Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում ԲՀԿ-ից հապճեպ քայլեր և որոշումներ չակնկալել

Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում ԲՀԿ-ից հապճեպ քայլեր և որոշումներ չակնկալել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ժամանակ է հարկավոր հետագա մարտավարությունը մշակելու համար: ԲՀԿ 8-րդ համագումարի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԲՀԿ նոր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց ԲՀԿ-ից հապճեպ քայլեր և հայտարարություններ չսպասել: «Ըստ էության չշեղվելով մեր ծրագրային դրույթներից, մենք պետք է փորձենք մշակել նոր մարտավարություն, գծել ճանապարհային մեր քարտեզը: Մեզ հիմա ժամանակ է հարկավոր: Մենք հապճեպ քայլեր չենք անելու, մեզանից հապճեպ որոշումներ և հայտարարություններ մի սպասեք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զոհրաբյանը:

Նա նաև հայտարարեց այն մասին, որ ԲՀԿ-ն այսուհետ հանդես է գալու ընդդիմադիր դաշտում: ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստում, որը հաջորդել է կուսակցության համագումարին, մենք որոշել ենք, որ հանդես ենք գալու ընդդիմադիր դաշտում: Ես՝ որպես Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար, առաջիկա քառօրյա նիստի ընթացքում կհայտարարեմ այդ մասին»,- ասաց Զոհրաբյանը:

Հարցին, թե կուսակցության օրակարգում արտահերթ ընտրությունների հարց կա՞, Զոհրաբյանը կրկնեց, որ իրենք պետք է մշակեն հետագա մարտավարությունը, որը պետք է լինի միասնական քննարկումների արդյունքում: «Հարցեր կան, որոնց պատասխանները մենք հիմա չունենք: Մեզ հիմա ժամանակ է պետք՝ կուսակցության նոր մարտավարությունը մշակելու համար»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Կուսակցության նորընտիր նախագահը վստահեցրեց, որ ակտիվ քաղաքականությունից հեռանալու որոշումը եղել է բացառապես Գագիկ Ծառուկյանի անձնական որոշումը: «Մենք բոլորս էլ պետք է հասկանանք, որ այն մեծ ավանդը, որ ունեցավ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի քաղաքական դաշտում նման ուժեղ, հանրության վստահությունը վայելող կուսակցության ստեղծման գործում, ուղղակի անուրանալի է, իսկ ակտիվ քաղաքականությունից հեռանալը եղել է բացառապես Գագիկ Ծառուկյանի անձնական որոշումը»,- նշեց ԲՀԿ ղեկավարը:

ԲՀԿ 8-րդ համագումարի ընթացքում կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հայտարարել է կուսակցության ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին: ԲՀԿ-ն այսուհետ կղեկավարի ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]