Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տրայան Հրիսթեան Ռիգայի գագաթնաժողովից ակնկալիքներ ունի

Տրայան Հրիսթեան Ռիգայի գագաթնաժողովից ակնկալիքներ ունի

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպիսին են Հայաստան-ԵՄ հարաբերությունները Հայաստանի ստանձնած ինտգրացիոն նոր պարտավորություններից հետո, ինչ ծրագրեր է իրականացնել Եվրոպական միությունը Հայաստանում առաջիկա երեք տարիների ընթացքում եւ ինչ է տեղի ունենալու մայիսին Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան վերոնշյալ հարցերի շուրջ ներկայացնում է իր տեսակետը:

-Հարգելի դեսպան, ինչպիսին էր 2014թ. Հայաստան-Եվրամիություն կապերի ամրապնդման առումով: Ինչպե՞ս եք գնահատում այդ հարաբերություններն ընդհանրապես:

-Չնայած այն փաստին, որ Հայաստանը չստորագրեց ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրն ու որոշում կայացրեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, ԵՄ-ն հակված է շարունակել հետագա համագործակցությունը Հայաստանի հետ Արեւելյան գործընկերության շրջանակում այն բոլոր ոլորտներում, որոնք համահունչ են Հայաստանի ձեռք բերած վերջին պարտավորություններին: Այս կերպ, ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին աջակցություն տրամադրել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արդյունավետ կառավարումը, մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական համակարգում բարեփոխումները, շարժունակությունը: Մենք հենվում ենք 2013թ. Վիլնյուսում կայացած ԱԼԳ գագաթնաժողովի ժամանակ հնչած բարձր մակարդակի համատեղ հայտարարության վրա: 2014թ. նոյեմբերի 4-ին ԵՄ-ն եւ Հայաստանը Բրյուսելում սկսեցին խորհրդատվական քննարկումներ` ՀՀ-ԵՄ ապագա հարաբերությունների իրավական եւ քաղաքական հենքի վերաբերյալ` հաշվի առնելով Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու հետ կապված պարտավորություններն ու դրանց ազդեցությունները ՀՀ-ԵՄ ապագայի վրա: Կողմերը պայմանավորվեցին «պահպանել» չվավերացված ՀՀ-ԵՄ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի համար ընթացած բանակցություններն ու դրանք օգտագործել որպես հիմք: Արդյունքները ներկայացվել են այս տարվա հունվարի 20-ին ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի նիստում: Ինտենսիվ քննարկումները շարունակվում նաեւ նաեւ վիդեո կոնֆերանսների միջոցով, որոնք օգնում են փոխանակել տեղեկատվություն, պարզել, թե որ կետերը հնարավոր կլինի կրկին օգտագործել եւ «ԵՄ առաջարկներից», որոնք պետք է ճշգրտվեն` հաշվի առնելով Հայաստանի ԵՏՄ-ի հետ ունեցած պարտավորությունները: Մենք բոլորս պետք է ունենանք համապատասխան ակնկալիքներ ԱլԳ Ռիգայի գագաթաժողովին:

-Առաջիկա երեք տարիներին Եվրամիությունը նախատեսում է մեծածավալ ծրագրեր իրականացնել Հայաստանում: Կխնդրեի մի փոքր մանրամասնել այդ ծրագրերն ու նաեւ ներկայացնել, թե ինչ ակնկալիքներ ունեք այդ ծրագրերի արդյունքից:

-ԵՄ-ն խրախուսում է Հայաստանի կառավարությանը ձեռնարկել եւ իրականացնել ավելի հավակնոտ բարեփոխումներ ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ոլորտներում: Եվ ես կարծում եմ, որ մեր ուշադրության կենտրոնում կլինի ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը` ուղղված այդ արժեքների պահպանությանը: Քանի դեռ արդյունավետ կառավարումը, դատական համակարգում բարեփոխումները, մարդու իրավունքները չեն հանդիսանում ԵՏՄ-ի ինտեգրացման պաշտոնական մասը, ապա ԵՄ-ն կարող է Հայաստանում գործունեություն իրականացնել, իսկ Հայաստանը` ցույց տալ իր նվիրվածությունը բարեփոխումներին: Մարդու իրավունքների համար տրամադրվելիք աջակցությունն այս առումով հանդիսանում է դրական քայլ եւ միաժամանակ լակմուսի թուղթ: Բացի այդ, GSP+ համակարգի համար մոնիտորինգը, մասնավորապես Հայաստանի կատարողականն ու ձեռնարկված գործողությունները 27 կոնվենցիաների իրականացման ուղղությամբ, պետք է ընկալել լրացուցիչ գործիք, չափելու բարեփոխումների նկատմամբ քաղաքական կամքը, որը թույլ կտա տարբերակված մոտեցում կիրառել ԱլԳ գործընկեր երկրներում: Դա նաեւ կապացուցի հայ քաղաքացիներին, որ Արեւելյան գործընկերությունը նրանց մասին է: Բացի այդ, պետք է ապագայում էլ նպաստենք Հայաստանի քաղաքացիների շարժունակությանը եւ մարդ-մարդ շփումներին: Հայաստանի հետ համապարփակ օդային տրանսպորտի համաձայնագրի շուրջ բանակցությունները քաղաքական նպատակ է, որը նշված է Արեւելյան գործընկերության ճանապարհային քարտեզի վրա: Այս հարցում Հայաստանը ցուցաբերել է հետաքրքրվածություն, պատրաստակամության եւ խումբ է ուղարկել Եվրոպական հանձնաժողով փաստերի ուսումնասիրման համար, նաեւ գնահատելու բանակցություններում հնարավորությունները: Մենք նաեւ պետք է ամրապնդենք մեր համագործակցությունը բազմակողմ հարթության շրջանակում: 2015թ. պետք է ուժեղացնենք մեր համագործակցությունը Արեւելյան գործընկերության համակողմանի հարթության մեջ: Մասնավորապես չորս բազմակողմ հարթակներ եւ նախաձեռնությունները, որոնք կնպաստեն միասին հաջողության հասնելու ԱլԳ 4-րդ գագաթնաժողովին Ռիգայում: Պետք է շարունակել Արեւելյան գործընկերության հետ կապված երկխոսությունը խորհրդարանական մակարդակով Երեւանում մարտին կայանալիք «Եվրանեսթ»-ի գագաթնաժողովի ժամանակ:

Բարեփոխումները վերաբերում են Հայաստանի հասարակության բոլոր հատվածներին: Այլ կերպ ասած` խիզախ բարեփոխումները պահանջում են նաեւ ներքին աջակցություն, հետեւաբար ԵՄ-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը երկխոսել խորհրդարանի, մարզային իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի միջոցով:

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի արդիականացման ջանքերին եւ խրախուսել անհրաժեշտ բարեփոխումները: Եվրոպական հանձնաժողովը եւ Հայաստանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը սահմանում է 2014-2017թթ. համագործակցության ռազմավարական նպատակները եւ առաջնահերթությունները (աջակցությունը կազմում է 140-170 մլն եվրո): Մասնավոր հատվածը, հանրային կառավարումն ու արդարադատության համակարգը կլինեն այն երեք առաջնային ոլորտները որտեղ կիրականացվեն բարեփոխումները: Այդ միջոցառումները կամբողջացվեն հասարակական հաստատությունների արդիականացմանն ու քաղաքացիական հասարակությանը տրամադրվելիք աջակցությամբ: Այս շրջանակներում 2014թ. գործողությունների տարեկան ծրագիրը ապահովում է ընդհանուր 19 մլն եվրո, որն ուղղված է երկու գործողությունների:

Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում (7 մլն եվրո) եւ աջակցություն մարդու իրավունքների պաշտպանությանը (12 մլն եվրո): Բացի այդ, եւս 15 միլիոն եվրո կնախատեսվի Հարեւանության ներդրումային հիմնադրամի ծրագրի համար, նպատակ հետապնդելով դիվերսիֆիկացնել ներդրումներ Հայաստանում, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների գործունեությունը ֆինանսավորել:

-Նախատեսվո՞ւմ է արդյոք, որ Հայաստանն ու Եվրամիությունը կստորագրեն համաձայնագիր: Եթե այո, ի՞նչ համաձայնագիր է եւ ի՞նչ դրույթներ է պարունակում: Արդյո՞ք համաձայնագրում ներառված կլինեն նաեւ երկկողմ առեւտրի եւ տնտեսական համագործակցության վերաբերյալ կետեր:

-Մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը հնարավորություն կտա գնահատել առաջընթացը, որը ձեռք է բերվել երկկողմ համագործակցության ընթացքում ԵՄ-ի եւ ԱԼԳ գործընկերների միջեւ Վիլնյուսում կայացած գագաթնաժողովից հետո, նաեւ ձեւավորել նոր ռազմավարական առաջնահերթություններ հետագա քայլերի ընդունման համար: Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր ծրագրերը կարող են դառնալ քննարկման առարկա բարձր մակարդակով հանդիպման ժամանակ: Նույն օրը Ռիգայում կկայանա ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար նախատեսված Արեւելյան գործընկերության համաժողովը, որի հիմնական նպատակը առաջանահերթությունների մշակումն է, որը ավելի կբարելավի ԱԼԳ-ի հանդեպ մեդիայի վերաբերմունքը եւ ԱԼԳ տարածքում ստանալ խոսքի ազատության ամրապնդման ավելի համակարգված, հետեւողական եւ կառուցողական աջակցություն: Այդ համաժողովը կարող է դառնալ ամենամյա, որի շրջանակում կքննարկվեն արդյունքներն ու կներկայացվեն խնդիրների լուծման այն ուղիները, որոնց առնչվում են ԶԼՄ ներկայացուցիչները: Գագաթնաժողովին կուղեկցի նաեւ ԱԼԳ քաղաքացիական հասարակության համաժողով: Պլենար նիստերը կքննարկեն ընդհանուր ռազմավարությունը որը կլրացվի աշխատանքային խմբերով, որոնք կզբաղվեն արդեն մասնագիտական հարցերով: Կոնֆերանսի նկատմամբ ավելի մեծ ուշադրություն գրավելու համար կազմակերպիչները հրավիրում են անձանց, ովքեր բարձր մակարդակով որոշումներ են կայացնում, ԵՄ չինովնիկների, հետազոտողների եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների: Մենք հույս ունենք, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, հատկապես ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմը, ակտիվ մասնակցություն կունենա:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]