Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լույս է տեսել «Այնթապի ասեղնագործությունը» գիրքը` Ռիտա Սարգսյանի առաջաբանով

Լույս է տեսել «Այնթապի ասեղնագործությունը» գիրքը` Ռիտա Սարգսյանի 
առաջաբանով

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այնթապի ասեղնագործության պատմությունն ու ավանդույթներն ամփոփող նոր երկհատորյակ է հրատարկվել, որի առաջաբանը հեղինակել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Ապրիլի 1-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձե­ռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, «Այնթապի օրեր» ծրագրի շրջանակում անցկացվեց ՀԲԸՄ Հալեպի Մ.Սարյանի անվան ակադեմիայի ուսուցիչ Հրազդան Թոքմաջյանի «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսը: Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Գրքի հեղինակ Հրազդան Թոքմաջյանը, ներկայացնելով երկհատորյակը, ցուցադրեց նաև ասեղնագործության նմուշներն ամփոփող լուսանկարներ: «Մեծապես շնորհակալ եմ բոլորից` գրքի լույսընծայման համար: Զույգ հատորների պատրաստումն իրականացվել է Սիրիայում, մեզ նյութերով աջակցել են Լիբանանից և Միացյալ Նահանգներից: Գիրքը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն, ունի պատմական, վերլուծական մասեր: Նաև ներառել ենք այն, թե Հայաստանում ինչ թափ ունի Այնթափի ասեղնագործությունը: Կարծում եմ՝ լավ հրատարակություն է` մեր ասեղնագործությանը պատիվ բերող»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հրազդան Թոքմաջյանը՝ հավելելով, որ գրքում կան ձեռագործներ, որոնք այսօր գոյություն չունեն:

Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը գրքի ծնունդը երեխայի ծնունդի հետ է համեմատում: Նշում է, որ գիրքը թերթում էր և մտածում, որ այն կարելի է կոչել վկայության հրատարակություն: «Այս հրաշալի վկայությունների գիրքը Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող շատ մեծ ձեռքբերում է: Մեր հայուհիները, ցրվելով աշխարհով մեկ, կարողացել են թողնել այսպիսի հուշարձաններ, որոնք մեր զոհերի հիշատակի լուռ վկայությունն են»,- շեշտեց Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ նշեց, որ 95 տարի առաջ տեղի ունեցավ Այնթապի հերոսամարտը, և մեր հայրենակիցները, կորցնելով հայրենիք, մշակույթ, արվեստ, կարողացան ոչ միայն եկեղեցի ու դպրոց կառուցել, այլև մշակույթ ստեղծել: «Սա այն արվեստի վկայությունն է, որ կարողացել են վերաստեղծել մեր կանայք և աղջիկները: Հայ ժողովուրդն իր արվեստով, իրոք, մնայուն է»,- ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:

Միջոցառումն ուղեկցվեց նաև գեղարվեստական համարներով: Ներկաները դիտեցին նաև Այնթապի ձեռագործ իրերը, հագուստներն ամփոփող ցուցադրություն:

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը խոստովանեց, որ շատ հավանեց ցուցադրությունը: «Ես հավանում եմ ասեղնագործությունը: Ավելին ասեմ, երբ թերթում էի այս գիրքը, մի բան հասկացա, որ հայ կանայք տարբեր տեղերում ապրելով` նույն բաներն էին գործում: Այս գործերը ես տեսել եմ և՛ սկեսուր-մայրիկիս, և՛ տատիկիս, և՛ մայրիկիս մոտ: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ես էլ էի գործում: Շատ ուրախ եմ, որ այսօր կա վինտաժ ոճը, որը մոդայիկ է»,-լրագրողների հետ զրույցում նշեց առաջին տիկինը:

Միջոցառման նախաձեռնողներն էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Հալեպի Հայ Կրթասիրաց մշակութային միությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը, Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն:  

ՀԲԸՄ Հալեպի Մ.Սարյանի անվան ակադեմիայի երկարամյա ուսուցիչ Հրազդան Թոքմաջյանի «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսը. ինչպես նաև` Այնթապի հերոսամարտի դրվագները ներկայացնող լուսանկարների ցուցադրություն: Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]