Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կաթողիկոսն ընդունել է Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորին

Կաթողիկոսն ընդունել է Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի 
ռեկտորին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը մարտի 20-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Ժուկին` ուղեկցությամբ Հայաստանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպման ընթացքում իր ուրախությունն ու գնահատանքը արտահայտելով երկու բարձրագույն կրթական հաստատությունների միջև սկզբնավորվող գործակցության առիթով` Նորին Սրբությունը ողջունել է այդ համագործակցության սերտացմանն ուղղված ջանքերը և հույս հայտնել, որ դրանք բարի արդյունք կբերեն երկու ժողովուրդներին:

Իր խոսքում Ամենայն Հայոց կաթողիկոսը նաև անդրադարձել է կրթության առաջնային դերին ու նշանակությանը ժամանակակից աշխարհում` նշելով, թե կրթության կարևորման գիտակցությամբ է, որ ծնողները, հակառակ բոլոր տեսակի դժվարությունների, ամեն ջանք ու եռանդ են գործադրում իրենց զավակներին պատշաճ կրթություն ապահովելու համար: Վեհափառ Հայրապետն ընդգծել է նաև, որ կրթությունն է այսօր երաշխիքը մարդկության գալիք պայծառ օրվա` խաղաղ, համերաշխ և բարօր աշխարհի կերտման:

Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորն իր հերթին խորին շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին ընդունելության համար: Վերջինս ևս կարևորել է երիտասարդության կրթության, մասնավորապես, հոգևոր-բարոյական, հայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում խոսվել է նաև Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հովանու ներքո Հայաստանում և Սփյուռքում գործող կրթական կառույցների, ինչպես նաև Հայաստանում կրթական ոլորտի հաստատությունների և Հայոց եկեղեցու միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցության մասին: 

Հանդիպման վերջում Նորին Սրբությունն իր ողջույնը և ջերմ բարեմաղթանքներն է փոխանցել Համայն Բելառուսի պատրիարքական փոխանորդ, Մինսկի և Սլուցկի միտրոպոլիտ Պավելին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]