Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օտարերկրացի կանայք, ովքեր ապրեցին և մահացան որպես հայ. Ցեղասպանության տարիների միսիոներուհիների մասին

Օտարերկրացի կանայք, ովքեր ապրեցին և մահացան որպես հայ. 
Ցեղասպանության տարիների միսիոներուհիների մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության տարիներին շատ հայեր կարողացան փրկվել և հայ մնալ տարբեր երկրներից ժամանած միսիոներ կանանց անձնանվեր գործունեության շնորհիվ: Վերջիններս, իրենց երկրներում տեղեկանալով հայ ժողովդրի հետ տեղի ունեցող ոճրագործության մասին, կիլոմետրեր հաղթահարելով, իրենց կյանքը նվիրեցին հայերի փրկության գործին: «Արմենպրես»-ը հավաքագրել է և ձեզ է ներկայացնում այդ կանանցից հինգի պատմությունը:

Քարեն Եփփեն մեկ է այն նվիրյալներից, ով 1895 թվականի Համիդյան ջարդերին և դրան հաջորդող տարիներին մեծապես նպաստեց հայ ժողովրդի վերականգնմանը: Նա ծնվել է 1876 թվականին Դանիայում: Համդիյան կոտորածների տարիներին բժշկություն էր սովորում Կոպենհագենում: Այդ ջարդերի մասին մամուլում տարածված տեղեկություններից հետո հրաժարվում է ուսումից և որոշում է մասնակցել եվրոպացի ու ամերիկացի միսիոներների աշխատանքին: Նա նամակագական կապ է հաստատում Ուրֆայում որբահավաք իրականացնող գերմանացի Յոհաննես Լեփսիուսի և ամերիկացի Միսս Շաթիկի հետ: Ծնողներին համոզելու երկար փորձերից հետո, ի վերջո, 1903թ. հասնում է Ուրֆա: 27 տարեկան էր, երբ իրեն է վստահվում 300 հայ որբերի խնամքն ու դաստիարակությունը:

Եփփեն շուտով սովորումէ  հայերեն: Նա կարճ ժամանակում արժանանում է բոլորի հարգանքին և սիրուն, ժողովուրդը սկսում է նրան անվանել «Միսս Եփփե մայրիկ»:

1915թ. ևս նա Ուրֆայում էր: Նա ոչինչ չխնայեց այստեղով անցնող հայ տարագիրներին, ինչպես նաև Ուրֆայի հայ հեոսամարտերի մասնակիցներին օգնելու համար: 1917թ. նա վերադառնում է Դանիա և ծանր հիվանդությունից ապաքինվելուց հետո սկսում է դասախոսություններով և հոդվածներով պատմել հայ ժողովրդի ապրած Եղեռնի մասին:

Շուտով նա վերադառնում է Հալեպ՝ օգնելու այստեղ գտնվող հայերին: 1922թ. Եփփեն նշանակվում է Ազգերի լիգայի լիազոր ներկայացուցիչ և զբաղվում է հայ գաղթականների տեղավորման հարցերով: Հայ որբերի և կանանց գտնելու և հավաքելու ձգտումով նա համարձակ քայլերի է դիմում, շրջում է գյուղ առ գյուղ:

Քարեն Եփփեն մահանում է 1934 թվականին: Ծնունդով դանիացի բողոքական լինելով՝ նա իր կյանքի մեծ մասն ապրում և մահանում է որպես հայ առաքելական: Իր կտակի համաձայն, հուղարկավորությունն ու թաղման արարողությունը կատարում է հայ եկեղեցին: Նրա շիրիմը գտմվում է Հալեպի Հայոց ազգային գերեզմանատանը:

1947թ. Հալեպում հիմնվում է Քարեն Եփփե ճեմարանը:

Էստոնացի Հեդվիգ Բյուլը ևս Ցեղասպանության տարիներին հայերի կողքին կանգնած միսիոներների թվում էր: Նա ծնվել է 1887թ. Էստոնիայի Հաապսալու փոքրիկ քաղաքում: Լինելով բարեկեցիկ ընտանիքի զավակ` Հեդվիգը ստացել է հիանալի կրթություն: Տիրապետել է մայրենի էստոներենին, ռուսերենին, ֆրանսերենին, անգլերենին, գերմաներենին, իսկ Կիլիկիայում միսիոներական առաքելությունն իրականացնելու ընթացքում` նաև թուրքերենին և հայերենեին:  1909թ. երիտասարդ Հեդվիգը եվրոպական մամուլի էջերից տեղեկանում է Ադանայում հայկական կոտորածների սարսափազդու լուրերի մասին և կայացնում իր համար ճակատագրական որոշում. մեկնել հեռավոր երկիր` կոտորածների հետևանքով որբացած քրիստոնյա երեխաների փրկության գործին մասնակցելու համար:

1911թ. նա ժամանում է Կիլիկիա և անցնում աշխատանքի Մարաշի ծնողազուրկ հայ երեխաների համար գերմանացի ավետարանական քարոզիչների կողմից բացված «Բեյթել» որբանոցում` որպես ուսուցչուհի: Այստեղ չորս տարի պաշտոնավարելուց հետո` 1915թ.-ին, նա ականատես եղավ երիտթուրք իշխանությունների կողմից իրականացվող հայկական կոտորածերին: 1916-19թթ. Հեդվիգ Բյուլն աշխատել է նույն միսիոներական առաքելությանը պատկանող Հարունիե գյուղի (Մարաշից հարավ) գերմանական որբանոցում: 1918թ. երիտասարդ միսիոներուհին իր գործադրած գերմարդկային ջանքերի շնորհիվ կարողացավ թուրքական աքսորից փրկել որբանոցի սաներին և նրանց ազատել վերահաս վտանգից: 1919թ. հաշվի առնելով Կիլիկիայում ստեղծված քաղաքական իրավիճակը` Հ. Բյուլը հարկադրված էր մեկնել Էստոնիա: Սակայն նրա բաժանումը իր սիրելի հայ ժողովրդից երկար չտևեց: 

1922թ. սկսվում է Հ. Բյուլի հայասիրական գործունեության երկրորդ փուլը: Նա անդամագրվում է Ստրասբուրգ քաղաքում հիմնադրված «Քրիստոնեական առաքելություն Արևելքի մեջ» ավետարանական մարդասիրական կազմակերպությանը և մեկնում Հալեպ: Կենցաղային տարրական պայմաններից զուրկ հայ գաղթականության շրջանում խիստ տարածված էին վարակիչ զանազան հիվանդություններ, որոնք օրական հարյուրավոր մարդկային կյանքեր էին խլում: Անհրաժեշտ էր շտապ կերպով կազմակերպել հիվանդների փրկության գործը: Հալեպում Հ. Բյուլի նախաձեռնությամբ բացվում է հիվանդանոց, որտեղ աշխատում են Սիրիայի նշանավոր հայ բժիշկները: «Հայկական քեմփ»-ում ապրող հայ գաղթականների վիճակը թեթևացնելու ուղղությամբ կարևոր քայլերից մեկը եղավ աշխատատեղերի ստեղծումը: Հ. Բյուլն իր մարաշցի ծանոթների օգնությամբ հիմնում է ջուլհականոց և ձեռագործի արհեստանոց: Այստեղ աշխատանք գտան մոտ 500 հայ կանայք և աղջիկներ, որոնց ստեղծած կարպետներն ու ձեռագործները վաճառվում էին եվրոպական երկրներում, իսկ ստացված հասույթը տրվում էր հայ կանանց` իրբև աշխատավարձ:

Հեդվիգ Բյուլի նախաձեռությամբ Հալեպի տարբեր դպրոցներում սովորող ավելի քան 250 հայ երեխաների համար սահմանվում են կրթաթոշակներ: Իր կատարած բազմաթիվ հայանպաստ աշխատանքների համար Բյուլն անչափ սիրված էր Հալեպի հայ համայնքի կողմից, որի համար արժանացել է «Բյուլ Մայրիկ» պատվավոր կոչմանը: Գրեթե 40 տարի իր կյանքն անմնացորդ նվիրելով հայ ժողովրդին` Հ. Բյուլը 1951թ. 64 տարեկան հասակում հեռանում է Հալեպից` այդպես էլ չունենալով սեփական ընտանիքը: Հ. Բյուլը հաստատվում է Եվրոպայում: Այստեղ նա շարունակում է նամակագրական կապը իր նախկին սաների հետ, որոնք ցրվելով աշխարհով մեկ` չէին մոռանում սիրելի Բյուլ Մայրիկին: Նրանցից մեկին ուղղված նամակում Հեդվիգ Բյուլը գրել էր. «…իմ սիրտը հայ է…»: 1965թ. 78-ամյա Բյուլը կրկին ժամանեց Սիրիա, ապա Լիբանան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին Հալեպում և Բեյրութում: Կյանքի վերջին տարիները Հ. Բյուլն անցկացրեց գերմանական ծերանոցներից մեկում: 90-անց զառամյալ կինը` մահվան մահճում պառկած, մոռացել էր այն վեց լեզուները, որոնց նա ազատորեն տիրապետում էր և ծերանոցի աշխատակիցների հետ հաղորդակցվում էր միայն իրեն հարազատ դարձած հայերենով: Բյուլ Մայրիկը մահացավ 1981թ. հոկտեմբերի 3-ին` 94 տարեկան հասակում:

2003թ. նրա գերեզմանից բերված հողն ամփոփվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի Հուշապատի մեջ:

Ցեղասպանության տարիներին հայ ժողովդրի կողքին էր նաև նորվեգացի Բոդիլ Կատարինե Բյորնը՝ ծնված 1871 թ.: 1905թ. «Կին միսիոներներ» կազմակերպության կողմից ուղարկվում է Օսմանյան կայսրություն: Համագործակցելով գերմանական միսիոներական կազմակերպության հետ` Բոդիլը սկզբնական շրջանում մարդասիրական գործունեություն է ծավալում Մեզրեում (Խարբերդի նահանգ), ապա մեկնում է Մուշ: Նա ականատես է լինում 1915թ. Մուշի կոտորածներին` տեսնելով, թե ինչպես են հայ հոգևորականների, ուսուցիչների և իր օգնականների կողքին նահատակվում նաև իր որբանոցի սաները: Այստեղ Բոդիլը խնամում և մահից է փրկում հարյուրավոր անօթևան երեխաների, կանանց: 

Բյորնը նաև լուսանկարել է բազմաթիվ տեսարաններ` որպես ականատես դրանց կցելով փոքրիկ վկայություններ: Նա նաև գրառումներ է կատարել իր հուշատետրերում, որոնք արժեքավոր վկայություններ են պարունակում Հայոց ցեղասպանության մասին: 

1917թ. Բոդիլ Բյորնը որդեգրում է 1915թ. ծնված և սպանդից փրկված Ռաֆայել անունով մի հայ տղայի: 1917թ. վերադառնալով Նորվեգիա` կնքում է երեխային` նրան տալով մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անունը: Ֆրիտյոֆ-Ռաֆայելը դառնում է նրա միակ զավակը, քանի որ Կատարինեն այդպես էլ չի ամուսնանում:

Վերադառնալով Մերձավոր Արևելք` Բոդիլը Սիրիայի, Լիբանանի, Պոլսի որբանոցներում շարունակում է զբաղվել հայ որբերի խնամքով: 7-ամյա Ֆրիտյոֆին թողնելով Բեյրութի ֆրանսիական դպրոցում` 1922թ. անցնում է Հայաստան, Ալեքսանդրապոլում հիմնում որբանոց: Բյորնի խնամքի տակ գտնվող «Լուսաղբյուր» կոչվող որբանոցում 33 որբուկների համար անսահման բարի այդ կինը դարձել էր բոլորի կողմից սիրված «Կատարինե մայրիկ»: Բյորնի որբախնամ գործունեությունը կասեցվում է 1924թ.` Խորհրդային Հայաստանի կառավարության կողմից. նրա փոքրիկ որբանոցը լուծարվում է, որբերը տեղափոխվում են Ամերկոմի որբանոցներ: Մինչև 1935թ. Բոդիլ Բյորնը շարունակում է աշխատել Սիրիայի հայ գաղթօջախի որբախնամ հաստատություններում: Բոդիլ Բյորնը մահացել է 1960թ. Նորվեգիայում:

Դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենը ևս իր կյանքը նվիրում է հայերին փրկելու սուրբ գործին: Նա ծնվել է 1882թ.: Արդեն պատանեկության տարիներին Յակոբսենը դանիական մամուլում հրապարակվող հոդվածներից տեղեկանում է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացվող հալածանքների և համիդյան կոտորածների (1894-1896թթ.) մասին: 1907թ. նոյեմբերին երիտասարդ միսիոներուհին ժամանում է Խարբերդ, որտեղ նշանակվում է փոքրիկ հիվանդանոցի կառավարչուհի: Կարճ ժամանակահատվածում նա տիրապետում է հայերենին` տեղացիների հետ հաղորդակցվելու համար: Միևնույն ժամանակ Մարիա Յակոբսենը սկսում է գրառումներ իր օրագրում, որը հետագայում դառնում է Հայոց ցեղասպանության ականատեսի արժեքավոր վկայություն: Երկար տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության ականտես դանիացի միսիոներուհին իր օրագիրը գաղտնի էր պահում բոլորից, քանի որ կյանքի գնով էր այն դուրս բերել Օսմանյան կայսրության սահմաններից: Մարիա Յակոբսենի «Օրագրությունը» թարգմանվել է հայերեն, ապա հրատարակվել Բեյրութում, նրա մահից տարիներ անց` 1979թ.: 

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո` 1919թ.-ին, Մարիա Յակոբսենը Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակիցների օգնությամբ մի քանի ամիսների ընթացքում հավաքագրեց շուրջ 3600 հայ որբերի, որոնց մեծ մասը տառապում էին տարբեր վարակիչ հիվադություններով և սովից հյուծված և կմախքացած` թափառում էին քայքայվող կայսրության տարբեր մասերում:

1919թ. առողջական խնդիրների պատճառով (որբերից վարակվել էր տիֆով) նա մեկնում է Դանիա, սակայն դեռ հայրենիք չհասած` հրավեր է ստանում Միացյալ Նահանգներից: Նա ԱՄՆ-ի տարբեր քաղաքնեում դասախոսություններ է կարդում Օսմանյան կայրությունում հայերի նկատմամբ իրականացված թուրքական կոտորածների մասին և որբացած հայ երեխաների համար հայթայթում նյութական միջոցներ նահանգներում եղած յոթ ամիսների ընթացքում: 1920-21թթ. Մարիա Յակոբսենը նորից ուղևորվում է Խարբերդ, սակայն թուրքական իշխանությունները չեն արտոնում նրա մուտքը Օսմանյան կայսրություն: Այդ պատճառով նա մեկնում է Բեյրութ` իր գործունեությունը Լիբանանում շարունակելու համար:

Մարիա Յակոբսենի մարդասիրական գործունեությունն արժանի գնահատական ստացավ Դանիայում: 1950թ. նա պարգևատրվեց Դանիական թագավորության ոսկե մեդալով: Ի դեպ, նա առաջին կինն էր Դանիայում, ով արժանացել էր պետական այդ բարձրագույն կոչմանը:

Մարիա Յակոբսենը մահացել է 1960թ. ապրիլի 6-ին և իր ցանկության համաձայն թաղվել է «Թռչնոց բույն» որբանոցի բակում: «Մամա Յակոբսենը» հազարավոր որբերի դաստիարակեց որպես հայ ազգի օրինավոր զավակներ. նրանցից մեծացան հոգևորականներ, բժիշկներ, ուսուցիչներ:

Շվեդ միսիոներուհի Ալմա Յոհնասոնը, ծնված 1880 թվականին, ևս իր կյանքի մեծ մասը նվիրեց մարդասիրական գործունեությանը: 1901-1915 թվականներին նա աշխատել է Արևմտյան Հայաստանում գտնվող գերմանական միսիոներական հաստատություններում և որբանոցներում: 1915 թվականի աշնանը հարկադրված վերադարձել է Շվեդիա։ 1920-1922թթ. Կ. Պոլսում օգնել է ջարդերից ու տարագրությունից փրկված հայ որբերին ու կարոտյալներին։ 1923թ. անցել է Սալոնիկ, աշխատել շվեդական նպաստամատույց հաստատությունում, օգնել հայ գաղթականներին։

1941թ. վերջին՝ Հունաստանի ֆաշիստական օկուպացումից հետո, երբ անհնար էր շարունակել մարդասիրական գործունեությունը, Յոհանսոնը վերադարձել է Շվեդիա, սակայն շարունակվել են սերտ հարաբերությունները հայերի հետ. նա տիրապետել է հայերենին:

Որպես Հայոց եղեռնի ականատես՝ Յոհանսոնը գրել է երկու գրքույկ՝ «Աքսորյալ ժողովուրդ մը» (1930թ.) և «Հայ աքսորականներու կյանքը» (1931թ.), որոնք վկայում են հայերի տեղահանությունների և նրանց վրա գործադրված բռնությունների մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]