Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կիպրոսի նախագահականը հաստատում է` Նիկոս Անաստասիատիսն ապրիլի 24- ին կլինի Երևանում. մանրամասներ

Կիպրոսի նախագահականը հաստատում է` Նիկոս Անաստասիատիսն ապրիլի 24-
ին կլինի Երևանում. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիատիսն ապրիլի 24-ին կայցելի Ծիծեռնակաբերդ և հայ ժողովրդի հետ կոգեկոչի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հաստատեցին Կիպրոսի նախագահի դիվանագիտական գրասենյակից: «Նախագահն ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրավերը և Երևանում մասնակցելու է ապրիլի 24-ին ոգեկոչման արարողության պաշտոնական ծրագրին, սակայն այցի ժամակացույցը դեռ հստակեցման փուլում է»,- ասացին Կիպրոսի նախագահականից:

Կիպրոսի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վարդգես Մահտեսյանն իր հերթին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ Կիպրոսի նախագահը Հայաստան կայցելի երկրի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությամբն: «Կիպրոսն այն առաջին երկրներից է, որ ճանաչել եւ դատապարտել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեր փոքր կղզին ավելի քան քառասուն տարի է` պայքարում է թուրքական բանակի անօրինական ներխուժման եւ գրավման դեմ, որի հետեւանքով Կիպրոսի 36 տոկոսը բռնագրավված է: Հետեւաբար, Կիպրոսի կառավարության մոտեցումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ չէր կարող այլ լինել»,- ասաց Վարդգես Մահտեսյանը:  

Անդրադառնալով Կիպրոսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին` Մահտեսյանը նշեց, որ ողջ տարվա ընթացքում անցկացվելու են հիշատակի միջոցառումներ, որոնք ոչ միայն պատշաճ կերպով կհարգեն անմեղ նահատակների հիշատակը, այլև ևս մեկ անգամ կփաստեն, որ մեկ դար անց էլ հայ ժողովրդի պահանջը շարունակում է մնալ նույնը` Հայ դատի արդար լուծում ու հատուցում:

 «Հիշատակի միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 2-ին, երբ Հայաստանն ու Կիպրոսը երկու երկրների խոհրդարանների նախագահների մասնակցությամբ միացյալ դրոշմանիշ կմարեն, որը կկրի «Մելգոնեան» կրթական հաստատության պատկերը: Նույն օրը Կիպրոսի խորհրդարանում ՀՀ ԱԺ նախագահն ու կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչը ելույթ կունենան»,- ասաց հայազգի պատգամավորը:

Քաղաքական միջոցառումներից զատ Կիպրոսում բազմաթիվ մշակութային միջոցառումներ են նախատեսված: Մասնավորապես, երկու երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ տեղի կունենա «Հայոց ցեղասպանություն. ապացույցներ լուսանկարների եւ մամուլի էջերի միջոցով» խորագիրը կրող ցուցահանդեսը: Տեղի կունենա նաեւ թատերական ներկայացում «Ոտքի', դատարանն է գալիս»` նվիրված Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը:

«Ապրիլի 30-ին տեղի կունենա 100-րդ տարելիցի գլխավոր հանդիությունը, որին կմասնակցեն Կիպրոսի նախագահն ու պետական-պաշտոնական անձինք: Մայիսին թուրք պատմաբան Թաներ Աքչամը Կիպրոսի համալսարանում դասախոսություն կկարդա «Հայոց ցեղասպանությունը նոր դիտանկյունից` 100 տարի անց» թեմայով: Հուլիս եւ օգոստոս ամիսներին կկայանա ուխտագնացություն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, կիպրահայ մարզիկները կմասնակցեն նաեւ Հայաստանում կայանալիք համահայկական 6-րդ խաղերին:

Հոկտեմբերին Կիպրոսի սիմֆոնիկ նվագախումբը դասական համերգներով կհարգի նահատակների հիշատակը:

«Այս ամենին զուգահեռ կցուցադրվեն Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր` հունարեն ենթագրերով: Հունարեն եւ անգլերեն կհրատարկվի գիրք, որտեղ կամփոփվեն 1914-1923 թթ. հունական եւ կիպրական թերթերում Հայոց ցեղասպանությանը նվիրված հոդվածները»,- նշեց Մահտեսյանը` հավելելով, որ այս ձեռնարկներին մասնակցելու է կիպրացի հասարակությունը` Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]