Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լիտվայի արդարադատության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լիտվայի արդարադատության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարարությունները մարտի 5-ին կնքել են արդարադատության ոլորտում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել արդյունավետ համագործակցել քրեական, քաղաքացիական օրենսդրության, քաղաքացիական և քրեական գործերով դատական համագործակցության, նոտարների և դատական կարգադրիչների, իրավաբանական անձանց գրանցման ոլորտներում:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ սա լիտվացի գործընկերոջ առաջին աշխատանքային այցն է Հայաստան, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների համար հետաքրքրության ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Դրանք վերաբերել են դատաիրավական բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդրին:

 «Ի դեպ, մեզ համար անակնկալ էր, որ ընդամենը վերջերս կառավարությունում քննարկված ու հաստատված կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մարմնի  մոդելի համանմանը գործում է նաև Լիտվայում: Մենք գործընկերոջ հետ քննարկեցինք դրա առանձնահատկությունները, լիտվական կողմի փորձը, որը մենք կարող ենք հաշվի առնել և կիրառել Հայաստանում»,-ասել է Հովհաննես Մանուկյանը:

Այցի ընթացքում քննարկվել են նաև պրոբացիոն ծառայությանը վերաբերող հարցեր: Լիտվացի գործընկերոջը ներկայացվել են  քրեակատարողական հիմնարկում կատարված աշխատանքները և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելելու հնարավորություն ընձեռվել, որտեղ Յուոզաս Բեռնատոնիսը ծանոթացել է կառույցի գործունեությանն ու  շինարարության ընթացիկ վիճակին:

Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսը շնորհակալություն է հայտնել Հովհաննես Մանուկյանին հրավերի և ջերմ ընդունելության համար, միաժամանակ կարևորել ստորագրված հուշագիրը:

«Այս փաստաթղթով երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցությունը կդառնա էլ ավելի կանոնավոր՝ գրանցելով ավելի մեծ արդյունքներ: Հուսով եմ, որ մենք կփոխանակվենք ոչ միայն կատարված լավ աշխատանքի փորձով, այլև կկարողանանք իրար փոխանցել այն խնդիրներն ու սխալները, որոնք առաջանում են մեր գործունեության ընթացքում. դրանց լուծմամբ կհասնենք համակարգի կատարելագործմանը»,- նշել է  Յուոզաս Բեռնատոնիսը և ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին պաշտոնական այցով հրավիրել Լիտվա:

Լիտվայի գործընկերը, Հայաստան կատարած այցի շրջանակում, այսօր եղել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգել 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հայաստանի և Լիտվայի արդարադատության նախարարները այցելել են նաև Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել փաստագրական նյութերին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]