Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀԲԸՄ-ն ուշադրության կենտրոնում է պահում ՀՀ ռազմակրթական համակարգի զարգացմանն ուղղված ծրագրերը

ՀԲԸՄ-ն ուշադրության կենտրոնում է պահում ՀՀ ռազմակրթական համակարգի 
զարգացմանն ուղղված ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 31-ին հյուրընկալվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության պատվիրակները՝ կազմակերպության ղեկավար Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ: Հայաստանում ու Արցախում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերի շնորհիվ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը յուրօրինակ կամուրջ է դարձել Մայր Հայրենիքի և Սփյուռքի միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ կամրջի առավել սերտացմանն էլ նվիրված է եղել ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպված հանդիսավոր ընդունելությունը, որն մասնակցել են պատվիրակներ ավելի քան 23 երկրներից:

Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը: Ընդգծվել է, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր ազգապահպան ու հայրենանվեր գործունեությամբ 20-րդ դարասկզբից ի վեր շարունակում է մնալ բարեգործական, կրթամշակութային ու հասարակական գործունեության ծավալման դրոշակակիրը:

Կարևորելով Սփյուռքի աջակցությունը բանակաշինությանը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավար Պերճ Սեդրակյանն իր խոսքում համառոտ անդրադարձել է Միության ծավալած գործունեության առանցքային ուղղություններին և փաստել, որ կազմակերպության ուշադրության կենտրոնում են գտնվում հատկապես ՀՀ ռազմակրթական համակարգի առավել զարգացմանը միտված ծրագրերը:

Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ Հայրենիք-Սփյուռք համերաշխությունն ու միասնականությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրերին է ներկայացրել Հայկական բանակում ընթացող բարեփոխումներն ու բանակաշինությանը Սփյուռքի կառույցների օժանդակության ուղիները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խորին երախտագիտությունն է հայտնել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը Հայաստանին և ՀՀ զինված ուժերին շարունակաբար աջակցելու համար: Սեյրան Օհանյանը պատասխանել է նաև հյուրերին հետաքրքրող հարցերին և հավաստիացրել, որ հայոց բանակն այսօր ի վիճակի է կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները՝ արժանի հակահարված հասցնելով հառակորդի ցանկացած ոտնձգությանը:

Միջոցառման ավարտին, ի գնահատումն հայապահպան և ազգանվեր գործունեության, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայկական բարեգործական ընդհանուր միությանը պարգևատրել է ՀՀ զինված ուժերի զինանշանով: ՀԲԸՄ ղեկավար Պերճ Սեդրակյանի հրամանով էլ Սեյրան Օհանյանը պարգևատրվել է միության ոսկե մեդալով:

ՀԲԸՄ պատվիրակների այցելության շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրի շարահրապարակում կազմակերպվել են Հայկական բանակի տարբեր ստորաբաժանումների արհեստավարժությունն ու մասնագիտական հմտությունները ներկայացնող ցուցադրական ելույթներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]