Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վահե Էնֆիաջյանը հնարավոր է համարում ԲՀԿ-ի և Տիգրան Ուրիխանյանի համագործակցությունը

Վահե Էնֆիաջյանը հնարավոր է համարում ԲՀԿ-ի և Տիգրան Ուրիխանյանի  
համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հարգանքով է վերաբերում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալու որոշմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վահե Էնֆիաջյանն ընդգծեց, որ ընդհանրապես հարգանքով է վերաբերում բոլոր այն պատգամավորների որոշմանը, ովքեր ԲՀԿ-ից դուրս գալու դիմում են ներկայացրել: «Տիգրան Ուրիխանյանի պարագայում միայն կարող եմ ավելացնել, որ ի տարբերություն մնացած գործիչների, նրան շատ ավելի երկար տարիներ եմ ճանաչում, երկար տարիներ միասին գործունեություն ենք ծավալել, բայց ես, միևնույն ժամանակ, հարգանքով եմ վերաբերում նրա որոշմանը: Տիգրան Ուրիխանյանն էլ հայտարարություն է տարածել, և ես որևէ ձևով չեմ ցանկանում մեկնաբանել նրա հայտարարությունը: Եթե ավելի մանրամասներ կան, որ ձեզ հետաքրքրում են, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի հենց Ուրիխանյանին դիմեք»,- նշեց Էնֆիաջյանը:

Հարցին, թե Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը ԲՀԿ-ի հետ, իսկ ԲՀԿ-ն համագործակցության եզրեր նրա հետ տեսնում է, Էնֆիաջյանը պատասխանեց. «Այո, իհարկե: Առհասարակ, ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել յուրաքանչյուր անհատի հետ, ում գաղափարները նպաստ կբերեն մեր ժողովրդին ու մեր պետականությանը»:

Հարցին, թե ԲՀԿ-ում տեղյակ են եղել, որ Ուրիխանյանը ցանկանում է լքել կուսակցությունը, Էնֆիաջյանն ընդգծեց, որ տեղյակ են եղել այնքանով, որքանով այդ մասին գրել է մամուլը: Վահե էնֆիաջյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ հարգանքով է վերաբերում Ուրիխանյանի որոշմանը՝ վստահեցնելով, որ Տիգրան Ուրիխանյանի հետ լավ հարաբերությունները պահպանվել են:

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրերս հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր այն մասին, որ այլևս նպատակահարմար չի համարում ԲՀԿ-ին իր անդամակցությունը և լքում է կուսակցությունը: Ուրիխանյանը հայտարարել էր, որ ինքը սկսում է «Քաղաքացիական շտաբ»-ի ձևավորման աշխատանքները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համագործակցությունը ԲՀԿ-ական գործընկերների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]