են ավելի անհույս

Սեփական պատմությունը կոծկելու պաշտոնական Անկարայի ջանքերն օր օրի 
դառնում են ավելի անհույս

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի խոսքերն իսկական սառը ցնցուղ դարձան թուրքական իշխանությունների համար: Դիվանագիտական ամբողջ գործիքակազմը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում կայանալիք պատարագը խափանելու նպատակով գործի դրած պաշտոնական Անկարան իր համար անչափ կարևոր մի ժամանակաշրջանում հայտնվեց տանուլ տվածի կարգավիճակում:

Կաթոլիկ աշխարհի հոգևոր կենտրոնում ապրիլի 12-ին կայացած պատարագի ամենասկզբում Հռոմի պապի ելույթը, որում նա հայերի հետ կատարվածն անվանեց 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն, անմիջապես արձագանք գտավ թուրքական իրականության մեջ: Ինչպես միջազգային շատ հեղինակավոր պարբերականներ, այնպես էլ թուրքական ԶԼՄ-ներն իրենց լրատվական գլխավոր լուրերի շարքում հրապարակեցին Հռոմի պապի, իրենց իսկ բնորոշմամբ, «շոկային» խոսքերը:

Ինչպես Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ տարբեր պետությունների կողմից և միջազգային հարթակներից հնչեցված հայտարարությունների պարագայում, այնպես էլ այս անգամ ակնհայտ էր, որ թուրքական պետական շրջանակներն այս հայտարարության նկատմամբ երկար լռել չէին կարող: Ինչպես և ակնկալվում էր, թուրքական ավանդական, արդեն կանխատեսելի դարձած դիվանագիտությունը երկար սպասվեցնել չտվեց: Հայտնի դարձավ, որ թուրքական ԱԳՆ-ն իր մոտ է կանչել ինչպես Թուրքիայում Վատիկանի դեսպանին՝ Հռոմի պապի խոսքերի համար բացատրություններ լսելու, այնպես էլ Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըին՝ քննարկումներ իրականացնելու համար: Այնուհետև հաջորդեց Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունը, որտեղ Ֆրանցիսկոսի հասցեին մեղադրանքներ հնչեցվեցին «Առաջին աշխարհամարտի տարիներին կրած ցավերի մեջ խտրականություն դնելու, մուսուլմաններին անտեսելու և միայն քրիստոնյաների, մասնավորապես հայերի ցավերին տեր կանգնելու մեջ»:

Թուրքական քաղաքական իրականության մեջ անչափ զգայուն համարվող հայկական հարցի վերաբերյալ իրարանցումն այդքանով չսահմանափակվեց: Կաթոլիկ աշխարհի հովվապետի՝ միջազգային հնչեղություն ստացած հայտարարությանը շուտով արձագանքեցին անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, կրոնական գործերի նախարար Մեհմեթ Գյորմեզը և այլոք: Տարբեր կաղապարներով մատուցված թուրք պաշտոնյաների խոսքը, սակայն, իրականում ուներ նույն ընդհանրացրած բովանադակությունը: Թուրքական կողմից առաջ քաշվող տեսակնետները նույնն էին, հուզական ու զուրկ տրամաբանությունից՝ «Հռոմի պապը ցավերին միակողմանի մոտեցում է ցուցաբերում», «Պատմական հարցերը դարձել են քաղաքական գործիք», «Հռոմի պապն իրեն անվայել հայտարարություն է անում»:

Հաշվի առնելով նմանօրինակ դեպքերոււմ պաշտոնական Անկարայի որդեգրած նախկին քաղաքականությունն ու քայլերը, ապա կարելի է հավանական համարել այն, որ առաջիկայում թուրքական կողմն առավել կոշտ քայլեր և հայտարարություններ կարող է անել: Չի բացառվում նաև, որ Էրդողանն ու նրա հավատարիմ քաղաքական գործիչները կփորձեն իրենց ձեռքի տակ գտնվող քաղաքական կամ տնտեսական լծակների միջոցով «պատժել» Սուրբ Աթոռին, սակայն ինչպես և նախորդ դեպքերում, այս անգամ էլ այդ քաղաքականության՝ հաջողության հանսելու հնարավորությունները ձգտում են նվազագույնի:

Հայերի դեմ իրականացված ոճրագործության 100-րդ տարելիցին ընդառաջ պատմական իրողությունները թաքցնելու և դրանք հերքելու պաշտոնական Անկարայի ջանքերն օր օրի դառնում են ավելի դատարկ և անհույս: Բաց պահելով 100-ամյա վերքը՝ Թուրքիան դեռևս հրաժարվում է փակել սեփական անցյալի ամենացավոտ էջերից մեկը և խորամանկ միամտությամբ սեփական ժողովրդին թողնում է խեդվելու սեփական վերքից դեռևս հոսող արյան մեջ:

Արաքս Կասյան

«Արմենպրես» լրատվական գործակալության թուրքագետ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]