Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանը հաշմանդամ զինվորների նկատմամբ անտարբերություն է դրսեւորում

Ադրբեջանը  հաշմանդամ  զինվորների նկատմամբ անտարբերություն է դրսեւորում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական ուժերի կողմից կռված, երկու ոտքերը կորցրած, ազգությամբ ռուս Յուրի Վալերիեւիչ Դրոբոտովը, ով ընդամենը 46 տարեկան էր, ադրբեջանական իշխանությունների կատարյալ անտարբերության եւ օտարության պայմաններում հեռացել է կյանքից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի առաջին տիկնոջն այդ երկրի խորհրդարանի ընտրություններում իր ձայնը տված, հաշմանդամ ռուս զինծառայողի դառը ճակատագրի մասին moderator.az-ին պատմել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:

Ջաֆարովը պատմել է, որ ղարաբաղյան պատերազմի վետերան Դրոբոտովը ծեր եւ հիվանդ մոր հետ բնակվում էր Բաքվի Բուզովնա թաղամասի 5-հարկանի շենքի իր բնակարանում:

Փորձագետը Ադրբեջանի համար կռված վետերանի` հանրության կողմից լքված կյանքից հեռանալու մեջ մեղադրել է իշխանություններին, աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար Սալիմ Մուսլիմովին, պատերազմի վետերանների անթիվ-անհամար, մեծ ու փոքր կազմակերպությունների ղեկավարներին:

Ջաֆարովը նշում է, որ վետերան Դրոբոտովը բնակվում էր այն թաղամասում, որտեղից Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան:

«Ինչպես կարելի է հայրենիքի համար երկու ոտքերից զրկված վետերանին թողնել ծեր մոր խնամքին, դաժան ճակատագրի հույսին, երբ նա եւս խնամքի կարիք ունի` այն էլ առանց վերելակի շենքի 5-րդ հարկում: Այս սարսափելի փաստը գիծ է քաշում իշխանությունների բոլոր կատարած բարեգործությունների վրա: Միթե այս մասին տեղյակ չէին տեղական իշխանություններն ու սոցիալական ծառայությունների ղեկավարները, միթե նրանք տեղյակ չէին պահել այդ շրջանից պատգամավոր Մեհրիբան Ալիեւային: Եթե այդպես է, ուրեմն պատգամավորը պետք է ամենախիստ կերպով պատժի նրանց», - նշել է նա:

Ջաֆարովը հայտնել է, որ թիվ 776 զորամասի 2-րդ դասակի հրամանատար Յու.Դրոբոտովը 1992 թվականին ակտիվորեն մասնակցել է Շուշիի, Բերձորի, Քարվաճարի, Ակն-Նախիջեւանիկի մարտերին եւ ծանր վիրավորվելուց հետո բուժման կուրս անցել ՊՆ ռազմական կլինիկական հոսպիտալում:

Այս դեպքին զուգահեռ, Ջաֆարովը հիշեցրել է Ղարաբաղյան պատերազմի եւս մեկ մասնակցի նկատմամբ ադրբեջանական հանրության եւ իշխանությունների թույլ տված հերթական անտարբերության մասին:

«Սրանից մի քանի տարի առաջ նման անտարբերության եւ օտարության մեջ կյանքից հեռացավ գեներալ-մայոր Զադիր (Զաուր) Ռզաեւը: Նա Քելբաջարի եւ Միրովդաղի ուղղությամբ կռվող բրիգադի հրամանատարն էր: Թեեւ բազմաթիվ միջամտություններից հետո գեներալին ուղարկեցին Թուրքիայի Գուլհանե հոսպիտալ, սակայն, արդեն այնքան ուշ էր, որ այնտեղից ստացված պատասխանը ցնցել էր բոլորին: Գեներալն այդ վիճակին էր հասել ՊՆ այն ժամանակվա ղեկավարության անտարբերության, անփութության եւ անպատասխանատվության արդյունքում: Ստացվում է, որ ներկայում եւս ոչինչ չի փոխվել...», -նշել է ռազմական փորձագետը:

Ու.Ջաֆարովը դրա հետ միասին ներկայացրել է ադրբեջանական բանակի 19-ամյա զինվոր Սարխան Թահիրզադեի դառը ճակատագիը եւս, ով անցյալ տարի Ադրբեջանի ԶՈւ կողմից հայկական ուժերի դեմ իրագործած օգոստոսյան դիվերսիոն գործողությունների ընթացքում վիրավորվելուց հետո զրկվել էր երկու ոտքերից:

Ջաֆարովը պատմել է, որ օգոստոսյան դեպքերից հետո հայրենասիրական ելույթներ ունեցող Ադրբեջանի մեծ ու փոքր իշխանավորները, իրար հերթ չտալով, վիրավոր Ս.Թահիրզադեի հետ իրենց լուսանկարներն էին տեղադրում ԶԼՄ-ներում` այդ կերպ կեղծավորությամբ ցույց տալով, թե ինչքան մտահոգված են զինվորի առողջական վիճակով:

«Սակայն, Թուրքիայի Գուլհանե հոսպիտալում երկու ոտքերը կտրելուց հետո ծննդավայր Լենքորան վերադարձած Ա.Թահիրզադեն արժանացել է իշխանությունների հերթական կատարյալ անտարբերությանը», -նշել է նա:

Ս.Թահիրզադեի մայրը` Մահիսա Թահիրովան պատմել է, որ բանակում հաշմանդամ դարձած տղան ընդամենը 70 մանաթ պետական եւ 150 մանաթ նախագահական թոշակ է ստանում: Չեն կարողանում ստանալ նաեւ զինվորի պետական ապահովագրական 10 հազար մանաթ գումարը:

«Ամուսինս եւս հաշմանդամ է, չի կարողանում աշխատել: Ինչպես կարող եմ 220 մանաթով երկու հաշմանդամ պահել: Ոչ մի իշխանավոր չի ցանկանում ընդունել,  լսել եւ օգնել մեզ», -բողոքել է հաշմանդամ զինվորի մայրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]