Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Մի լուսանկարչի պատմություն»` Հրայր Բազե. կյանքի դիպվածն ստիպեց պատերազմի վավերագրողին այլևս պատերազմ չնկարել

«Մի լուսանկարչի պատմություն»` Հրայր Բազե. կյանքի դիպվածն ստիպեց 
պատերազմի վավերագրողին այլևս պատերազմ չնկարել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի յուրաքանչյուր ակնթարթը հավերժացնող հրաշք սարք լուսանկարչական ապարատը կարող է հայտնվել յուրաքանչյուրիս ձեռքում, բայց միայն ընտրյալների շնորհիվ այն կծառայի իր իրական նպատակին: Որքանով ենք ճանաչում Հայաստանի նորագույն պատմությունը կերտած ու կերտող լուսանկարիչներին, ինչ գիտենք նրանց մասնագիտական ուղու և մարդկային հատկանիշների մասին: «Արմենպրես»-ը սկսում է նոր հատուկ նախագիծ` «Մի լուսանկարչի պատմություն» խորագրով:


Երեխայական հետաքրքրասիրությունն ու նետված մարտահրավերը Հրայր Խաչերյանին դարձրին Հրայր Բազե լուսանկարիչ

Դպրոցի ժամանակ էր, երբ 11-12 տարեկան էի, ընկերներիցս մեկի եղբայրը լուսանկարիչ էր, նկար էր տպում, երբ հարցրեցի` ինչպես է նկարը դուրս գալիս, ինչ գործընթաց է, ասաց` շատ դժվար է, չես հասկանա: Հաջորդ օրը վերցրեցի մի փոքրիկ ապարատ ու սկսեցի փորձարկել: Կամաց-կամաց սկսեցի նկարել, սկզբում դասընկերներիս ֆուտբոլ խաղալուց, դասարանները: Հետո երբ դարձա 18 տարեկան, կարողացա ավելի լավ ապարատ վերցնել: Երբ Ամերիկա գնացի ու օդանավորդություն ուսանեցի, այդ ժամանակ էլ օդանավից էի նկարում ներքևը: Ամերիկայում այդ գործն առաջ գնաց, հետո վերադարձա Լիբանան, թերթում աշխատող լուսանկարչի օգնականն էի: Խանութ ուներ, ես մնում էի, նա գնում-լուսանկարում էր, գալիս ու բերում էր նկարները, մշակում էինք, այդ նկարները նա վաճառում էր թերթերին: Այդ ժամանակ էր, որ ֆոտոլրագրության հետ կապված հետաքրքրություն առաջացավ ու երբ Կանադա գնացի, սկսեցի թերթերի հետ աշխատել: 1985-ին գնացի Մոնրեալ, ուր նկարում էի փարիզյան մի լրատվական գործակալության համար: Այն ժամանակ սլայդներ էինք նկարում, դրանք բազմացնում էինք, ուղարկում ամսագրերին ու թերթերին:


Շատ դժվար պայմաններ էին ու համարյա գումար չէինք ստանում, որքան վաստակում էի, ծախսում էի այդ լուսանկարներն անելու համար պտտվելու վրա: Հետո ամուսնացա, երեխաներ ունեցա, լուսանկարչական խանութ բացեցի, տիկնոջս հետ այնտեղ էինք աշխատում, շրջանակներ էինք կազմում:

Ծանոթություն Արցախի հետ` ընդհուպ մինչև պատերազմի լուսանկարիչ դառնալը

Ղարաբաղյան շարժման տարին էր` 1988 թվականը, երբ հայերը բողոքի ցույցեր էին անում Կանադայի սովետական հյուպատոսության առջև: Այդ ժամանակ իմ մեջ առաջացավ հետաքրքրություն ճանաչել Արցախի ու Հայաստանի պատմությունը: Այդ ժամանակ էր, որ իմացա Արցախի մասին, այն, որ հայկական տարածք է ու սովետական շրջանում այն տվել են Ադրբեջանին, ասացի` լավ գնամ, սեփական աչքերով տեսնեմ: 1992-ին առաջին անգամ առիթ ունեցա լինել Արցախում, լուսանկարեցի Արցախի պատերազմը: Ճիշտ է Լիբանանում էլ նկարել եմ պատերազմ, բայց այն ավելի շատ ռմբակոծություն էր, այս մեկը կռվի դաշտ էր:


Հրայր Բազեի լուսանկարների առաջին գիրքը` «Արցախը», հրատարակվել է 1997 թվականին, որից հետո լույս են տեղել «Ղարաբաղ. 100 լուսանկարներ»-ը, «Երկիրը», որը պատկերում է Արևմտյան Հայաստանը, «Թռչելով բարձր» գիրքը, որում Հայաստանը պատկերող լուսանկարներն են` արված ինթնաթիռից, 40, 45, 50 նյուդերը, Հայկական զարդարվեստն ու զարդատառերը ներկայացնող գրքերը, աշխարհի հայկական եկեղեցիները պատկերող գիրքը, դեռևս վերջինը «100» խորագիրը կրող հաստափոր ալբոմն է, որում ներկայացված են լուսանկարչի 1000-ից ավելի աշխատանքներ:

Լուսանկարչությունն, անկասկած, արվեստ է

Շատերը մեզ շատ լուրջ չեն ընդունում, կարծում են, որ միայն հարսանիք լուսանկարող ենք: Չնայած հարսանիք լուսանկարողներ էլ կան, որ շատ բարձր մակարդակով են դա անում ու արվեստ են դարձնում իրենց աշխատանքները: Առանց կասկածի պիտի ասեմ, որ լուսանկարչությունն արվեստ է: Ուղղակի նկարներն իրար կողք դնելով չի, որ կարող ես գիրք-ալբոմ ստանալ, այլ արժեք ներկայացնող լուսանկարներ պետք է լինեն: Եկեղեցիների շարքն օրինակ, մի ամբողջ ժողովրդի ցիրուցան լինելու պամությունն է, միայն ճարտարապետություն չէ:  


Զարդարվեստի դեպքում մոտեցումը լրիվ այլ է. լուրջ, հատուկ մոտիկից նկարված լուսանկարներ պիտի լինեն, արևի սպասելու հարց կա, խաչքարը ինչ-որ կողմից պիտի լուսավորվի: Բոլորը հաշվարկներ են, այնպես չի, որ միանգամից գնում ես այնտեղ, նկարում ու գալիս ես: Պլանավորելը կարևոր մաս է մեր աշխատանքում: Ուղղաթիռից նկարելն այլ համ է տալիս. տեսնում ես, որ միևնույն կառույցները, եթե գետնի մակարդակից նկարես, այլ է, վերևից` լրիվ այլ: Հետաքրքիր գույներ են, կարծես գեղանկարչություն լինի:

Նյուդի դեպքում (ուղղություն լուսանկարչության մեջ, երբ լուսանկարում են մերկ մարմիններ) պետք է ամեն ինչ ճաշակով լինի, թե չէ լուսանկարը պոռնոգրաֆիկ կդառնա: Մոտեցումը աղջիկների հանդեպ, անկյունները, որ օգտագործում ես, այդ ամենը շատ կարևոր է: Բացի այդ` ամեն աղջիկ իր նրբությունն ու զգացումներն ունի, պետք է զգույշ լինես, որ չվնասես այդ մարդուն: Երբ մարդ ես նկարում, հատկապես աղջիկ, պետք է ավելի նուրբ մոտեցումներ ունենաս, որ չվիրավորես նրա զգացումները, մտածես նրա ներկայի ու ապագայի մասին: Հետո ես էլ աղջիկներ ունեմ, մտածում եմ` լավ, եթե ինչ-որ մեկն ուզենար իմ աղջիկներին լուսանկարեր, ես ինչպես կցանկանայի, որ նա դա աներ: Այդ նույն նրբությամբ ես եմ լուսանկարում աղջիկներին: Դա էլ վարպետություն է պահանջում ոչ միայն տեխնիկական, այլ մարդկային մոտեցմամբ:

Լուսանկարչական տեխնիկայի զարգացումը չթուլացրեց կադր որսալու զգոնությունը

Ճիշտ է` ժամանակի հետ փորձառություն ես ձեռք բերում, բայց նաև այժմյան տեխնոլոգիան թույլ է տալիս տեսնել նկարը, ջնջել, նորից նկարել` չհավանելու դեպքում: Այն ժամանակ շատ դժվար էր, մեզ հետ 40 ժապավեն էինք բերում,  ու ամեն կադրը հաշվարկված էր: Այն պարագայում, երբ ժապավեն էինք օգտագործում, ավելի ուշադիր էինք լուսաանկարելիս, բայց դա չի նշանակում, որ հիմա ուշադիր չենք: Այն ժամանակ, երբ եկեղեցին նկարում էինք մի լայն անկյունով ու մեկ-երկու ավելի փոքր դիտանկյունից ու դա բավարար էր, քանի որ լենտը չէր բավականացնելու, հիմա տարբեր կողմերից ու դիտանկյուններից կարող ենք նկարել, ստանալ շատ լավ որակ:

Իմ գործունեության ընթացքում 50-ից ավելի լուսանկարչական սարք եմ ունեցել, այս պահին 6 հատ ունեմ, որոնցից յուրաքանչյուրը օգտագործում եմ հատուկ դեպքերում:

Լուսանկարչությունը վազք է` մի դեպքում` արագ, մյուսում` մարաթոնային

Լուսանկարչությունը սպորտի հետ կարելի է համեմատել: Արագ վազք, երբ շատ արագ պետք է 100 մետր վազես ու հասնես թիրախիդ: Նույն ձևով շատ արագ պետք է կադր որսաս ու երկար շնչով լուսանկարչությունը, օրինակ 10, 17 և 20 տարվա աշխատանք, ինչպիսին են իմ գրքերը: Դա արդեն նման է մարաթոն վազողներին, երբ պետք է շունչը պահես, որ գնաս ու հասնես վերջնակետին:

Մեր աշխատանքն այնքանով է հետաքրքրիր, որ անընդհատ շփումներ են լինում, ոչ թե մեկ անգամ տեսնում ես մարդուն ու վերջ, այլ այդ գործընթացը շարունակվում է: Այս արցախցի աղջկան ծնունդի ժամանակ նկարել եմ սեղանի կողքին նստած, ոնց որ հրեշտակ լինի:

Նույն աղջկան նկարել եմ քսան տարի հետո, գտել եմ նրան ու լուսանկարել Արցախի վանքերից մեկում: Այսպիսով` քսան տարվա ընկերություն է ձևավորվում. քսան տարի չէիք տեսել իրար, բայց հետո իրեն հայտնաբերեցի նորից:

Այնքան դրական էներգիա կա մեջս, ուզում եմ միայն դա փոխանցել մարդկանց

Տարբեր ոլոտների մեջ մտել եմ, ամեն տեսակ համուհոտ վերցրել եմ: Նույնիսկ պատերազմ եմ լուսանկարել: Պատմականորեն կարևոր էր Արցախյան պատերազմը լուսանկարելը, արել եմ, բայց երևի էլ չեմ նկարելու այդ ուղղությամբ: Ավելի դրական էներգիա ունեմ, որը ուզում եմ փոխանցել:

Լուսանկարիչները պետք է կարևոր բաները նկարեն, կան ցավալի պայմաններ, անարդարություններ, այդ ամենը պետք է նկարվի, ինչը և արվում է: Բայց ես էլ դրական կողմն եմ ավելացնում ու իրար ամբողջացնում ենք:

Երբ Արցախում էի, այդ տղերքին, որ նկարում էի, մի մասը մահանում էին, այլևս չէի կարողանում լուսանկարել` իմանալով, որ նրանք մի օր կարող է էլ չլինեն: Արցախ գրքի մեջ մի լուսանկար կա, որի պատմությունը մի տեսակ վատ հետք թողեց ինձ վրա: Մենք իջնում էինք դեպի Հադրութ, Հադրութից մեր մի խումբ տղաներն էին գալիս, եթե մենք ավելի շուտ հասնեինք, ականի վրա մենք կպայթեինք, բայց նրանք ավելի շուտ հասան ու պայթեցին: Տղաներից մեկը ողջ էր, որին լուսանկարում էի ու մտածում էի` բժիշկները կհասնեն, ոտքը կվիրահատեն, թեկուզ կկտրեն ու առանց ոտքի, բայց կապրի: Բայց մինչ նկարում էի, արյունաքամ եղավ իմ աչքի առաջ:

Դրանից հետո դադարեցի նկարել պատերազմական լուսանկարներ: Ասացի, որ ինձ համար չէ այդ տանջանքը: Ես նախընտրում եմ մշակութային, դրական կողմը ցույց տալ, որպեսզի մարդիկ տեսնեն, կտրվեն վատ լուրերից: Ես հեռուստացույց էլ չեմ նայում, դրանով միշտ լարված իրավիճակներ են` սպանություն, ահաբեկչություն… Շատ բաներ կան կյանքում, որ պետք է վայելել, դա փոխանցելն եմ համարում իմ առաքելությունը: Այս ամենը հիվանդության (տարիներ առաջ Հրայր Բազեի մոտ բժիշկներն ախտորոշել էին թոքի քաղցկեղ ու ընդամենը 10 օրվա կյանք կանխատեսել) արդյունքն է: Եթե հիվանդությունը չլիներ, ես կմնայի որպես հարսանիք լուսանկարող: Բժիշկներն ասացին, որ տասը օրից կմահանաս, այդ ժամանակվանից ծծումբի նման կյանքից փորձում եմ քաշել ամենալավը:  

Պատրաստեց Անի Նազարյանը

Հետգրություն հեղինակից. Երբ օրերից մի օր ձեռքս վերցրի գործընկերոջս աշխատանքային գործիքը` լուսանկարչական սարքը, հասկացա, որ երկու կիլոգրամանոց լուսանկարչական ապարատի դիմաց իմ լրագրողական 50 գրամանոց ձայնագրիչը ոչինչ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]