Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում կրթական կրեդիտների համակարգը մեծ առաջընթաց է արձանագրել

Հայաստանում կրթական կրեդիտների համակարգը մեծ առաջընթաց է 
արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության TAIEX ծրագրի շրջանակում մարտի 6-ին անցկացվել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի ներդրման վերաբերյալ սեմինար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչ Ժոզե Մեդինա Նավարոն, միջազգային փորձագետներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: 

Նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ողջունելով միջոցառման  մասնակիցներին, նշել է, որ TAIEX ծրագրի շրջանակում, Հայաստանի կրթության ոլորտում իրականացվել են մի շարք ծրագրեր, և TAIEX-ը ԵՄ-ի շատ կարևոր կրթական գործիք է, որն, ըստ նախարարի տեղակալի, շատ կարևոր արդյունքներ է տվել:

«Հայաստանի կրթական ոլորտում կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգը մեծ առաջընթաց է արձանագրել: Մեր երկրի բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտը մեծ փորձ ունի այս գործում.  գրեթե 10 տարի է, ինչ կրեդիտային համակարգը ներդրված է բուհական համակարգում, որը զարգացում է ապրում և մեծ կիրառություն ունի: Ժամանակն է անցում կատարել դրա ներդրմանը նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում: Կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգը կարևոր է կրթության որակի գնահատման, ինչպես նաև ուսանողների և դասախոսների շարժունության բարձրացման և, առհասարակ, համակարգի գրավչության բարձրացման տեսանկյունից»,- նշել է Կ. Հարությունյանը` տեղեկացնելով, որ ՀՀ մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացը կրեդիտային համակարգով կազմակերպումը և մեխանիզմների մշակումն ու ներդրումը ներառված է ՀՀ կառավարության 2015 թվականի գերակա խնդիրների շարքում:

Այդ նպատակով ՀՀ մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) գործընթացը կրեդիտային համակարգով կազմակերպելու նպատակով հաստատվել է «Նախնական (արհեստագործական) մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ոլորտում կրեդիտային համակարգով ուսումնառության օրինակելի  կարգը»: Կազմակերպվել են նաև վերապատրաստման դասընթացներ` ՄԿՈՒ ոլորտում կրեդիտային համակարգի ներդրման մեխանիզմների վերաբերյալ: Հաստատվել է ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում «Հաշվապահական հաշվառում» և «Հագուստի մոդելավորում» մասնագիտությունների գծով կրեդիտային համակարգի փորձնական ներդրման գործընթացը:

2014-2015 ուսումնական տարվանից վերոնշյալ մասնագիտությունների գծով կրեդիտային համակարգը փորձնական ներդրվել է Երևանի տարածաշրջանային թիվ 1, Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2, Լոռու տարածաշրջանային և Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջներում: Նախարարի տեղակալի խոսքով` սեմինարին հրավիրված միջազգային փորձագետները կներկայացնեն կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի վերաբերյալ իրենց երկրների փորձը, ինչպես նաև կաշխատեն մեր երկրում փորձնական ծրագիրը վերջնական տեսքի բերելու և ամբողջապես ներդնելու ուղղությամբ:  

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչ Ժոզե Մեդինա Նավարոն:

Այնուհետև սեմինարին մասնակիցներին իրենց փորձն են ներկայացրել մի շարք երկրներից հրավիրված միջազգային փորձագետները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]