Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարդաձորում արմատավորված է տոհմաբուծությունը

Վարդաձորում արմատավորված է տոհմաբուծությունը

ԳԱՎԱՌ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի «Անի եղբայրներ» ընկերությունում պահվող 260 գլուխ կթի կովերը տարեկան տալիս են մինչեւ 3500 լիտր կաթ: Դա հաջողվել է ապահովել տարիներ ի վեր շարունակվող տոհմաբուծության արմատավորմամբ եւ զարգացմամբ՝ դեռեւս խորհտնտեսության ժամանակներից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդաձորի գյուղապետ Ռոբերտ Սիրականյանը, «Անի եղբայրներ» անասնապահական տնտեսությունը ձեւավորվել է Վարդաձորի խորհտնտեսության ունեցած անասնագլխաքանակի բազայի վրա, որը ժամանակին ունեցել է կաթնատու եւ մսատու տոհմային անասուններ, որոնց սերնդափոխությունը հաջողվել է ապահովել հետագա տարիների ընթացքում: «Այսօր «Անի եղբայրներ» տնտեսությունում պահվում է 520 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որոնցից 260 գլուխը կթու կովեր են, 120 գլուխը՝ սերմնավորված կամ սերմնավորման սպասող երինջներ: Սերմնավորումը կատարվում է ինչպես արհեստական եղանակով, այնպես էլ արտադրող ցուլերի միջոցով: Կովերի կաթնատվությունը տարեկան հասնում է 3500 լիտրի, խոշորի մսատվությունը եւս նկատելիորեն ավելի է «Կովկասյան գորշ» տեղական ցեղատեսակի անասունների մսատվությունից»,-նշեց համայնքի ղեկավարը:

«Անի եղբայրներ» տնտեսությունից տոհմաբուծության զարգացման նպատակով ցեղական անասուններ են գնել ու շարունակում են գնել ինչպես Վարդաձորի, այնպես էլ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների անասնապահական տնտեսությունները: Արմատավորված ու զարգացած տոհմաբուծությունը հիմք է ստեղծել, որպեսզի Վարդաձորում ՀՀ գյուղնախարարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» երկրորդ փուլի շրջանակում հիմնվի կաթի վերամշակման արտադրամաս: «Վարդաձորում, բացի «Անի եղբայրներ» տնտեսությունից, ստեղծվել է նաեւ ընդհանուր արոտօգտագործողների կոոպերատիվ տնտեսություն, որի կազմում էլ կստեղծվի եւ կգործի կաթի վերամշակման արտադրամասը, ինչն ավելի կխթանի անասնապահական մթերքների արտադրությունը, անասնագլխաքանակի աճը, մթերատվության բարձրացումը Վարդաձորում եւ հարակից համայնքներում»,-նշեց Ռոբերտ Սիրականյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]