Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌԴ-ում օրինական աշխատող ՀՀ եւ ՌԴ քաղաքացիները հավասար իրավունքներ ունեն. Եգանյան

ՌԴ-ում օրինական աշխատող ՀՀ եւ ՌԴ քաղաքացիները հավասար իրավունքներ 
ունեն. Եգանյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում  աշխատելու համար ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ունենալ թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ, այդ թվում` պատենտ: Այս մասին մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում օրինական աշխատելու և գտնվելու համար անհրաժեշտ է ունենալ գործատուի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր: Ընդ որում` որպես գործատու կարող են հանդես գալ նաև ֆիզիկական անձինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մանրամասնեց Եգանյանը:

Նա նշեց, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում աշխատելու ցանկություն ունեցող անձինք, ովքեր ԵՏՄ անդամ որևէ երկրի քաղաքացի չեն, պարտավոր են հանձնել  ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և օրենսդրության հիմունքների իմացությունը հաստատող փաստաթղթեր, ինչպես նաև թմրամոլության և շրջապատի համար վտանգ ներկայացնող ինֆեկցիոն հիվանդությունների բացակայությունը հավաստող փաստաթղթեր, և ՄԻԱՎ /ՁԻԱՎ-ի բացակայության վերաբերյալ հավաստագիր: «Միայն այս դեպքում նրանք կարող են Ռուսաստանում աշխատելու թույլտվություն՝ պատենտ ստանալ: Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, սկսած 2015թ. հունվարի 2-ից, պատենտ ստանալու անհրաժեշտություն չունեն: Կարող ենք փաստել, որ այս դեպքում Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները նույն իրավունքներն ունեն»,- պարզաբանեց Եգանյանը:

Միգրացիոն պետական ծառայության պետը մանրամասնեց, որ ԵՏՄ անդամ պետությունների տարածքում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների ժամանակավոր գտնվելու ժամկետը որոշվում է պայմանագրի գործողության ժամկետով: Ընդ որում պայմանագրում նշված ժամանակահատվածում ինչպես աշխատանքային միգրանտը, այնպես էլ նրա ընտանիքի անդամները, կարող են ցանկացած անգամ և ցանկացած ժամկետով դուրս գալ և կրկին վերադառնալ տվյալ երկիր:
Նա նաև ընդգծեց, Եվրասիական տնտեսական միությունը, սակայն, չի անդրադառնում անկանոն միգրացիայի հարցերին: «Ասեմ ավելին, եթե այս ընթացքում որևէ անձ Ռուսաստանում խախտի միգրացիոն օրենսդրությունը, կրկին կհայտնվի անցանկալի իրավիճակում: Եթե որևէ անձ անօրինական աշխատանք կատարի, կհայտնվի ոչ ցանկալի վիճակում: Ռուսաստանը մի կողմից պայքարում է անօրինական միգրանտների դեմ, մյուս կողմից՝ բացել է դռները օրինական միգրանտների առջև՝ հավասարեցնելով նրանց իրավունքներն իր քաղաքացիների իրավունքներին»,- եզրափակեց ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության պետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am