Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

IDeA-ի նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ-ում բացվել է «Մեծ Հաղթանակի ուղիներով» ցուցահանդեսը

IDeA-ի նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ-ում բացվել է «Մեծ Հաղթանակի ուղիներով» 
ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովում մարտի 31-ին բացվել է «Մեծ Հաղթանակի ուղիներով» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ազգային ժողովի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից: Բացմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը, պատգամավորներ, հրավիրյալներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) հանրային կապերի բաժնից, ցուցադրված կտավներն ընտրվել են գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի եւ Վլադիմիր Նեկրասովի կողմից  «То Armenia whit Arts» հիմնադրամին նվիրաբերված գեղանկարների հավաքածուից: IDeA հիմնադրամը նպատակ ունի տարբեր ցուցադրությունների միջոցով Հայաստանի հանրությանը ներկայացնել հավաքածուն:

«Մեծ Հաղթանակի ուղիներով» ցուցահանդեսի համար հավաքածուից ընտրվել է հայ եւ ռուս 11 հեղինակի 15 կտավ, որոնցում ներկայացված է պատերազմի, հաղթանակի եւ խաղաղության թեմատիկան:

«Ցուցահանդեսը նվիրված է հաղթանակի 70-ամյակին, սակայն այն ավելին է, քան պարզապես ցուցահանդեսը: Հաղթանակի 70-ամյակին նվիրված յուրաքանչյուր նախաձեռնություն իր մեջ նաեւ կանխարգելիչ ուղերձ ունի: Այս ստեղծագործությունները պատերազմի տարեգրությունն են, հերոսության, հայրենասիրության, նվիրումի տարեգրություն, միաժամանակ ձոն` խաղաղությանը: Ցուցահանդեսի կազմակերպման հարցում համագործակցության համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամին և բարերարներին, ովքեր իրենց անձնական հավաքածուներից տրամադրել են այս կտավները»,- իր խոսքում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն իր խոսքում նկատել է, որ արվեստը հաճախ օգնում է ավելի լավ հասկանալ անցյալի իրադարձությունները: «Հաճախ նկարչի վրձինն ավելի պերճախոս է, քան ցանկացած խոսք, եւ կտավների միջոցով ավելի լավ ենք հասկանում այդ ժամանակաշրջանում մարդկանց զգացմունքները, զգացողություններն  ու ապրումները: Շնորհակալ եմ կազմակերպիչներին այս հրաշալի ցուցադրության համար, եւ կցանկանայի Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդներին շնորհավորել Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ»,- նշել է Սերգեյ Նարիշկինը:

IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանի խոսքով, հիմնադրամը  նախաձեռնել է հայ և ռուս գեղանկարիչների աշխատանքների ցուցադրությունը, ինչը հնարավորություն կտա վերհիշել մեր ժողովուրդների ընդհանուր անցյալի դժվարին, բայց հաղթական էջերը: «Հիմնադրամը մտադիր է բարերարների հավաքածուն ներկայացնել հանրությանը՝ տարբեր ցուցադրությունների, այդ թվում՝ մարզերում կազմակերպվելիք ցուցահանդեսների միջոցով: Սա հավաքածուի մասը կազմող կտավների առաջին ցուցադրություն է եւ, կարծում ենք, հետաքրքիր կլինի ծանոթանալ խորհրդային արվեստի այս բավականին հետաքրքիր շրջանի գործերին: IDeA հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բարերարներ Ռուբեն Վարդանյանին, Վլադիմիր Ավետիսյանին և Վլադիմիր Նեկրասովին՝ այս գեղեցիկ նախաձեռնության իրագործման համար»,-նշել է Արմեն Գևորգյանը:

Գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի և Վլադիմիր Նեկրասովի կողմից  «То Armenia with Arts» հիմնադրամին նվիրաբերված  գեղանկարների հավաքածուն 100 կտավ է ներառում: Գործերի հեղինակները խորհրդային շրջանի շուրջ երեք տասնյակ գեղանկարիչներ են, այդ թվում՝ սոցռեալիզմի հայտնի ներկայացուցիչներ, որոնց աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ համամիութենական եւ միջազգային ցուցահանդեսներում: Հավաքածուի մեջ ընդգրկված են  նաեւ տարբեր ժանրեր ներկայացնող աշխատանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]