Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 3/2. Օրուելի գործերը կրկին պահանջված են

Երևանյան բեսթսելեր 3/2. Օրուելի գործերը կրկին պահանջված են

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է հանրության դատին հանձնել իր հեղինակային «Երևանյան բեսթսելեր» նախագիծը: Լրատվական գործակալությունը, կարևորելով գրքի և գրականության նկատմամբ հետաքրքրություն սերմանելու գաղափարը, առաջիկայում նախատեսում է միջազգայնորեն համադրելի նոր մեթոդաբանություն կիրառել՝ նորացնելով և թարմացնելով բեսթսելերը և նրա կազմման եղանակը:

Դե իսկ այս շաբաթ նախագծի վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորում է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էկզյուպերիի ամենահայտնի երկը: Այն հայերեն վերահրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

 Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքն այս շաբաթ երկրորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:

Ջորջ Օրուելի  «1984» վեպը երրորդ հորիզոնականում է: Այն ընդգրկված է «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում: Գիրքը մինչ օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:  

«Անտարես» հրատարակչությունը վերահրատակել է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» սիրված և սկանդալային գիրքը: Երկհատոր ստեղծագործությունը բեսթսելերի չորրորդ հորիզոնականում է:

«Էդիթ պրինտ»-ի նոր հրատարակությունը` Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» ստեղծագործությունը հինգերորդ հորիզոնականում է: «Փոքրիկ Իշխանը» վիպակը սիրում են և՛ փոքրերը, և՛ մեծահասակները: Այն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունն է: Գրքի վերջում ընդգրկված են նաև Էքզյուպերիի խոհերը և աղոթքը:

Վեցերորդ հորիզոնականում է «Ո՞ւր է իմ պանիրը» գործը, որն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է: Այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Անգլիացի գրող Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը ևս ընդգրկվել է «Երևանյան բեսթսելերի» ցուցակում: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:

Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» բեսթսելերը, որ բնորոշվել է իբրև XIV դարի դեկորներում ծավալվող փիլիսոփայական կամ աստվածաբանական դետեկտիվ, միջնադարյան աշխարհն իր բոլոր շերտերով ընդգրկող հանրագիտարանի արժեք ունի և դրա հետ մեկտեղ պոստմոդեռնիստական գրականության կոթողներից մեկի համարում: Նոր «Վարդի անունը», որտեղ հեղինակը բազմաթիվ խմբագրական ու լեզվական շտկումներ է արել, ինչ-ինչ կրճատումներ, մասնավորապես լատիներեն մեջբերումների առումով, լույս տեսավ 2013-ին, և ֆրանսերենից հետո հայերենը երկրորդ լեզուն է, որով թարգմանվել է:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը իններորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

 «Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն վերահրատարակել է «Բուկինիստ» հրատարակչությունը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական,տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 +2

Անտուան դը ՍենտԷկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 33
2 0 Վահան Հովհաննիսյան «Մանդիլիոն» Անտարես 19
3 +7 Ջորջ Օրուել «1984» Անտարես 19
4 *

Հովիկ Չարխչյան

«Սուլամիթա. Սևակի մեծ սերը»

Անտարես 18
5 -4

Անտուան դըՍենտ-Էքզյուպերի

«Փոքրիկ Իշխանը»

Էդիթ

Պրինտ

13
6 0 Սպենսեր Ջոնսոն «Ո՞ւր է իմ պանիրը»

Էդիթ

Պրինտ

12
7 * Ջորջ Օրուել «Անասնաֆերմա» Անտարես 11
8 * Ումբերտո Էկո «Վարդի անունը» Անտարես 9
9 -4

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 8
10 -5

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 7

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]