Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հաղթանակի գեներալները». Համազասպ Բաբաջանյան

«Հաղթանակի գեներալները». Համազասպ Բաբաջանյան

«Հաղթանակի գեներալները» հատուկ նախագիծ-շարքի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է ԽՍՀՄ զինված ուժերի զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, ԽՍՀՄ հերոս Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանին:

«Երբ մի հետադարձ հայացք եմ գցում իմ անցած մանկության օրերին, աչքերիս առաջ հառնում է իմ հայրենի Չարդախլուն, որը նմանը չունի ամբողջ աշխարհում, և նրա կարոտը հաճախակի է ձգում ինձ դեպի այն, դեպի իմ օրրանը, որ սնել ու գրաճանաչ է դարձրել ինձ, նրա մաքուր օդով եմ ես զորացել, զորավար դարձել»:

                                                                                                          Համազասպ Բաբաջանյան 

«Ասպետի պես ազնիվ, ճգնավորի պես համեստ, զինվորի պես պարզ ու սրտաբաց...»:      

                                                                                                                            Վասիլի Գրոսման 

«Խիզախ ու քաջարի հրամանատար է, ես նրան լավ եմ ճանաչում ու հարգում»:

                                                                                                                               Գեորգի Ժուկով

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապագա լեգենդար հրամանատարի սերը իր հայրենի բնակավայրի` Չարդախլուի նկատմամբ ձևավորվել է դեռևս մանկության տարիներին, երբ Համազասպը իր հոր` հովիվ Խաչատուրի հետ, հաճախ էր լինում սարերում:

Հովհաննես Բաղրամյանի համերկրացին ուսումն սկսել է հայրենի գյուղի ծխական դպրոցում: Սակայն Համազասպը ստիպված է լինում ուսումը կիսատ թողնել, քանի որ հայրը որոշում է ընտանիքը տեղափոխել Թիֆլիս: Ապագա մարշալը Թիֆլիսում ընդունվում է տեղի հայկական դպրոցներից մեկը: Մի քանի տարի հետո Բաբաջանյանների ընտանիքը կրկին տեղափոխվում է հայրենի գյուղ, որտեղ Համազասպը զբաղվում է հոգագործությամբ:

                                                      Փառահեղ ուղու սկիզբը 

Համազասպ Բաբաջանյանը Կարմիր բանակ է զորակոչվել 1925 թվականին: Երիտասարդ զինվորականը շատ լավ է դրսևորում իրեն, և նրան ուղարկում են ուսանելու Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միացյալ ռազմական դպրոցը: Գերազանցությամբ ավարտելով վերը այն` Համազասպը շարունակում է ուսումը Թիֆլիսի Անդրկովկասյան միացյալ հետևակային դպրոցում, որն ավարտելուց հետո ստանձնում է Կովկասյան 4-րդ հետևակային գնդի դասակի հրամանատարի պաշտոնը: Այնուհետև, նա` որպես հրամանատարի տեղակալ, ծառայության է անցնում Լենինգրադի հետևակային գնդում: Համազասպն առաջին մարտական մկրտությունն ստացել է խորհրդա-ֆիննական պատերազմում (1939-1940 թթ.): Այս մասին պատմում է զորավարի կենսագիր Կլիմենտ Հարությունյանը իր «Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյան» գրքում: 

                                                  Հայրենական մեծ պատերազմ 

Հայրենական մեծ պատերազմի նախօրեին` մայոր Բաբաջանյանը 19-րդ բանակի շտաբի օպերատիվ բաժնի տեղակալն էր: Որոշ ժամանակ անց`1941թվականի աշնանը, նշանակվում է 395-րդ հետևակային գնդի հրամանատար: Սմոլենսկի և Օրյոլի մարտերում նա ցուցաբերում է անձնազոհություն և խիզախություն: Շուտով նրա ղեկավարած գունդն առաջինը ԽՍՀՄ զինված ուժերում ստանում է գվարդիականի տիտղոսը:

Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արագացված դասընթացները ավարտելով` 1942 թվականին Համազասպ Բաբաջանյանին նշանակվում է մեքենայացված բրիգադի հրամանատար: Նա մասնակցում է Կուրսկի ճակատամարտին:

«...Ճակատամարտի մասշտաբը գերազանցում էր մարդկանց երևակայությունը: Հարյուրավոր տանկեր, թնդանոթներ վերածվում էին մետաղյա ջարդոնի լեռնակույտերի: Խավարել էր արևը, նրա սկավառակը հազիվ էր երևում արկերի ու ռումբերի պայթյունից առաջացած ծխի ու փոշու միջից»,- վերհիշում է մարշալ Բաբաջանյանը իր «Հաղթանակի ճանապարհներ» գրքում:                     

                                                        Կազատինի գրավումը   

Մարշալ Բաբաջանյանը մասնակցում էր Արևմտյան Ուկրաինայի ազատագրմանը և մեծագույն ներդրում ունեցավ նաև Կիևի ազատագրման և Դեսնայի գետանցման մարտերում: 1944 թվականից Համազասպ Բաբաջանյանը Առաջին տանկային բանակի 11-րդ գվարդիական կորպուսի հրամանատարն էր:

 Նա իր հրամանատարական փայլուն տաղանդը դրսևորեց հատկապես Կազատինի գրավման ժամանակ: Վերմախտը մեծաքանակ զորքեր էր կուտակել Բելգորոդի ուղղությամբ(«Վագր» և «Հովազ» տանկերից կազմված 19 դիվիզիա): Բաբաջանյանը վճռել էր քաղաքը գրավել գիշերով` դրանով իսկ հանկարծակիի բերելով թշնամուն: Նա հրամայել էր միաժամանակ միացնել բոլոր տանկերի, մեքենաների, զրահապատ ինքնագնացների լույսերը, շչակներն ու ազդանշանները («Բաբաջանյանական ռեյդ»): Կազատինի գրավումից հետո նրա տանկային կորպուսը գրավում է ավելի քան 50 քաղաք և բնակավայր: Մարտերից մեկում Համազասպ Բաբաջանյանը ծանր վիրավորվում է: Մի զինվոր հրամանատարին 3 կմ տանելով` հասցնում է թիկունք: Ապաքինվելուց հետո նա վերադառնում է ռազմաճակատ: 1944 թվականի ապրիլի 26-ին Համազասպ Բաբաջանյանն արժանանում է Խորհրդային Միության հերոսի կոչման` պարգևատրվելով Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Բեռլինի գրավման ժամանակ նա արդեն զրահատանկային զորքերի գեներալ-մայոր էր:  

                                               

                                                    Ուշագրավ փաստեր        

Համազասպ Բաբաջանյանին անվանում էին «Ծիտիկ», «Լեռնային արծիվ», «Երկաթե սև գեներալ» և «Սև վագր»:

ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը գրեթե բոլոր խնջույքներին առաջինը  Բաբաջանյանի կենացն էր խմում:

Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո Համազասպ Բաբաջանյանը Գերմանիայում ծառայել է իբրև բանակի շտաբի պետ, այնուհետև`հրամանատար:

Բաբաջանյանին է պատկանում հետևյալ խոսքը. «Թո՛ւյլ տվեք, և ես կվերադարձնեմ Արևմտյան Հայաստանը»:  

Կենսագրական լրացուցիչ տվյալներ 

Համազասպ Բաբաջանյանը ծնվել է 1906 թվականի փետրվարի 18-ին, Ելիզավետպոլի նահանգի (Հյուսիսային Արցախ) Չարդախլու գյուղում:

1959-1967 թվականներին Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատարն էր, որից հետո` մարշալ Ռ. Մալինովսկու անվան զրահատանկային զորքերի ակադեմիայի պետը, 1969 թվականից` ԽՍՀՄ Զրահատանկային զորքերի հրամանատարը:

1967 թ. հոկտեմբերին Համազասպ Բաբաջանյանին շնորհվել է ԽՍՀՄ զրահատանկային զորքերի մարշալի կոչում:

1962-1970 թվականներին Համազասպ Բաբաջանյանը ընտրվել է ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՌԽՖՍՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր:

Նա նաև Զալեշչիկի, Գդինյա, Ելնյա քաղաքների պատվավոր քաղաքացի էր:

Արժանացել է Լենինի 4, Կարմիր դրոշի` 4, Հոկտեմբերյան հեղափոխության, Սուվորովի առաջին և երկրորդ, Կուտուզովի առաջին, Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի, «ԽՍՀՄ ԶՈՒ հայրենիքին ծառայելու համար» երրորդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշանների:

Մահացել է 1977 թվականի  նոյեմբերի 1-ին Մոսկվայում և թաղվել է տեղի Նովոդևիչյան գերեզմանատանը, որտեղ տեղադրված է նաև նրա հուշարձանը:  

Նրա անունով է կոչվել ԼՂՀ զորամասերից մեկը, Երևանի փողոցներից և դպրոցներից մեկը, Մոսկվայի հրապարակներից մեկը: 1970 թվականին նկարահանվել է «Հանդիպում մարշալի հետ» վավերագրական կինոնկարը նրա` Երևան կատարած այցի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]