1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյումրու և Վանաձորի պետական դրամատիկական թատրոնները և «Հորովել» անսամբլը հանդես կգան համատեղ ծրագրով

Գյումրու և Վանաձորի պետական դրամատիկական  թատրոնները և  «Հորովել» 
անսամբլը հանդես կգան համատեղ ծրագրով

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ, Գյումրու Վարդան Աճեմյանի և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական  թատրոնները և Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը հանդես կգան համտեղ ծրագրով: Համերգ-ներկայացումը տեղի կունենա մայիսի 17-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Թատերականացված համերգ–ներկայացման բեմադրիչներն են Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը, բեմանկարչությունը՝ Լուսինե Խաչատրյանի:

Շուրջ 60 տարվա ստեղծագործական տարեգրություն ունեցող  Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլը, հանրապետության այն եզակի անսամբլներից է, որը փորձում է պահպանել ու շարունակել իրական ազգային արժեքների տարածումը: Անսամբլի գեղարվեստական ղեկավարն է  Արմեն Ներսիսյանը, բալետմայստերը` Արայիկ Գևորգյանը, գործիքային մասի ղեկավարը` Էլմիրա Կռոյանը:

«Առաջին անգամ «Հորովել»-ի համերգին ներկա լինելուց հետո, զգացինք, թե ստեղծագործական ինչ մեծ ներուժ ունեցող կոլեկտիվ է, որի հետ կարելի է հետաքրքիր նախաձեռնություններով հանդես գալ, իսկ Գյումրու դրամատիկական թատրոնը միշտ համագործակցության ու նորարարությունների  համար բաց է: Ցանկություն հայտնեցինք համատեղ համերգ-ներկայացմամբ հանդես գալու և, քանի որ Վանաձարում է նաև մեր լավ բարեկամը՝ Վանաձորի պետական դրամատիկական  թատրոնը, խնդրեցինք թատրոնի գեղարվեստական ղեկավարին՝ Վահե Շահվերդյանին, որպեսզի իրենց թատրոնն էլ միանա: Այսպիսով, սա եղավ երկու թատրոնների և մեկ անսամբլի համատեղ համերգ-ներկայացում: Շատ կարևոր է այսօր խոսել ազգապահպանության մասին: Այս համատարած գլոբալացման ու անճաշակության մեջ կարևոր է պահել հայի դեմքը, չկորցնել հայի տեսակը, իսկ այս համերգ-ներկայացումը ազգապահպանության ևս մեկ կոչ է:Կարծում եմ, համերգ-ներկայացումից հետո հանդիսատեսը մտորելու բան կունենա: Սա զվարճանք կամ հերթական ներկայացումն ու համերգը չէ, այլ խրատական պատմություն է ազգապահպանության մասին: Ուրախ եմ, որ հանրապետության լավագույն երգի-պարի անսամբլներից մեկի հետ նմանատիպ ծրագիր ենք իրականացնում, ուրախ եմ նաև այն բաց ու պատրաստակամ վերաբերմունքի համար, որ նորարարության համար ցույց տվեց այս անսամբլը: Իսկ  Վանաձորի թատրոնն, ունենալով ստեղծագործական մեծ ներուժ, ունի ավելի մեծ ճանաչման կարիք: Ի ուրախություն բոլորիս, այս նախագիծը կարևորվեց, հաստատվեց և աջակցություն ստացավ ՀՀ մշակույթի նախարարության կողմից»,-  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը՝ իր հիացմունքը չթաքցնելով նաև Վանաձորի քաղաքապետարանի հանդեպ՝ ի դեմս քաղաքապետի և այն պատրաստակամ վերաբերմունքի, որը ցուցաբերում է Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը:

Հիմա երկու թատրոնները զուգահեռ իրականացնում  են փորձեր, իսկ ապրիլից ողջ կոլեկտիվը կմիանա և կսկսվի համատեղ փորձերի ընթացքը: «Սա նաև թատրոնների համետեղ նախագծի լավ փորձարարական գաղափար է: Գյումրու դրամտիկական թատրոնը միշտ բաց ու պատրաստակամ է այս առումով: Նման համագործակցությունը նոր շունչ է տալիս թատրոնին»,- նշեց Տիգրան Վիրաբյանը՝ հույս հայտնելով, որ չնայած որոշ տեխնիկական դժվարություններին, հանդիսատեսը կտեսնի նոր շունչ ու մշակութային իրական արժեք:

 Համերգ-ներկայացման վանաձորյան պրեմիերայից հետո նույն ծրագիրը կբեմադրվի ԼՂՀ-ում` Ստեփանակերտում« իսկ սեպտեմբերին` Գյումրիում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]