Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ցեղասպանությունների կանխարգելումը պետք է մշտապես լինի քաղաքակիրթ աշխարհի ուշադրության կենտրոնում

Ցեղասպանությունների կանխարգելումը պետք է մշտապես լինի քաղաքակիրթ 
աշխարհի ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովի շրջանակներում հանդես է եկել ելույթով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարն իր խոսքում նշել է.

«Հայաստանի Ազգային ժողովի հարգելի պարոն նախագահ,

Եվրոպայի տարածաշրջանի պատվիրակության պարոն ղեկավար,

Տիկնայք և պարոնայք խորհրդարանական սեկցիաների նախագահներ,

Տիկնայք և պարոնայք խորհրդարանականներ,

Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ նախևառաջ ողջունել ձեզ Հայաստանում՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովի կապակցությամբ:

Ֆրանկոֆոնիայի այս կարևոր ժողովի անցկացումը Հայաստանում, հիրավի, վկայում է Հայաստանը Ֆրանկոֆոնիային կապող ինստիտուցիոնալ հարաբերությունների կարևորության մասին:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին Հայաստանի Ազգային ժողովի լիիրավ անդամակցությամբ Հայաստանը ևս մեկ անգամ հաստատեց իր նվիրվածությունը ֆրանկոֆոն մեծ ընտանիքին:

Ֆրանկոֆոնիան հայ հասարակության մեջ արմատավորելու Հայաստանի ցանկությունը դրսևորվում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցով, որն ամեն տարի կազմակերպվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ, և դարձել է Հայաստանում ֆրանկոֆոն մշակույթին նվիրված կարևոր իրադարձություն: Այս տարի շուրջ երկու ամիս շարունակ Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպվելու են ավելի քան 550 միջոցառումներ, ինչը Հայաստանում ֆրանկոֆոն մեծ ակտիվության վկայությունն է:

2015թ. իսկապես առանձնահատուկ տարի կլինի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի համար. ս.թ. հոկտեմբերի 30-ից 31-ը Երևանում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովը: Ֆրանկոֆոնիայի ղեկավար մարմնի այս հերթական հանդիպումը բացառիկ միջոցառում է լինելու մեր երկրի համար: Մենք ուրախ կլինենք այս առիթով հյուրընկալելու նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին:

Տիկնայք և պարոնայք,

Համաժողովի բացումից անմիջապես առաջ ձեր այցելությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ձեր կողմից ծաղկեպսակի զետեղումը հիրավի խորհրդանշական է:  Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության իրագործումից անցել է 100 տարի, սակայն ցեղասպանությունների կանխարգելման դեմ պայքարը շարունակում է լինել հրամայական:

Ցեղասպանությունների դարաշրջանը անցած իրողություն չէ: Կանխարգելումը պետք է մշտապես լինի քաղաքակիրթ աշխարհի մշտական ուշադրության կենտրոնում և համախմբի նրա բոլոր ջանքերը՝ չստորադասելու այս վեհ մարդասիրական գործը աշխարհաքաղաքական որևէ հաշվարկների:

20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը բարոյական պատասխանատվություն է զգում՝ աջակցելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին: Մենք ակտիվորեն գործում ենք և հետագայում ևս շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ: Այս համատեքստում, կարևոր է ընդգծել, որ մի քանի օր առաջ՝ մարտի 27-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնած և 64 պետությունների կողմից համահեղինակած՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը:

Տիկնայք և պարոնայք,

Հակամարտությունները և ճգնաժամերը, որոնք ուղեկցվում են մարդու իրավունքների ոտնահարմամբ, շարունակում են վտանգել ֆրանկոֆոն տարածքի որոշ տարածաշրջանների կայունությունը: Մենք առավել քան երբևէ արժևորում ենք Ֆրանկոֆոնիայի դերակատարությունը՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության: Կազմակերպության ներգրավվածությունը մեր հիմնարար արժեքների տարածման և հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման գործում նշանակալի ձեռքբերում է:

Այս համատեքստում, և ի պատասխան Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի նախաձեռնությանը՝ հօգուտ մեր Կազմակերպության անդամ երկրների միասնական ներգրավվածության ապահովման՝ կցանկանայի տեղեկացնել, որ Հայաստանը դիտարկում է ֆրանսիական զորախմբի կազմում աֆրիկյան մայրցամաքում իրականացվող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին իր հնարավոր մասնակցությունը բերելու հարցը։

Տիկնայք և պարոնայք,

Մենք բոլորս նաև գիտակցում ենք, որ անհրաժեշտ է համախմբվել ընդդեմ ահաբեկչության արհավիրքի, որը վտանգում է խաղաղությունը և անվտանգությունը աշխարհի տարբեր տարածաշրջաններում և ոտնահարում է մարդասիրական արժեքները: Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է ֆրանկոֆոն ընտանիքի բոլոր անդամների միասնականությունը:

Որտեղ էլ որ ահաբեկչությունը գլուխ բարձրացնի, այն ամենուր հանդես է գալիս բարբարոսության նույն կերպարով: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Սիրիայի Դեյր Զոր քաղաքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու՝ վերջերս տեղի ունեցած ավերումn ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող բազմաթիվ ստոր գործողություններից մեկն է:

Տիկնայք և պարոնայք,

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ցանկանում եմ ձեզ հետ կիսել մեր խորին մտահոգությունը՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի առնչությամբ, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետևանքով: Դժբախտաբար, Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվեց բարձրաստիճան հանդիպումների ընթացքում ստանձնած իր հանձնառություններից՝ հանգուցալուծելու այս հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, և դիմեց իրավիճակը առավել սրելուն ուղղված հանցավոր սադրանքների:

Դակարի գագաթաժողովը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովներն ամրագրել են մեր Կազմակերպության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, և կոչ արել ձեռնպահ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից և բանակցությունների համար հիմք ընդունել Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները՝ որպես մեկ միասնական ամբողջություն, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման միջազգային իրավունքի սկզբունքները՝ որպես հակամարտության հավասարակշիռ և տևական կարգավորման հիմք:

Չնայած Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի տապալմանն ուղղված քայլերին՝ Հայաստանը` միջազգային հանրության հետ համատեղ, շարունակելու է ջանքերն` ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Տիկնայք և պարոնայք,

Որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ քննարկումների ծավալման, առաջարկների ներկայացման և տեղեկատվության փոխանակման հարթակ՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը շարունակում է լինել ժողովրդավարության, իրավական պետության և մարդու իրավունքների խրախուսման, ինչպես նաև խորհրդարանական կառույցների միջև համերաշխության ջատագովներից մեկը: Մենք մեծապես կարևորում ենք ֆրանկոֆոն երկրների խորհրդարանների միջև համագործակցության ներուժը և աշխարհում խորհրդարանական դիվանագիտության դերը:

Տիկնայք և պարոնայք,

Մաղթում եմ հաջողություն ձեր համաժողովի աշխատանքներին»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]