Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գեղարքունիքում տրվեց Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումերի մեկնարկը

Գեղարքունիքում տրվեց Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումերի մեկնարկը

ԳԱՎԱՌ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի մեկնարկը տրվեց մարտի 28-ին, Գավառի քաղաքային գրադարանում: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառումը կրում էր «Չսպիացած վերքեր. հիշում ենք եւ պահանջում» խորագիրը: Միջոցառմանը մասնակցում էին Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը, Արցախյան ազատամարտի մասնակից, գրող Հովհաննես Միրիբյանը, գրադարանի ընթերցողներ, մտավորականներ, Մեծ եղեռնը վերապրած եւ Նոր Բայազետ /Գավառ/ քաղաքում հաստատված հայերի զավակները կամ թոռները, ովքեր ներկայացրին իրենց հայրերի կամ պապերի ու տատերի հուշերը, պահպանված մասունքները:

Ինչպես ներկայացրեց գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը, Գավառ քաղաքի բնակիչներ Արայիկ Գեւորգյանը, Տիգրան Կարապետյանը, Հենրիկ Ավետիսյանը, Էլյա Բաղդասարյանը, Սամվել Մելքոնյանը եւ Սանվել Ցոգոլակյանը պատմել են իրենց լուսահոգի նախնիների հոգեցունց հուշերը, որոնք իրենց մեջ կրում են Մեծ եղեռնի ողջ սարսափները: Այդ հուշերն արդեն ամփոփված են Ալվարդ Մանուկյանի հեղինակած «Մեծ եղեռնի ցավը՝ Գավառցիների սրտում» տեսաֆիլմում, որը եւ ներկայացվեց միջոցառման մասնակիցներին: Ապա ներկաների հետ իրենց տպավորությունները ու հուշերը փոխանցեցին Մեծ եղեռնը վերապրածների սերունդները՝ նշելով, որ հազար տարի անց էլ այդ չփակված վերքը ցավ է տալու ապրողներին: «Ամեն անգամ, երբ իմ հայր Մխիթարը պատմում էր իր գերդաստանի եղեռնումը, աչքերից արցունքի հեղեղ էր գնում»-պատմեց Սամվել Մելքոնյանը: «Իմ հորը զորավար Անդրանիկն է փրկել, բերել ու սածիլել Նոր Բայազետում»,- պատմեց Էլյա Բաղդասարյանը: Իսկ Տիգրան Կարապետյանը ցույց տվեց այն փաստաթղթերը, որոնք վկայում են իր տատի՝ Ալաշկերտում ունեցած հողի եւ բնակարանի սեփականության մասին:

«Մենք առաջիկայում անցկացնելու ենք եւս երկու միջոցառում՝ նվիրված Անրի Վեռնոյին եւ Պարույր Սեւակի «Եռաձայն պատարագ» պոեմին»,- միջոցառման ավարտին հայտնեց Նարինե Նանագուլյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]