Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանը արժևորել է Վազգեն Սարգսյանի դերը ազգային բանակի կազմավորման գործում

Սեյրան Օհանյանը արժևորել է Վազգեն Սարգսյանի դերը ազգային բանակի 
կազմավորման գործում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակի և «Պատանի երկրապահ» ակումբի սաների երդման արարողության միջոցառումների շարքը մարտի 5-ին սկսվել է Եռաբլուր պանթեոնում, ուր Սպարապետին հարգանքի տուրք մատուցելու էր եկել բարձրաստիճան սպայակազմը՝ ՀՀ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման մասնակիցները ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել անհայտ կորածների հուշահամալիրին: Այնուհետև ներկաները Սեյրան Օհանյանի և Արմեն Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ են դրել և խոնարհվել Վազգեն Սարգսյանի շիրմաքարին:

Մարզահամերգային համալիրի հրապարակում տեղի է ունեցել «Պատանի երկրապահ» կամավորականների երդման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, մի շարք բարձրաստիճան զինվորականներ, քաղաքացիական ծառայողներ, Արցախյան ազատամարտի վետերաններ։ Երևանից և բոլոր մարզերից հավաքված հազարավոր պատանի երկրապահներ ծնկի իջած երդվել են դառնալ հայոց բանակի արժանի զինվորը և պատվով շարունակել Սպարապետի գործը։ Պատանիներին իր օրհնության խոսքն ասել է ԶՈՒ հոգևոր փոխառաջնորդ, հայր Մովսեսը, նշելով, որ այս օրը ինքնաճանաչողության օր է՝ միտված ծանոթանալու մեր ազգի հերոսներից մեկի՝ Վազգեն Սարգսյանի անցած ուղուն և վերաիմաստավորելու մեր ներկան։ Հավաքվածներին ողջունել է նաև երկրապահ կամավորական միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, շնորհավորելով պատանի երկրապահներին, ընդգծել է, որ այս տարին բացառիկ է այն առումով, որ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կողմից մարտի 5-ը հռչակվել է Պատանի երկրապահների օրհնության օր և Էջմիածնի Մայր տաճարում ու առաջնորդանիստ եկեղեցիներում անցկացվելու է պատանի երկրապահների օրհնության կարգ։ Մանվել Գրիգորյանը խոսել է նաև Վազգեն Սարգսյանի՝ ազատագրական պայքարում մեծ ներդրման մասին և ներկաների ու իր անունից շնորհավորել Սպարապետի ծննդյան տարեդարձը։ Օրվա խորհրդի ու կարևորության մասին խոսել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Պատանիներին շնորհավորելով երդման կապակցությամբ՝ նախարարը նշել է, որ Վազգեն Սարգսյանի երազած երկիրն այսօր զարգացում է ապրում, և պատանի երկրապահները լինելու են հզոր հայրենիքի կառուցման հիմնասյուները։ Միջոցառման ավարտին պատանի երկրապահները ներկայացել են ցուցադրական ելույթներով, որին հաջորդել է հանդիսավոր քայլերթը։

Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակի միջոցառումների շարքը ամփոփվել է ՊՆ վարչական համալիրում Արայիկ Մանուկյանի  «Վազգենը...» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրմամբ, որին ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև սպարապետի մտերիմներն ու հարազատները:

Ցուցադրության ավարտին նախարար Սեյրան Օհանյանը վերհիշել է առանձին դրվագներ իր և Վազգեն Սարգսյանի հանդիպումներից, արժևորել է նրա դերը ազգային բանակի կազմավորման և ձևավորման, ինչպես նաև սերունդների հայրենասիրական դաստիարակության գործում:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]