1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նյուրնբերգի թատրոնի միջազգային մրցույթում լավագույնն է ճանաչվել Կարինե Խոդիկյանի դրաման

Նյուրնբերգի թատրոնի միջազգային մրցույթում լավագույնն է ճանաչվել Կարինե 
Խոդիկյանի  դրաման

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ երեք դրամատուրգների ձայնը կհնչի Նյուրնբերգի պետական թատրոնում: Մարտի 31-ին ամփոփվեցին «Խոսելով սահմանների մասին» խորագիրը կրող թատերախաղի միջազգային ամենամյա մրցույթի արդյունքները: Մրցույթը Նյուրնբերգի պետական թատրոնի թատերական-գրական նախագիծն է, որն արևելաեվրոպական երկրների հեղինակներին հրավիրում է բանավիճելու «Կյանքի հանդեպ վերաբերմունքը քաղաքական փոփոխությունների ժամանակաշրջանում» թեմայի շուրջ: «Ամեն տարի մրցույթի անցկացման համար մեկ երկիր է ընտրվում: Այս տարիˋ իր տասներորդ հոբելյանական տարում, այն իրականացվում է Հայաստանում: Եվ դա շատ լավ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ծրագրի նախաձեռնող, գերմանացի ռեժիսոր Քրիստիան Պապկենˋ միաժամանակ հավելելով, որ իրենք հրաշալի տեքստեր են ստացել:

Անանունության սկզբունքով անցկացված հայաստանյան մրցույթում ներկայացված 13 աշխատանքներից լավագույն դրամա  է ճանաչվել արձակագիր, դրամատուրգ և հրապարակախոս Կարինե Խոդիկյանի «2 պատմություն 5 դերասանի համար» գործը: ՀՀ մշակույթի նախարարության սահմանած խրախուսական մրցանակներին արժանացան Անուշ Քոչարյանը («Տարին առանց ամռան») և Սամվել Մարտիրոսյանը («Սահմանագիծˋ ոտքերի արանքում»): «Այս պիեսներից բավական շատ բան եմ սովորել Հայոց պատմության մասին: Սակայն հաղթող աշխատանքը պատմական դրվագներ և Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաներ չի պարունակում: Այլ հեղինակը գեղարվեստական արտահայտչամիջոցներով փորձել է ներկայացնել հայկական հոգեկերտվածքը», - ասաց մրցույթի ժյուրիի անդամ Քլաուս Քուզենբերգը: Նրա խոսքովˋ դրամայի լեզուն հստակ և հումորային է, և ցանկացած դերասանական խմբի համար հրաշալի խնդիր կլինի բեմականացնել այս գործը: Գերմանացի մտավորականների գնահատմամբˋ յուրաքանչյուր երկրում մրցույթի ընթացքում որևէ առանցքային թեմա է վեր հանվում, սակայն Հայաստանն աչքի  է ընկել նրանով, որ ներկայացված գործերը բազմաբնույթ էին, և հայտերի մեջ մեկ կենտրոնական, առանցքային թեմա չի առանձնացվել: 

Ժյուրիի անդամներից թատերագետ Արա Խզմալյանն էլ նկատեց, որ հայ դրամատուրգները պետք է սովորեն ավելի ազատ նայել աշխարհին, ազատվեն պատմությունը դրամատուրգիայի միջոցով ներկայացնելու միտումից: «Դրամատուրգիան առաջին հերթին մարդու և մարդկայինի մասին զրույցի վայր է»,-  ասաց նա:

Հայաստանում նախագիծը մեկնարկել է 2014 թվականի աշնանը: Այն իրականացնում է Նյուրնբերգի պետական թատրոնըˋ համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ: Առաջին տեղը զբաղեցրած թատերախաղն արժանանալու է 3500 եվրո պարգևավճարի, իսկ պիեսը թարգմանվելու է գերմաներեն և բեմադրության համար փոխանցվելու մի շարք հայտնի գերմանալեզու թատրոնների: Պիեսի առաջնախաղը տեղի կունենա Նյուրնբերգի պետական թատրոնումˋ գալիք խաղաշրջանի ընթացքում, գերմանացի դերասանների կատարմամբ և հայտնի ռեժիսոր Պատրիցիա Բենեքի բեմադրությամբ: Իսկ խրախուսական մրցանակների արժանացած հեղինակները կստանան 1250-ական եվրո պարգևավճար, նրանց գործերը կդիտարկվեն Նյուրնբերգյան թատրոնում բեմադրվելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]