1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ցեղասպանության պատճառով կորստյան մատնված ձեռագիր-մատյանների թիվը կարող է գերազանցել 30 հազարը

Ցեղասպանության պատճառով կորստյան մատնված ձեռագիր-մատյանների 
թիվը կարող է գերազանցել 30 հազարը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հետևանքով մարդկային մեծաթիվ կորուստներից, խեղված ճակատագրերից զատ հայերը կրել են են նյութական մշակույթի կորուստներ, այդ թվում` հին հայկական ձեռագրերի: Հայոց ցեղասպանության պատճառով կորստյան մատնված ձեռագիր-մատյանների թիվը հաշվարկներով շուրջ 30 հազար է: Հայոց ցեղասպանության հետևանքով կորած ու փրկված ձեռագրերի, ինչպես նաև կորստյան մատնված ձեռագրերի հետվերադարձի մեր անելիքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Մայր ցուցակի և Ձեռագրագիտության բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանի հետ:

-Անդրադառնանք Հայոց ցեղասպանության հետևանքով կորած ձեռագրերին, որքա ՞ն է դրանց ստույգ թիվը, խոսվում է մոտ 30 հազար կորած ձեռագրերի մասին:

-Խնդիրը հետևյալն է` բանասերները ձեռագրերի նկարագրություն, հաշվառում սկսեցին 1880-ականների: Մամուլում կամ գիտական գրականության մեջ նկարագրված ձեռագրերի քանակը, որոնք Արևմտյան Հայաստանում արձանագրվել են և որոնք Եղեռնից հետո չկան ու չգիտենք գոյություն ունեն, թե ոչ, 9 հազարից ավելի են: 1880-ից մինչև 1915-ականները թվականը 30-35 տարի է լինում, որը բավական քիչ ժամանակ է արձանագրում կատարելու համար: Հաշվի առնելով հանգամանքը, որ Արևմտյան Հայաստանի բնակավայրերի մեջ ամեն եկեղեցի պետք է ձեռագիր գիրք ունենար, 30 հազար թիվը կարող է քիչ լինել: Ինչ են եղել դրանք, չգիտենք, կարող են տարբեր ճակատագրի արժանացած լինել:

Ամենահամեստ հաշվարկներով` որևէ եկեղեցու որևէ քահանայի գործածության համար ծիսական առնվազն տասը մատյան պետք է որ լիներ` Ավետարան, Սաղմոսարան, Մաշտոց, Ժամագիրք, Տոնացույց, Ճաշոց, Այսմավուրք, հոգևորականները լավ գիտեն, թե ինչ կնշանակի դա: Մեծ բնակավայրերում, բնականաբար, մեկից ավելի քահանաներ կային, իրենց ձեռքի գիրքն էր դա:

Արևելյան Հայաստանի տարածքում մինչև 1909 թվականն էին այդպիսի ձեռագիր ծիսական գրքեր օգտագործվում, քանի որ այդ տարի հոկտեմբերին Մաթեոս Երկրորդ կաթողիկոսը Կոնդակ հրապարակեց ու, այն ժամանակվա բառով ասած, ռուսահայ թեմերի առաջնորդներին ու վանքերի հայրերին կարգադրեց իրենց ձեռքի տակ եղած ձեռագրերը հանձնել Մայր Աթոռի Մատենադարան ու դրա դիմաց ստանալ գրքերի տպագիր տարբերակը: Այդ Կոնդակի ուժով բավական շատ ձեռագիր հավաքվեց` Տաթևի, Սևանի, Սանահինի, Հաղպատի ձեռագրերը, էլ չասեմ այս կամ այն գյուղի քահանայի ձեռքին եղած Մաշտոցն ու այլ ծիսական գիրք: Ցավոք սրտի, նույն շրջանում Արևմտյան Հայաստանում նման բան անել հնարավոր չէր, ուշ էր արդեն:

-Ինչքա՞ն է փրկված ձեռագրերի քանակն ու ի՞նչ եղանակով հնարավոր եղավ դա իրականացնել:

-Գալով փրկված ձեռագրերին` ճշգրիտ մեզ հայտնի է Մատենդարան եկած ձեռագրերի ընդհանուր քանակ, որոնք կազմակերպված տեղափոխվել են Էջմիածնի ներկայացուցիչ հոգևորականների ձեռքով` առանձնապես Լիմ անապատի վերջին վանահայր Հովհաննես Հյուսյան վարդապետի, ով իր ձեռքին ուներ կաթողիկոսի Կոնդակը:  Այդ Կոնդակը հրահանգում էր այլ մարդկանց աջակցել այս վարդապետին իր առաքելությունը հաջող իրականացնելու գործում:

Նրա տեղափոխածը, առանձին գաղթականների բերած ու Էջմիածին հանձնած ձեռագրերի քանակը, որոնք այսօր Մատենադարանում են, 1730 միավոր է, որը 31 հազար պահպանված հայկական ձեռագրերի շարքում մեծ թիվ է կազմում:

Փրկված ձեռագրերը, հիմնականում, Վասպուրականից են, մի փոքր չափով նաև Մուշից` 103 ձեռագիր, այդ թվում` նշանավոր Մշո ճառընտիր` մեր ամենամեծ ձեռագիրը:

Վասպուրականի ձեռագրերի փրկությունից առաջ տարբեր մարդիկ տարբեր ձևերով նկարագրել ու արձանգրել են բավականին մեծ քանակով ձեռագրեր, ու այնքան, որքան փրկվել է, նույնքան էլ չի փրկվել:

Մի փաստ միայն` 1895 թվականի ջարդերի ժամանակ Վասպուրականի նշանավոր վանքերի ձեռագրերը միաբանները թաքցրել էին թաքստոցներում ու 1910 թվականի շրջանում էր, որ Երվանդ Լալայան ազգագրագետը նկարագրում էր, որ շատ բաներ այդ թաքստոներից էին հանում ու տեսնում էին, որ  ինչ-որ չափով վնասվել է, նույնիսկ փռում էին արևին, որ հետ բերեին այդ վիճակից:

Նույն տեսակի թաքստոցներ` բավական շատ, չբացված էին մնացել 1915 թվականին, երբ Հովհաննես Հյուսյան վարդապետը տեղափոխման նպատակով գնացել էր: Նա իր հուշերից մեկում պատմել է, թե Աղթամարում վերակացու կար Պետրոս անունով, ով թաքստոցի տեղը ցույց չտվեց, որոշ ժամանակ անց այդ թաքստոցը գտել էին թուրքերը և ձեռագրերը բերել էին Վան քաղաքի կենտրոնում լցրել ու գերի հայերին կանչել ու հարցրել, թե դրանք ինչ գրքեր են: Գերիներից մեկի` Արսեն Կիրակոսյանի պատմածի համաձայն, հայերը նայել են ու ասել են, որ սրանք ձեռքով են գրված` հին հայրերենով, որը իրենք կարդալ ու բացատրել չեն կարող:

Հետո նույն Արսեն Կիրակոսյանը պատմել է, որ ձեռագրերը բարձեցին «օթոները» ու տարան չգիտեմ ուր, գուցե Էնկյուրի, դա Անկարան է ու այս կարգի տեղեկությունների հիման վրա, կարծում եմ, որ շատ ձեռագրեր, հավանաբար, թուրքական թանգարաններում պետք  պահվելիս լինեն: Վանքերն ու եկեղեցիներն ավերելուց զատ մշակութային կորուստ է նաև սա:

Մենք ունենք նաև Արցախի ձեռագրերի կորուստների փաստեր: Առաջին համաշարհայինի ժամանակ հայերի կոտորածաներ եղան նաև Շուշիում, Ագուլիսում, ինչպես նաև Բաքվում, որը միևնույն ժամանակ ձեռագրերի կորուստ գրանցեց: Շուշիի հայկական թաղը վառվեց ու Առաքել Բաղատրյանի, ով ունի հայկական տաղաչափության մասին ուսումնասիրություն, որը Չարենցը բավական բարձր է գնահատել ժամանակին, 80 ձեռագրերը կորան: Ագուլիսի Սուրբ Թովմա առաքյալի վանքում 90-ի չափ ձեռագիր կար, հիմա չկա: Առանձին միավորներ այստեղ-այնտեղ հայտնվել են, Ամերիկայից մի հատ էլ մենք ենք բերել, Վենետիկ, բայց ամբողջությունը չկա:

Բաքվում էլի ձեռագրեր ունենք այս պահին, որոնք հայաբնակ վայրերից հավաքել, տարել են:

-Երևանի Մատենադարանը երբևէ դիմե՞լ է թուրքական թանգարաններին  ուսումնասիրություններ կատարելու համար հայցով, որպեսզի համոզվի` այնտեղ կան հայկական հին ձեռագրեր:

-Չէ, առիթ ու հնարավորություն չի եղել, որ դիմենք: Պոլսում պատրիարքություն ունենք, որն ինչ-որ չափով հասկացող մասնագետներ ունի, որոնք այս ու այն անկյունից հավաքում են, բայց պետական հաստատությունների հետ խոսակցություններ վարելու իրավունք չունեն: Մենք էլ գիտենք, որ հիմա պետությունների մակարդակով հարաբերություններ չկան, ըստ այդմ` չենք կարող:

Կողքից լսում ենք, որ Թուրքիայի այսինչ պաշտոնյան հայտնեց, որ իրենց արխիվները բաց են, իսկ Հայաստանինը բաց չեն. այդ ամբողջը դեմագոգիա է: Եթե գնանք ու ասենք, որ իրենց մոտ եղած հայերեն ձեռագրերը ցույց տան, կասեն, որ չունեն:

Սա միջազգային դատական ատյանների կողմից լուծվելիք հարց է: Եթե արխիվները ոչնչացրել են, որ հանցագործների հետքերը վերացնեն, ապա չի բացառվում նաև, որ ձեռքները գնար այդ տեսակ արժեքների (ձեռագրերի) վրա:

-Բայց կարո ՞ղ ենք հույս փայփայել, որ պահպանվել են հայկական ձեռագրերը:

-Պահպանվել են, այո, եվրոպացի մասնագետներ պատմել են մի առիթով, որ իրենք տեսել են այդ տեսակ բաներ, նույնիսկ մեկը Անկարայի Ներքին գործերի նախարարության արխիվում է տեսել ձեռագրեր:

Ինձ մի քանի տարի առաջ առաջարկում էին, որ Թուրքիայի մի քաղաքից մի քանի արկղ ձեռագիր կտանեն Իտալիայի ինչ-որ մի քաղաք, ես Երևանից կգնամ, դրանք կտեսնեմ, իրենց ներկայացուցչի հետ մոտավոր գին կորոշենք ու ես կաշխատեմ գումար գտնել ունևոր մարդկանցից, որպեսզի գնեմ այն: Նա պետք է թաքուն բերեր, ասում էին` իրենց մոտ տասնամյակներով ընկած է, ոչինչ չի արվում դրանց հետ: Նա աշխատում էր սրանից օգուտ քաղել, հետո չգիտեմ ինչ պատահեց, գլուխ չեկավ գործը, թե ինձ չվստահեցին, թե մեզանից դուրս պատճառ խանգարեց, չգիտեմ:

Դա նշանավոր քաղաքի պատմության թանգարանում էր, խոսքը մեկից ավելի արկղի մասին էր, այնպես որ կան ձեռագրեր: Մնում է, որ մենք կարողանանք ավելի ճշգրիտ փաստեր ունենալ ու դրանք օգտագործել միջազգային իրավունքի հիման վրա հետվերադարձի կազմակերպման համար: Ինչպես տարիներ առաջ Վարդգես Եղիայան անունով իրավաբանը ապահովագրական գումարների վերադարձ կազմակերպեց: Նույն ձևով, բայց դրանք շատ ավելի կարևոր բաներ են, քան դրամական հատուցումը կարող է լինել:

-Որո՞նք պետք է լինեն մեր անելիքները թե պետական, թե անհատների մակարդակով կորած ձեռագրերի հետվերադարձի առումով:

-Գիտության կամ մեր բանասեր-պատմաբանների անելիքը պետք է լինի փաստերը մեջտեղ բերելը և մյուս կողմից` իրավաբանական մշակման և օրենքների սահմաններում հետվերադարձի պահանջ պետք է դրվի:

Բացի այդ` մեր արխիվներում ու մամուլում արձանագրված նյութերը պետք է հավաքագրենք, համակարգենք, մշակենք մի կողմից` գիտական շրջանառության մեջ դնելու համար, մյուս կողմից էլ, իրավաբանների հետ համագործակցելով, փորձենք այն, ինչը հնարավոր է, պահպանվել է, հետ ստանալ:

Վերջին շրջանում մենք 1423 թվականին գրված մի ձեռագիր առանք, որի վաճառողն ասում էր, որ այն Արևմտյան Հայաստանից է եկել քրդերի ձեռքով: Բացառիկ ձեռագիր` լավ հիշատակարաններով,  մանրանկարչական բարձրարժեք հարդարանքով: Սա նույնիսկ ինչ-որ տեղ արձանագրված չի էլ եղել: Եթե մեկ հատիկը եկել է, ուրեմն էլի միավորներ կան:

Խնդիրը նրանում է, որ գիրքը ձեռագիր կլինի, թե տպագիր, մարդկանց ձեռքում էլ կա: Մենք տարի չի լինում, որ նոր մուտքեր չունենանք, նոր ձեռագրեր չունենանք: Ստանում ենք մեծ մասամբ անհատ մարդկանից: Մեկը նվիրում է, մեկը` վաճառում:

Շատ ենք խոսում ծպտված հայերի մասին, որոնք իրենց հետ ինչ-որ արժեքներ են պահել` քահանայի խաչ, թե քահանայի Մաշտոց, դրանք, բնականաբար, կա ինչ-որ տեղ, ինչ-որ մարդկանց ձեռքին: Պետք է աշխատենք դրանք հետ վերադարձնել:

Հարցազրույցն` Անի Նազարյանի



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]