Արթուր Ջանիբեկյանը կգլխավորի «Գազպրոմ-Մեդիա»-ի ժամանցային հեռուստաալիքների խումբը
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ-Մեդիա Հոլդինգ»-ում ստեղծվելու է հոլդինգի ժամանցային հեռուստաալիքները միավորող խումբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը:
«Հոլդինգի ժամանցային հեռուստաալիքները՝ ՏՆՏ-ն, ՏՎ-3-ը, ՊՅԱՏՆԻՑԱ!-ն եւ 2x2-ը, կմիավորվեն ժամանցային ՏՎ խմբում: Հեռուստաալիքների ինտեգրացումը թույլ կտա բարձրացնել հոլդինգի հեռուստատեսային ակտիվների օպերացիոն կառավարման արդյունավետությունը: Խումբը կգլխավորի Արթուր Ջանիբեկյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Արթուր Ջանիբեկյանը ծնվել է 1976 թվականի փետրվարի 29-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի պետհամալսարանին առընթեր ֆիզիկա-մաթեմատիկական հատուկ դպրոցը եւ բարձրագույն կրթություն ստացել պետհամալսարանի տնտեսական կիբեռնետիկայի ֆակուլտետում:
Ջանիբեկյանը պրոդյուսերի պաշտոն է զբաղեցրել «Ռուսական ռադիո»-ում եւ ՍՏՍ հեռուստաալիքում: 2003 թվականին ՈՒՀԱ-ի իր ընկերների հետ միասին հիմնել է Comedy Club ակումբային շոուն:
2011 թվականից Արթուր Ջանիբեկյանը Comedy Club Production-ի գլխավոր տնօրենն է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում