Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Լիբանանցի 50 գործարարներ կծանոթանան ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ներդրումների հնարավորությանը

Լիբանանցի 50 գործարարներ կծանոթանան ՀՀ գյուղատնտեսության ոլորտում 
ներդրումների հնարավորությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանցի գործարարներն երկրի գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ կայցելեն Հայաստան` ծանոթանալու գյուղտնտեսության ոլորտի ներդրումային հնարավորություններին: Այս մասին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ժամանակ նախարարը գոհունակություն է հայտնել գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության  ներկա մակարդակի վերաբերյալ: «Մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր ջանքերը հայ-լիբանանյան  բարեկամական կապերի ամրապնդման գործում, քանի որ Լիբանանը  մեզ  համար  շատ կարևոր գործընկեր է, որն ունի  նաև մեծ հայկական համայնք», - նշել է նախարարը:

Դեսպան Ժան Մաքարոնն իր հերթին նախարարին է հղել Լիբանանի գյուղատնտեսության նախարար Աքրամ Շահիբի ողջույնն ու առաջիկայում Լիբանան այցելելու հրավերը` երկրի գյուղատնտեսական նորամուծություններին ծանոթանալու համար: Նա նաև տեղեկացրել է, որ լիբանանյան ընկերություններից մեկը ցանկություն է հայտնել բարեգործական նպատակներով Աշտարակ քաղաքին նվիրաբերել շուրջ 20 հազար եղևնու տնկիներ, որոնց համար արդեն հատկացված է հողատարածք:

Նշելով, որ առաջիկայում նախատեսվում է Լիբանանի գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, որի կազմում կլինեն շուրջ 50 լիբանանցի գործարարներ` դեսպանը համոզմունք է հայտնել, որ այցը հրաշալի առիթ կարող է հանդիսանալ գյուղատնտեսության բնագավառում հայ-լիբանանյան նոր գործարար կապերի հաստատման և դեպի Հայաստան լիբանանյան կապիտալի ներհոսքի համար:

Նախարար Կարապետյանը  նույնպես ընդգծել է նմանատիպ այցերի կարևորությունն ագրարային ոլորտում երկկողմ հարաբերությունների խթանման համար և շեշտել, որ որպես ներդրման հնարավոր ուղղություն առաջնահերթ դիտարկում է անասնապահության ոլորտը և մասնավորապես` ոչխարաբուծությունն ու թռչնաբուծությունը:

Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել հայ-լիբանանյան փոխգործակցության խորացման և ընդլայնման հարցում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]