Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արարատի մարզային գրադարանում տեղադրվեց Օհան Չուբարյանի կիսանդրին

Արարատի մարզային գրադարանում տեղադրվեց Օհան Չուբարյանի կիսանդրին

ԱՐՏԱՇԱՏ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում ապրիլի 1-ին տեղի ունեցավ անվանի գրադարանագետ-մատենագետ, գրադարանային գործի երախտավոր, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Օհան Չուբարյանի բրոնզաձույլ կիսանդրու հանդիսավոր բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Չուբարյանի որդին` Ալեքսանդր Չուբարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մարզային կառույցի ղեկավարները, մշակութային գործիչներ, հյուրեր Երեւանից եւ ՌԴ-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մինչ կիսանդրու բացման արարողությունը գրադարանի ցուցասրահում տեղի ունեցավ Օհան եւ Ալեքսանդր Չուբարյանների գրական ժառանգության, ինչպես նաեւ գրքի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդեսների բացումը: Հյուրերը շրջեցին ցուցասրահում, ծանոթացան ներկայացված գրականությանը: Միջոցառումը շարունակվեց ընթերցասրահում, որտեղ եւ տեղադրված է կիսանդրին: Այն բացեցին Չուբարյանի որդին` ՌԴ Ազգային Ակադեմիայի ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն, Հումանիտար համալսարանի ռեկտոր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Չուբարյանը եւ կիսնադրու հեղինակ, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը: Հասմիկ Պողոսյանը, շնորհավորելով ներկաներին, մարզային գրադարանի տնօրինությանը եւ գրադարանագետի որդուն` կիսանդրու տեղադրման կապակցությամբ, նշեց. «Շատ տաղանդավոր մարդիկ են ծնվում, ովքեր հրաշալի  ժառանգություն են թողնում, սակայն, պակաս կարեւոր չէ այն հանգամանքը, թե նրանց հետնորդներն ինչպես են դրանք պահպանում: Ուստի, այստեղ` մարզային գրադարանում մշտապես հիշվում, բարձրաձայնվում է Չուբարյանի անունը, դրանով իսկ ապրեցնելով մեծ գրադարանագետին ու նրա անունը»,- ընդգծեց նա, կարեւորելով, որ մեր հայրենակիցը ՌԴ-ում նման մեծ հեղինակություն ու համբավ է վայելում: Նախարարն, անդրադառնալով կիսանդրուն, նշեց, որ այն մոնումենտալ գեղեցիկ աշխատանք է, որը ներկայացված է Գետիկ Բաղդասարյանի փայլուն կատարմամբ, դիպուկ նմանությամբ:       Պողոսյանը, դիմելով ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանին, առաջարկեց. «Այսօր Օհան Չուբարյանի գիտական ժառանգությունը վեր հանելու խնդիր ունենք, ինչի համար անրաժեշտ է կազմակերպել մի գիտական կոնֆերանս, որում վեր կհանվեն նաեւ գրադարանագիտությանն առնչվող խնդիրները»: Զարգարյանն ընդգծեց, որ ազգային գրադարանում սկսում են թվայնացման գործընթաց, եւ առաջիններից մեկը կթվայնացվեն Չուբարյանի մատենագիտական աշխատանքները: Կիսանդրու հեղինակ Գետիկ Բաղդասարյանն իր խոսքում անդրադառնալով քանդակին՝ ընդգծեց, որ քանդակագործի խնդիրն է ճշգրիտ ներկայացնել կերպարի էությունը: «Այդ առումով ստեղծել եմ հզոր, ուժեղ, պինդ եւ ամուր կերպար: Ցանկանում եմ, որ պահպանեք եւ սիրեք քանդակը: Այն կարողացանք ստեղծել բավականին դժվարին պայմաններում»,- ընդգծեց նա:Կիսանդրու պատվիրատու Ալեքսանդր Չուբարյանն իր խոսքում անդրադարձ կատարեց իր մանկության տարիներին, հոր հետ կապված հիշողություններին, մասնագիտություն ընտրելու հարցում հոր խորհրդին, հայոց լեզվի եւ հայ ժողովրդի հանդեպ ունեցած իր մեծ ակնածանքին: «Հայրս մեծ մարդասեր էր, չափազանց բարի եւ ընտանիքին նվիրված»,-իր խոսքում այսպես բնութագրեց հորը կրտսեր Չուբարյանն՝ ավելացնելով, որ հայրը կյանքի վերջին տարիներին ուներ գրողների դիմանկարներով նամականիշերի, զինվորական թեմատիկայով բացիկների, ինչպես նաեւ փոքրածավալ գրքերի հավաքածուներ: Նա հիշեց, որ կյանքի վերջին տարիներին հայրը ղեկավար պաշտոն է զբաղեցրել Վ. Ի. Լենինի անվան ԽՍՀՄ պետական գրադարանում, որի աշխատակազմը մինչ օրս էլ նշում է, որ Չուբարյանի ղեկավարման տարիները եղել են իրենց գրադարանի ոսկե տարիները:Մարզային գրադարանի տնօրեն Յուրի Պետրոսյանն անդրադարձավ գրադարանագետի կյանքին, գործունեությանը, գրադարանագիտության մեջ նրա ավանդի կարեւորությանը: Ելույթներն ընդմիջվում էին դպրոցականների ասմունքով, հայրենասիրական երգերի կատարմամբ: Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը, ՀՀ մշակույթի նախարարության, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության աշխատակիցներ, այլք: Օհան Ստեփանի Չուբարյանը ծնվել է 1908 թվականին ՌԴ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Թոփթի /այժմ` Ղրիմ/ գյուղում: Ղեկավար պաշտոններ է վարել ՌԴ կենտրոնական գրապալատում, Պետերբուրգի եւ Մոսկվայի պետական գրադարաններում, որի տնօրենի տեղակալն էր կյանքի վերջին 15 տարիներին: Շուրջ 150 աշխատությունների հեղինակ է, մի շարք պարբերականների հիմնադիր եւ խմբագիր: Չուբարյանն անդրադարձել է գրականագիտության եւ մատենագիտության գրեթե բոլոր կարեւոր խնդիրներին: Եղել է Գրադարանային ընկերակցության միջազգային ֆեդերացիայի մատենագիտական /1966թ./, այնուհետեւ գրադարանագիտական հանձնաժողովների նախագահ /1969թ. Նիդերլանդներ/: Չուբարյանը մահացել է 1976 թվականին` Մոսկվայում: ՀՀ կառավարության որոշմամբ` 1948 թվականին հիմնադրաված ՀՀ Արարատի մարզային գրադարանը 1977 թվականից կրում է Օհան Ստեփանի Չուբարյանի անունը: Այն մարզի գլխավոր պետական գրադարանն է, որը տեղեկատվական եւ մեթոդական կենտրոն է հանդիսանում մարզի 94 համայնքային գրադարնների համար: Ներկայումս մարզային գրադարանի գրքային ֆոնդը կազմում է 101 հազար 19 կտոր գրականություն: Սա ԱՊՀ երկրների տարածքում միակ գրադարանն է, որը կոչվում է գրադարանային գործի խոշոր երախտավոր, գրադարանագետ-մատենագետի անունով:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]