1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոչ ոք չի նույնացնում հանցագործին Ռուսաստանի հետ. Վաչե Գաբրիելյան

Ոչ ոք չի նույնացնում հանցագործին Ռուսաստանի հետ. Վաչե Գաբրիելյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Երևանի և Մոսկվայի հարաբերությունները շատ կառուցողական են և չնայած երկու երկրների երկխոսության մեջ երբեմն խնդիրներ ծագում են, դրանք բոլորը լուծվում են աշխատանքային մթնոլորտում: Անգամ ռուս զինվորի կողմից Գյումրիում հայկական ընտանիքի սպանությունը հասարակության շրջանում չի բերել ռուսատյացության աճին: Միևնույն ժամանակ մյուս հարևանների հետ՝ Թուրքիա և Ադրբեջան, Հայաստանը շարունակում է ունենալ ծայրահեղ լարված հարաբերություններ։ Եվ տեսանելի ապագայում իրավիճակը դժվար թե փոփոխվի, քանի որ ո՛չ Բաքվում, ո՛չ Անկարայում դրա համար չկա քաղաքական կամք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին Лента.ru-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Վաչե Գաբրիելյանը։ 

Գաբրիելյանը բարձր, դինամիկ և ռազմավարական է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները և նշել, որ դրանք կարևոր են մեր երկրի համար: «Այո, նաև Ռուսաստանի համար, իմ կարծիքով, դրանք ևս կարևոր են, քանի որ մեր տարածաշրջանում ներկայությունը Մոսկվայի համար ունի մեծ նշանակություն: Հիմնական հարցերի շուրջ մեր երկրների առաջնորդների մոտ առկա է լիակատար փոխըմբռնում»,- ասել է նա:   

Հարցին, դա նշանակում է, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև խնդիրներ ընդհանրապես չկան, ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ այդպես չի լինում: «Եթե հարաբերությունները կենդանի են, ապա ինչ որ խնդիրներ միշտ կան: Օրինակ, եթե խոսենք եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասին, ապա այստեղ խնդիրը Հայաստանի աշխարհագրական դիրքն է, որը թույլ չի տալիս միանգամից այդ տարածքի մաս դառնալ: Ասենք, կա Վերին Լարսի սահմանային անցակետը, սակայն մի շարք խնդիրների պատճառով նրա անցակետային հնարավորությունը խիստ սահմանափակված է: Սակայն դա լուծելի խնդիր է և մեր հիմնական խնդիրները հենց այդպիսի, լուծելի բնույթի են»,- շեշտել է Գաբրիելյանը:   

Լրագրողի հարցին, որքանով է Հայաստանի համար ցավալի այն, որ ՌԴ-ն Ադրբեջանին, զենք է վաճառում, մի պետության, որի հետ Հայաստանը չափազանց լարված հարաբերություններ ունի, Գաբրիելյանը պատասխանել է. «Հայաստանի համար դա շատ լուրջ հարց է։ Զենքը, որը Ռուսաստանը վաճառում է Ադրբեջանին, կարող է օգտագործվել մեր դեմ։ Հասկանալի է, որ Բաքուն, միևնույնն է, կգներ զենք, եթե ոչ Ռուսաստանից, ապա մեկ ուրիշից։ Մյուս կողմից, եթե Մոսկվան խորհրդակցեր մեզ հետ, թե ինչպիսի զենք վաճառել Ադրբեջանին, հայ հասարակությունն ավելի հանգիստ կվերաբերվեր այդ փաստին»։

ՀՀ փոխվարչապետի դիտարկմամբ` այժմ հասարակությունը դա ընկալում է այսպես՝ Ռուսաստանը, զենք վաճառելով Ադրբեջանին, ոչ բարեկամաբար է վարվում։ «Ժողովուրդը հարցնում է՝ ո՞վ է մեր դաշնակիցը։ Այս հարցը տալիս են և՛ պետական գործիչները, և՛ սովորական քաղաքացիները։ Այդ պատճառով էլ այդ թեմայի շուրջ խորհրդակցությունները շատ օգտակար կլինեն և կօգնեն թուլացնել խնդրի լարվածությունը»,- կարծիք է հայտնել ՀՀ փոխվարչապետը։

Եվս մեկ գործոն, որը կարող է սրել Մոսկվայի և Երևանի հարաբերությունները, Գյումրիի ողբերգությունն է։ Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից հայ ընտանիքի 7 անդամների սպանությունը ցնցել է ոչ միայն իր դաժանությամբ, այլև՝ անիմաստությամբ։ «Ես չեմ կարող խոսել այդ մասին, քանի որ հետաքննությունը դեռևս շարունակվում է։ Այդ հարցի շուրջ պաշտոնական տեղեկությունը ստացվում է միայն նրանցից, ովքեր անմիջականորեն զբաղվում են դրանով։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե որքանով կարող է Գյումրիում սպանությունն ազդել ռուս-հայկական հարաբերությունների վրա, ապա կարող եմ վստահեցնել՝ ոչ ոք չի նույնացնում հանցագործին Ռուսաստանի հետ։ Ռուսների հանդեպ վերաբերմունքը Հայաստանում շատ լավ է: Խնդիրն այլ է։ Սա Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ առաջին դեպքը չէ, թեև նախորդ դեպքերը քիչ դաժան և աղմկահարույց են եղել։ Քանի որ նման միջադեպեր պարբերաբար տեղի են ունենում, մարդկանց մոտ հարց է առաջանում՝ իսկ արդյո՞ք ամեն ինչ կարգին է այս բազայի հետ, արդյո՞ք ամեն ինչ ճիշտ է այնտեղ»,- ասել է Գաբրիելյանը։ Նրա կարծիքով՝ շարքային Պերմյակովի դատը ճիշտ կլիներ անցկացնել Հայաստանի տարածքում և անել այդ գործընթացը բաց, քանի որ դա սովորական հանցագործություն չէ, նրանում չափից շատ են անհասկանալի մասերը։ «Հասարակությունը պետք է իմանա պատահածի բոլոր մանրամասները, որպեսզի լուրեր և հորինվածքներ չառաջանան։ Այս տեսանկյունից դատը Հայաստանի տարածքում ճիշտ որոշում կլիներ»,- նշել է ՀՀ փոխվարչապետը:

Պատասխանելով լրագրողի՟ ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության և արձանագրված զոհերի վերաբերյալ հարցին՟ Գաբրիելյանը նշել է, որ այդ խնդիրը կապված է այն բանի հետ, ինչի մասին հայկական կողմն արդեն խոսել է՟ Ադրբեջանի կողմից զենք գնելու հետ: «Բաքուն մշտապես հակամարտության կրակի վրա յուղ է լցնում: Իսկ Հայաստանը չունի որևէ պատճառ՟ ռազմավարական, տնտեսական, քաղաքական, դրա սրման համար: Կարծում եմ, որ իսկական, լայնամասշտաբ պատերազմ չի լինի, քանի որ Ադրբեջանի համար այն կավարտվի պարտությամբ: Սակայն, միևնույն ժամանակ, Ադրբեջանին անհրաժեշտ է թշնամու կերպար: Դրանում են Ադրբեջանի ներկայիս իշխանությունները տեսնում ժողովրդի մոբիլիզացումն ու համախմբումը: Դրա համար էլ նրանք ցանկանում են Ղարաբաղի հետ սահմանին պահել մշտական լարվածություն»,- նկատել է ՀՀ փոխվարչապետը:

 Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՟ Վաչե Գաբրիելյանը նշել է, որ դրանք դեռևս ձևավորվում են ոչ լավ կերպով: «Անկարան հետաքրքրված չէ բանակցային գործընթացի վերսկսմամբ, և ես չեմ տեսնում իրավիճակի փոփոխման նախադրյալներ: Մենք բաց ենք երկխոսության համար, սակայն չենք գնա հարաբերությունների կարգավորման՟ ի հաշիվ մեր պատմության կորստի, ազգային ինքնության և Լեռնային Ղարաբաղի անվտանգության: Մենք չենք կարող  մոռանալ Ցեղասպանությունը: Նայել ապագային չի նշանակում մոռանալ անցյալը: Կարևոր է, որ նման բաներ այլևս չկրկնվեն»,- ասել է Վաչե Գաբրիելյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]