Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Երիցյանը դրական է գնահատել Սյունիքի համայնքապետերի աշխատանքը

Արմեն Երիցյանը դրական է գնահատել Սյունիքի համայնքապետերի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ամփոփել է իր երկօրյա այցը Սյունիքի մարզ՝ մասնակցելով մարզխորհրդի նիստին: Նիստին ներկա էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, համայնքների ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության և արտակարգ իրավիճակների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետը ներկայացրել է մարզում իրականացված գյուղատնտեսական, առողջապահական, արդյունաբերական, սոցիալ-տնտեսական, մշակութային ոլորտների աշխատանքները: Նշելով, որ թվարկված ոլորտներում մարզում զգալի առաջընթաց է նկատվում՝ Սուրիկ Խաչատրյանն ավելացրել է, որ գրեթե բոլոր համայնքներում նույն հիմնախնդիրներն են՝ ոռոգման և խմելու ջրի, ճանապարհների բարեկարգման և աշխատատեղերի ստեղծման: Մարզպետը խնդրել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել մարզի կրթական համակարգին, մասնավորապես՝ դպրոցների վերանորոգման խնդրին: Մարզպետը նկատել է, որ թե' մարզային, թե' հանրապետական օլիմպիադաներում բարձր ցուցանիշներ են ապահովում մարզի այն աշակերտները, ովքեր սովորում են բարեկարգված դպրոցներում: Սուրիկ Խաչատրյանը նշել է, որ մարզում գործում են նորագույն տեխնիկայով զինված բժշկական կենտրոններ: Շուտով շահագործման կհանձնվի Մեղրիի բժշկական կենտրոնը: Մարզի առողջապահական համակարգում հիմնական խնդիրը Սիսիանի բժշկական կենտրոնի բարեկարգումն է: Սուրիկ Խաչատրյանի խոսքով՝ մի շարք համայնքներում նախատեսվում է պահածոների գործարաններ ստեղծել, ինչը զգալիորեն կլուծի գործազրկության խնդիրը:

Ամփոփելով Սյունիքի շուրջ 10 համայնքներ կատարած իր այցերն ու բնակիչների հետ ունեցած զրույցները՝ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը համայնքապետերի աշխատանքն ընդհանուր առմամբ դրական է գնահատել և նշել, որ իր աշխատելաոճին համաձայն՝ դեռ շատ կայցելի Սյունիքի մարզ և կլինի բոլոր համայնքներում: «Անելիքներ դեռ շատ կան: Համայնքների խոշորացման ծրագիրը շատ կարևոր է հատկապես Սյունիքի մարզի համար, քանի որ այստեղ համայնքների քանակը և բնակչության քանակը համաչափ բաշխված չեն: Համայնքների խոշորացման ծրագիրը չի ենթադրում, որ այդ բնակավայրերում կվերանան մանկապարտեզները, դպրոցները և այլ ենթակառուցվածքներ, հակառակը՝ մի համայնքի բնակիչները կկարողանան օգտվել մեկ այլ համայնքում առկա ենթակառուցվածքից: Օրինակ՝ մի գյուղի բնակիչները կարող են օգտվել համայնքի մյուս գյուղերում գործող երաժշտական դպրոցից կամ սպորտային կենտրոնից: Համայնքերի միջև կապը կապահովվի միջհամայնքային տրանսպորտի միջոցով»,- նշել է Երիցյանը:

Ներկայացնելով համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը, որը կգործարկվի նաև Սյունիքում՝ նախարար Երիցյանը շեշտել է, որ հաջողություն չունենալու դեպքում ծրագիրը չի մեկնարկի: Պատասխանելով համայնքապետերի հարցերին՝ նախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ տեղեկանքների և այլ փաստաթղթերի ստացման համար գյուղացին ստիպված չի լինելու երկար ճանապարհ կտրել: «Համայնքների խոշորացման ծրագրի իրականացման գործընթացում հենվում ենք միջազգային փորձի վրա: Այսօր մենք ունենք 866 գյուղական համայնք, որոնցում արված ներդրումները բավարար արդյունքներ չեն տալիս: Խոշորացման ծրագիրը թույլ կտա ոչ միայն առավել արդյունավետ օգտագործել համայնքներում արված ներդրումները, այլև՝ առավել արդյունավետ վերահսկել դրանք: Համայնքապետերի հետ իմ զրույցների արդյունքով` կարող եմ ասել, որ նրանցից շատերը ոչ միայն կողմ են խոշորացման ծրագրին, այլև նշում են, որ նման ծրագրի կարիքը վաղուց էր զգացվում»,- ասել է Ա. Երիցյանը:

Անդրադառնալով մայիսի 17-ին կայանալիք համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ տեղական հանրաքվեին՝ Արմեն Երիցյանը նշել է, որ համաձայն ՀՀ սահմանադրության՝ համայնքների խոշորացման ծրագիրը կարող էր իրականացվել առանց հանրաքվեի, սակայն հանրաքվեի անցկացումը ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարականն էր, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան ինքնուրույն որոշել, ուզում են տվյալ ծրագրի իրականացումը, թե՝ ոչ:

Ամփոփելով մարզխորհրդի նիստը՝ ՏԿԱԻ նախարարը համայնքապետերին հանձնարարել է բարձրաձայնած խնդիրների լուծման վերաբերյալ նախնական ծրագիր ներկայացնել, որը կծառայի որպես յուրօրինակ ուղեցույց առկա հարցերի լուծման գործընթացում: «Վստահ եմ, որ համատեղ աշխատանքով մեծ արդյունքների կհասնենք»,- եզրափակել է Արմեն Երիցյանը:

Նա այցելել է նաև ՀՀ Ազգային արխիվի Սյունիքի մասնաճյուղ, ծանոթացել աշխատանքային գործընթացին: Մասնաճյուղի տնօրեն Արշալույս Փափազյանը նախարարին ներկայացրել է առկա խնդիրները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am