Բուխարեստում հայկական ազգային նվագարանների կատարմամբ ներկայացվել են Կոմիտասի ստեղծագործությունները
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուխարեստի ռադիոտան դահլիճում մարտի 26-ին կայացել է «Գյուրջիև» ժողովրդական նվագարանների նվագախմբի համերգը, որը կազմակերպվել է «Օկտավա» ասոցացիայի ջանքերով և Ռումինիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ: Համերգին ներկա են եղել տասնյակ երկրների դեսպաններ և դիվանագետներ, Ռումինիայի կառավարության, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Լևոն Էսքենյանի գեղարվեստական ղեկավարությամբ «Գյուրջիև» նվագախումը հայկական ազգային նվագարանների կատարմամբ ներկայացրել է Կոմիտասի և Գուրջիևի ստեղծագործությունները «Music of I. Gurdjieff» ալբոմից, որը լավագույնն է ճանաչվել «Edison Jazz/2012 World» մրցանակաբաշխությունում:
Հայկական խմբի ելույթը լայնորեն լուսաբանվել է ռումինական լրատվամիջոցներով: Նախապես հրապարակվել են հոդվածներ և հարցազրույցներ գեղարվեստական ղեկավարի և կազմակերպիչների հետ, որոնցում ներկայացնելով Գեորգի Գյուրջիևի և Կոմիտասի կյանքն ու գործունեությունը` անդրադարձ է կատարվոel Հայոց ցեղասպանությանը: Մասնավորապես, «Observator Cultural»-ն անդրադարձել է 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և այդ առթիվ Երևանում Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի հիմնադրմանը: Համերգի մասին ռեպորտաժ և հարցազրույցներ են տեղ գտել նաև Ռումինական «TVR» հանրային հեռուստատեսության եթերում:
Կոմիտասի ճակատագրին ու Հայոց ցեղասպանությանն անդրադարձ է կատարվել նաև համերգի նախօրեին Բուխարեստի Երաժշտության ազգային համալսարանում «Գյուրջիևի» գեղարվեստական ղեկավար Լևոն Էսքենյանի դասախոսության ժամանակ: Էսքենյանը լսարանին է ներկայացրել հայկական ժողովրդական մեղեդիների ակունքները և դրանց բացահայտման մեջ Կոմիտասի դերը: Դասախոսությունն ուղեկցվել է Կոմիտասի ձայնագրություններով, ինչպես նաև դուդուկի և դաշնամուրի կենդանի կատարումներով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում