Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետը գոհ է գարնանացանի նախապատրաստական աշխատանքներից

Վարչապետը գոհ է գարնանացանի նախապատրաստական աշխատանքներից

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դրական է գնահատում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից գարնանացանի կազմակերպման ուղղությամբ կատարված նախապատրաստական աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին վարչապետը նշեց Արմավիրի մարզպետարանում մարզի համայնքների ղեկավարների և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Այս տարի գարնանացանի նախապատրաստական աշխատանքները սկսել ենք դեռևս հունվարից և շատ կարևոր է, որ գյուղացին ոռոգման ջրի խնդիր չունենա: Մեզ համար կարևոր էր տեսնել, որ Արմավիրը՝  որպես գյուղատնտեսական մարզ, պատրաստ է գյուղատնտեսական աշխատանքներին: Կատարվել են համապատասխան աշխատանքներ, որոնք դրական եմ գնահատում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը կոչ արեց գյուղացիներին լոլիկի արտադրությունը հասցնել առավելագույնի, քանի որ այն ունի մեծ պահանջարկ: Աբրահամյանը նշեց, որ տարբեր գործիքակազմերով կառավարությունը պատրաստ է օժանդակել և լոլիկ արտադրողներին, և այն մթերող կազմակերպություններին: 

ՀՀ գյուղատնտեսության նախար Սերգո Կարապետյանն էլ նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության բոլոր ծրագրերը լինելու են շարունակական: Կառավարությունը գյուղացիական տնտեսություններին կտրամադրի ներկրված բարձրորակ հացահատիկային մշակաբույսերի սերմացուն, մատչելի գնով պարարտանյութը և դիզելային վառելիքը: Սերգո Կարապետյանի խոսքով՝ այսուհետ գյուղացիական վարկերը չորս տոկոսի փոխարեն սուբսիդավորվելու են 6 տոկոսով: Վարկերն էլ կտարամադրվեն ապրիլի մեկից: «Վարչապետի հանձնարարությամբ վերանորոգվել են նաև մի շարք խորքային հորեր: Համապատասխան քայլեր են իրականացվում նաև բերքի մթերման, իրացման և վերամշակման գործընթացը համակարգված և կազմակերպված կերպով իրականացնելու ուղղությամբ»,- ասաց Կարապետյանը: Միաժամանակ, նախարարը նշեց, որ կառավարությունը լինելու է գյուղացիների կողքին՝ ծագող խնդիրներին շուտափույթ լուծում տալու համար: Այդ նպատակով նախարարությունում ստեղծվել է նաև թեժ գիծ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]