1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ Ֆրանսիան Հայաստանի հավատարիմ դաշնակիցն է. Ժան Ֆրանսուա Շարպանտիե

Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ Ֆրանսիան Հայաստանի 
հավատարիմ դաշնակիցն է. Ժան Ֆրանսուա Շարպանտիե

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ապրիլի 24-ին Երեւան կայանալիք այցը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի նկատմամբ Ֆրանսիայի հարգանքի լավագույն առհավատչյան է: Գնահատականը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեինն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում դեսպանը խոսում է նաեւ Հայաստանում իր բացահայտումների եւ մայիսին Ռիգայում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովից Ֆրանսիայի ակնկալիքների մասին:

-Հարգելի դեսպան, նախ շնորհակալություն հարցազրույցի առաջարկը չմերժելու համար: Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում: Ի՞նչ հետաքրքրական նորույթ եք բացահայտել Ձեզ համար եւ ինչպե՞ս կբնութագրեք հայերին:

-Մի քանի ամիս է, ինչ Հայաստնում եմ և արդեն ինձ լավ եմ զգում այստեղ: Հայերը ջերմ ընդունելություն են ցուց տվել և ամեն օր փաստում եմ մեր երկրների միջև եղած կապերի կարևորությունը: Սկսել եմ բացահայտել քաղաքամայրը, թեև շատ անգամ դահուկ քշելու համար եղել եմ  Ծաղկաձորում, անցյալ շաբաթ եղա Արարատյան դաշտում, նախատեսում եմ առաջիկա ամիսներին այցելել տարբեր վայրեր: Հյուրընկալությունից զատ, իմ կարծիքով, հայերն ամուր կապված են իրենց արժեքներին, մշակույթին և պատմությանը, որով էլ պայմանավորված է նրանց՝ հատկապես  հավաստի զրուցակից լինելը, ում հետ շփումները հարստացնող են : 

-Որո՞նք են լինելու Ձեր դիվանագիտական գործունեության առաջնահերթությունները: Հայ-ֆրանսիական հարաբերություններում ո՞ր հարցերին եք առավել ուշադրություն դարձնելու:

-Դիվանագիտական իմ գործունեության գերակայությունը հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն է: Անգամ եթե Հայաստանում արվող ներդրումների թվով Ֆրանսիան գրավում է երկրորդ հորիզոնականը, 2014թ. արտաքին առևտրի ցուցանիշը շատ քիչ է գերացանցում 60 միլիոն եվրոյի շեմը: Կցանկանայի, որ մեր երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները դառնան նույնքան ամուր, ինչքան մեր քաղաքական հարաբերություններն են: Եթե ֆրանսիական ընկերությունները գտնեն իրենց   հասանելիք տեղը,  ապա դրա առաջին շահառուն կլինի  հայ սպառողը, ինչպես, օրինակ, «Օրանժ»-ի և «Կարֆուր»-ի պարագայում: Ենթակառուցվածքների տեսանկյունից, որտեղ կառավարությունը և քաղաքային իշխանությունները  արդիականացման հավակնոտ ծրագրեր են ձեռնարկել, ֆրանսիական ընկերություններն օժտված են համաշխարհային ճանաչում վայելող մեծ փորձառությամբ: Իմ աշխատանքն է հավաստիացնել հայերին, որ «Ֆրանսիա» մակնիշը որակական առումով հարմարավետություն և հանգստություն կհաղորդի կարևոր այնպիսի կենսապայմանների բարելավմանը, ինչպիսիք են հասարակական տրանսպորտը, առողջապահությունը կամ աղբահանումը:

-2015թ. յուրահատուկ կարեւորության տարի է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար:  Ինչպես գիտեք, այս տարի հայերը կոգեկոչեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ի՞նչ ուղերձ կհղեք հայ ժողովրդին:

-Իմ զորակցությունն եմ հավաստում մի ազգի, որին պատմության ընթացքում ողբերգական շատ պահեր են բաժին հասել և որոնց թվում հատկապես առանձին տեղ է զբաղեցնում Ցեղասապանությունը: Նախագահ Օլանդի` ապրիլի 24-ի այցը ոգեկոչման ու հիշատակի նկատմամբ Ֆրանսիայի հարգանքի լավագույն առհավատչյան է :

-Պարոն դեսպան, դուք որոշ չափով կանխեցիք իմ հաջորդ հարցը: Դեռեւս նախորդ տարի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ ապրիլի 24-ին այցելելու է Ծիծեռնակաբերդ: Դուք ունե՞ք տեղեկություն, ովքեր են լինելու պարոն Օլանդի գլխավորած պատվիրակության կազմում:

-Այս պահին, 120 հոգուց բաղկացած պատվիրակության կազմը դեռ որոշված չէ: Կարող եմ միայն ասել, որ Նախագահին ուղեկցող հեղինակավոր պատվիրակութան մեջ ընդգրկված են լինելու Հայաստանի հետ յուրահատուկ կապ ունեցող ակնառու դեմքեր, գործիչներ:

-Ցեղասպանությունները կշարունակվեն այնքան, քանի դեռ դրանք չեն դատապարտվել եւ հանցագործները պատիժ չեն կրել: Ցավոք, Հայոց ցեղասպանությունը դեռեւս լիարժեք կերպով չի ճանաչվել: Որպես Եվրամիության կարեւորագույն պետություն, ո՞րն է Ֆրանսիայի կոչը ուղղված ԵՄ անդամ գործընկեր պետություններին եւ Թուրքիային:

-Ինչպես գիտեք, այդ հարցի առնչությամբ միջազգային հաստատություններում Հայաստանը, հանձին Ֆրանսիայի, ունի հավատարիմ դաշնակից: Զուգահեռաբար, Ֆրանսիան  կանոնավորապես կոչ է անում Թուրքիային առերեսվել սեփական պատմության այդ էջի հետ: Ոչ մի ազգ չի կարող հպարտանալ  իր պատմության ողջ ընթացքում դրսևորած օրինակելի վարքագծով: Իր հերթին Ֆրանսիային էլ, թեև երկար քննարկումներից հետո, սակայն վճռականորեն, հաջողվեց ընդունել հրեաների տեղահանման կամ գաղութարարության ժամանակաշրջանի որոշ դրվագների հարցում իր բաժին պատասխանատվությունը: Այլ համատեքստերում, այլ ազգեր, որոնց հզորությունը ոչ ոք չի վիճարկում, ընդունել են, որ իրենք ևս ունեցել են սեփական պատմության մութ պահեր:

-Ո՞ր փուլում է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի մշակումը: Հնարավո՞ր է, որ օրինագիծը Ֆրանսիայի Սենատում ներկայացվի մինչեւ ապրիլի 24-ը:

-2012թ. Ֆրանսիայի խորհդարանն ընդունեց  Հայոց Ցեղասպանության հերքումը  քրեականացնող օրինագիծ, սակայն այն մերժվեց Սահմանադրական խորհրդի կողմից խոսքի և հաղորդակցության ազատությանը վնասող շարժառիթով: Անցյալ տարի Նախագահը հանձնարարեց կառավարությանը պատրաստել նոր՝ իրավաբանորեն անհերքելի  օրինագիծ: Այսօրվա դրությամբ այս փուլում ենք:

-Ֆրանսիան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդման ջատագովներից է եւ Ֆրանսիայի առաջին դեմքերը բազմիցս խոսել են այդ հարաբերությունների կարեւորության մասին: Ի՞նչ ակնկալիք ունի Ֆրանսիան մայիսին Ռիգայում կայանալիք ԱլԳ երկրների գագաթնաժողովից:

-Եվրամիությունում Ֆրանսիան Հայաստանի կողքին է և գործի կդնի իր ողջ ազդեցությունը Ռիգայի գագաթնաժողովում հավակնոտ ճանապարհային քարտեզ սահմանելու համար: Ֆրանսիան կարծում է, որ միաժամանակ իր հարևան երկրների և արևմտյան  բազմաթիվ գործընկերների հետ ունեցած հարաբերություններն ուժեղացնում են Հայաստանին: Այդուհանդերձ, հավակնություն չցուցաբերել  Ռիգայում, կնշանակի Հայաստանին զրկել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության բազմաթիվ նպաստավոր առիթներից: Նման արդյունքի հասնելը Ռիգայում ենթադրում է ոչ միայն Հայաստան-ԵՄ, այլև Հայաստանի և ԵՄ յուրաքանչյուր անդամ երկրի միջև խորհրդակցությունների վերջնամշակում` նկատի ունենալով այն, որ որոշում կայացնելիս հաշվի է առնվում ԵՄ 28 պետություներից յուրաքանչյուրի դիրքորոշումը: 

Հարցազրույցը` Հասմիկ Հարությունյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]