Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«2 քայլ, 1 րոպե` հանուն 1,5 միլիոնի» ակցիայի հաջորդ հասցեատերը Գերմանիան է. կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«2 քայլ, 1 րոպե` հանուն 1,5 միլիոնի» ակցիայի հաջորդ հասցեատերը Գերմանիան է. 
կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը չճանաչած երկրները մինչև ապրիլի 24-ը Հայաստանից և աշխարհի տարբեր կողմերից կոչ-նամակներ կստանան: «2 քայլ, 1 րոպե` հանուն 1,5 միլիոնի» ակցիայով հայ երիտասարդներն ու նրանց միացած օտարազգիներն արդեն Էստոնիայի բարձրաստիճան ղեկավարությանը հիշեցրել են 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճրի` Հայոց ցեղասպանության մասին` կոչ անելով ճանաչել եւ դատապարտել այն: Կոչ-նամակների երկրորդ հասցեատորը Գերմանիան է: Ակցիան նախաձեռնել են «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ն և Երիտասարդ առաջնորդների դպրոցը` Ամերիկայի հայկական համագումարի աջակցությամբ:

«Արմենպրես»-ը զրուցեց պատմական գիտությունների թեկնածու-դոցենտ, ԵՊՀ դասախոս, «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա»-ի նախագահ Լիլիթ Մկրտչյանի հետ: «Արդյունքները բավականին մեծ են, մեկնարկը տվել ենք երկուշաբթի` մարտի 23-ին, մասնակցում են տարբեր սեռի, տարիքի ներկայացուցիչներ, անգամ ազգություն չի ճանաչում ակցիան: Մենք մեծ թվով ընկերներ ունենք դրսում, ովքեր մեծ սիրով մասնակցում են ակցիային և իրենց կոչն ուղղել են այս պարագայում Էստոնիայի կառավարությանը, վարչապետին: Ամեն շաբաթ մեկ երկրի մեկնարկ ենք տալու, վերջին երկու շաբաթը` նամակներով «ռմբակոծելու» համար կթողնենք Թուրքիային»,-ասաց Լիլիթ Մկրտչյանը` հավելելով, որ ակցիային միացել են մեծ թվով դպրոցականներ:

Միջոցառման համակազմակերպչի խոսքով` նամակ-կոչի առաջին մասը պարունակում է շնորհակալական խոսք տվյալ երկրի այն երախտավորներին, ովքեր այս կամ այն կերպ աջացել են Հայոց ցեղասպանությունից փրկվածներին:

«Այն ավելի շատ առաջադեմ հասարակության ներկայացուցչի կոչ է, քաղաքական երանգներ չունի: Մարդ, ով ապրում է մարդկային հոգսերով ու այդ ամենի կրողն է, կոչով ասում է, որ այսօր, աչք փակելով 20-րդ դարի առաջին ցեղասպանության վրա, մենք դատապարտված ենք ամեն ինչ նորից կրկնել»,-նշեց պատմաբանը:

«Ինչ արդյունքներ եք ակնկալում ակցիայի ավարտին» հարցին ի պատասխան` Լիլիթ Մկրտչյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացումն արդեն մեծ ձեռքբերում կլինի:

«Այս պահին շատ լավ հասկանում ենք, որ ճանաչումը քաղաքական գործընթաց է, բայց գոնե մեկ հոդված, մի տեսահոլովակ հրապարակեն, երբ մարդիկ սկսեն այս մասին խոսել, մի ցուցահանդես կազմակերպեն, մի գիտաժողով, մի բանաձև ընդունեն, առհասարակ Հայոց ցեղասպանության մասին խոսեն, դա արդեն արդյունք կլինի: Այսօր սաներս պատմում էին, որ իրենց ընկերներին ուղարկել են նամակներ, նրանք խիստ զարմացել են ու նշել, որ առաջին անգամ են լսում Հայոց ցեղասպանության մասին: Գոնե հետաքրքրություն մարդկության մեջ կառաջանա ու նրանք կսկսեն խոսել ու մտածել այդ մասին, աշխարհայացքի ու աշխարհընկալման առումով փոփոխություն կլինի»,-շեշտեց Լիլիթ Մկրտչյանը: Նա զրույցը եզրափակեց  հետևյալ խոսքերով. «Ծովը կաթիլներից է բաղկացած»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]