Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արտավազդ». Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ Արման Նավասարդյանը

«Արտավազդ». Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ Արման 
Նավասարդյանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ն այս տարի ևս նշանավորվեց «Արտավազդ» մրցանականակաբաշխության անցկացմամբ: Ամենամյա թատերական տոնը միջազգային օրվան նվիրված միջոցառումների գագաթնակետն էր: «Արտավազդ»-ն այս տարի նվիրված էր սիրված դերասան Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին: Այդ առթիվ ցուցադրվեց Սարգսյանին նվիրված փոքրիկ տեսաֆիլմ:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը շնորհավորեց մրցանակաբաշխության մասնակիցներին Թատրոնի միջազգային օրվա առթիվ:

«Մեծ երջանկություն է, որ կա այս օրը: Այդ օրն ամբողջ աշխարհում խոսվում է թատրոնի, նրա խնդիրների, ձեռքբերումների, անցյալի և ապագայի մասին: Այս տարին էլ բացառություն չէր: Այս տարվա մրցանակաբաշխությունը մի փոքր առանձնահատուկ էր, որովհետև մեր մարզային թատրոնները հնարավորություն ունեցան հանդես գալ Երևանում: Արդյունքում տեղի ունեցան քննարկումներ և վերլուծություններ նրանց խնդիրների շուրջ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Ղազանչյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ՀՀ մշակույթի նախարարությանն աջակցության համար:

Մրցանակաբաշխության մեկնարկին Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ Արման Նավասարդյանը (Համազգային թատրոն): «Արտավազդ» մրցանակ տրվեց մի շարք անվանակարգերում: Լավագույն երիտասարդ դերասանուհի անվանակարգում հաղթեցին Սիրանուշ Լազյանը «Գիշեր Երզնկայի վրա» (Պատանի հանդիսատեսի թատրոն), Անի Ղազարյանը «Լյու-Բոֆ» (Համազգային թատրոն):

Լավագույն երիտասարդ դերասան անվանակարգում՝ Նարեկ Հայկազյանը «Դեպք մետրոյում» (Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոն) և Արմեն Քուշկյանը «Ապուշը» (Ազատ բեմ):

Լավագույն երիտասարդ բեմադրիչ կոչմանն արժանացավ Նարինե Գրիգորյանը՝ («Լյու-Բոֆ», Համազգային թատրոն): Լավագույն երիտասարդական ներկայացում ճանաչվեց «Թմբկաբերդի առումը», բեմադրությունը՝ Զառա Անտոնյանի (ԵԹԿՊԻ):

Լավագույն սցենոգրաֆիա անվանակարգում հաղթեց Անդրանիկ Հարությունյանի «Սիրելի Պամելա»-ն (Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն):

Երաժշտության լավագույն հեղինակ անվանակարգում Արթուր Մանուկյանը՝ «12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում» ներկայացման երաժշտության համար (Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն):

Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար ճանաչվեց Լոլիտա Բուկիան «…Ինչպես Աստվածները» ներկայացմամբ (Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն):  Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար՝ Հայկ Թորոսյանը՝ «Աշնանային իրիկնամուտ» ներկայացման համար (Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոն):

Լավագույն կին դերակատար անվանակարգում ևս երկու հաղթող եղավ: Հաղթեցին Ռուզան Գասպարյանը՝ «Չորս պատճառ ամուսնության համար» (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն) և Լուիզա Ներսիսյանը՝ «Ամնեզիա» ներկայացման համար (Կամերային թատրոն):

Լավագույն տղամարդ դերակատար անվանակարգում հաղթեցին Կարեն Քոչարյանը «Ինչպե՞ս են մարդ դառնում» (Կ. Ս. Ստանիսլավսկու անվան թատրոն) և Վիգեն Ստեփանյանը («Լիր» Հայ-վրացական նախագիծ) ներկայացումների համար:

Լավագույն ռեժիսուրան կատարել է Գրիգոր Խաչատրյանը («12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում», Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն):

Լավագույն ներկայացում ճանաչվեց «Սիրելի Պամելա»-ն (Մալյանի անվան կինոդերասանի թատրոն):

Հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ: ՀԹԳՄ Ոսկե մեդալին արժանացան Լևոն Մութաֆյանը, Արթուր Կարապետյանը, իսկ Սամվել Ղազարյանը (Արտաշատ), Գայանե Հովհաննիսյանը (Աբովյան), Ջեմմա Ադամյանը (Կապան), Սուսաննա Սարգսյանը (Գավառ) ՀԹԳՄ պատվոգրի:

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին: Սկզբում ունենալով միայն մեկ անվանակարգ` «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար»: Մրցանակաբաշխությունը 2008-ից անցկացվում է մեծ շուքով: «Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27-ին կամ դրա նախօրեին` մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչև մրցանակաբաշխության տարվա մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում առավել աչքի ընկած թատերական աշխատանքներն ստեղծողներին: Մրցանակաբաշխության համար կազմվել էր 7 մարդուց բաղկացած փորձագետների խումբ հետևյալ կազմով՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյան, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյան, արվեստաբան Էմանվել Արաքսման-Մանուկյան, բեմադրիչ Լուսինե Երնջակյան, բեմանկարիչ Մերի Սարգսյան, թատերագետ, արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյան-Արծրունի, գրականագետ, թարգմանիչ Մարինա Մարինոսյան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am