Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Թուրքիային կոչ են արել ներողություն խնդրել Ցեղասպանության հարցում

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Թուրքիային կոչ են արել ներողություն 
խնդրել Ցեղասպանության հարցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 30 րոպեանոց կարճ քննարկում է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում: Այն նախաձեռնել էր Լեյբորիստական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր, Հայ-բրիտանական միջխորհրդարանական միության բրիտանական խմբի անդամ Ստեֆըն Փոունդը:

Բրիտանացի խորհրդարանականներին ներկայացնելով Հայոց ցեղասպանության ականատեսների` Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի, Հայոց ցեղասպանությունը վերապրած Գրիգորիս Բալաքյանի վկայությունները` Ստեֆըն Փոունդն իր ելույթում նշել է. «Կարևոր է, որ մենք այս պալատում քննարկենք այս հարցը և ցույց տանք, որ գիտենք այդ խնդրի մասին: 1.5 մլն հայեր քշվել են Սիրիայի անապատներ` մահանալու այրող արևի տակ: Համակենտրոնացման ճամբարներ տանող մահվան երթի ժամանակ նախ սպանել են տղամարդկանց, ապա Ներքին գործերի նախարարը հրահանգել է. «Սպանել կանանց, տղամարկանց և բոլոր երեխաներին, ովքեր իմ ծնկի չափ են»»:

«Եթե դա ցեղասպանություն չէ, ապա ես իսկապես չգիտեմ, թե որն է ցեղասպանությունը»,- ասել է Փոունդը: Նա հավելել է, որ միայն Տրապիզոնում 40 000 հայ է սպանվել: Շատերին դրել են նավերը, տարել Սև ծով և խեղդել, մարդկանց ներարկել են որովայնային տիֆի վարակով, փորձարկումներ արել երեխաների վրա: Տրապիզոնում տեղի ունեցածի ականատեսն է եղել Տրապիզոնում Իտալիայի գլխավոր հյուպատոս Ջիակոմո Գորրինին: Քննարկման ընթացքում բրիտանացի խորհրդարանականներից մեկն էլ բարձրացրել է Թուրքիայի կողմից ներողություն խնդրելու անհրաժեշտության հարցը, որին քննարկման հեղինակը համաձայնել է:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Հայ-բրիտանական միջխորհրդարանական միության բրիտանական կողմի համանախագահ  Ջոն Ուիթինգդեյլը, քննարկման նպատակն էր բարձրացնել բրիտանացի պատգամավորների իրազեկվածությունը Հայոց ցեղասպանության մասին և ոգեկոչել ցեղասպանության 100-րդ տարելիցը: «Բրիտանական խորհրդարնում մենք տարբեր ցեղասպանությունների ոգեկոչման միջոցառումներ ենք անցկացնում: Բոլորովին վերջերս ոգեկոչեցինք Հոլոքոստի զոհերի հիշատակը: Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ուստի կարևոր է քննարկում սկսել, որպեսզի մարդիկ հիշեն տեղի ունեցածը և դասեր քաղեն դրանից: Այդ կերպ մենք կարող ենք երաշխավորել, որ նման սարսափելի իրադարձություններ այլևս տեղի չունենան»,- ասաց խորհրդարանականը:

Ջոն Ուիթինգդեյլը նաև նշեց, որ այս տարվա վերջին նախատեսվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման կարգ մատուցել Վեսթմինիսթերյան աբբայությունում: «Ես գիտեմ, որ մեծ Բրիտանիայում  Հայաստանի դեսպանն ակնկալում է, որ նման պատարագի մատուցում կազմակերպվի»,- հայտնեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]