Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սոցփաթեթի փոփոխությունները կստիպեն շահառուին հոգ տանել առողջության մասին

Սոցփաթեթի փոփոխությունները կստիպեն շահառուին հոգ տանել առողջության 
մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական փաթեթի շահառուների համար 2015 թվականից տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելը կդառնա կարևոր նախապայման սոցփաթեթի մյուս ծառայություններից օգտվելու համար: Սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական ծառայությունների կազմակերպման կարգում կառավարության որոշմամբ տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ մարտի 4-ին Առողջապահության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրին մասնագետները: «2012 թվականից Հայաստանում պետական ծառայողների` ուսուցիչների և աշխատողների առանձին կատեգորիաների համար, հիմնականում, բյուջետային հիմնարկներից, գործում է սոցիալական փաթեթը: Այն որոշակի ծառայություններից օգտվելու հնարավորություն է ընձեռում այդ քաղաքացիներին: Կառավարության որոշմամբ` սոցփաթեթի առողջապահական բաղադրիչի մասով 2015-ի հունվարի 1-ից երեք հիմնական փոփոխություն է կատարվել: Առաջինը` սոցիալական փաթեթի շահառուները պետք է ամեն տարի անցնեն կանխարգելիչ բժշկական քննություն, որը համարվելու է պարտադիր նախապայման սոցիալական փաթեթի մյուս ծառայություններից օգտվելու համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը:

Նրա խոսքով` երկրորդ կարևոր փոփոխությունն այն է, որ տարեկան կանխարգելիչ բժշկական քննության փաթեթը ներառում է արտահիվանդանոցային պայմաններում կատարվող ախտորոշիչ հետազոտությունների ցանկ: Այդ թվում` զարկերակային ճնշման չափում, կանանց կրծքագեղձի զննում, մարմնի զանգվածի ցուցանիշի որոշում` քաշի խանգարումների վաղ հայտնաբերման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով, գինեկոլոգի, ուռոլոգի խորհրդատվություն, արյան, մեզի ընդհանուր հետազոտություն, գլյուկոզայի, խոլեստերինի որոշում արյան մեջ, էլեկտրասրտագրություն և այլն:

«Երրորդը` շահառուները հնարավորություն են ստացել իրենց տրամադրության տակ մնացած սոցփաթեթի գումարներից` 72 հազար դրամը, ուղղել ապահովագրական ընկերությունների միջոցով սոցփաթեթի շահառուի կամ սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի համար առողջապահական լրացուցիչ ծառայությունների ձեռքբերմանը»,-ասաց Սարո Ծատուրյանը:

Պաշտոնյայի տեղեկացմամբ` սոցիլական փաթեթի մոտ 90 հազար շահառուների հետազոտությունների և բուժման համար 2015 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված է 3.3 միլիարդ դրամ, որից 700 միլիոն դրամը նախատեսված է տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության համար:

ՀՀ ԱՆ աշխատակազմի արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը, անդրադառնալով տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությանը, նշեց, որ դրանով փորձ է արվում մարդկանց մոտ ձևավորել բժշկական ծառայություններից օգտվելու մշակույթ, ինչը շատ դեպքերում կանխարգելիչ նշանակություն կունենա: «Ամեն տարի հազարավոր մարդիկ մահանում են տարբեր ոչ ինֆեկցիոն հիվանդություններից, որոնց մասին անգամ չեն էլ կասկածում: Մեր նպատակը շատ հստակ է, գոնե առաջին անգամ ստիպել մարդուն, որ գնա ու հետաքրքրվի իր առողջությամբ, հասկանա, թե ինչ է կատարվում իր հետ: Շատ հիվանդություններ անգամ արտաքին ախտանիշներ չունեն ու միայն բժշկական քննությամբ է հնարավոր պարզել դրանց գոյությունը: Սա, կարծում ենք, որ կբերի վարքագծի փոփոխության, մարդը, ով մեկ անգամ անցնի այդ հետազոտությունը, կհասկանա դրա կարևորությունը, ու անպայման հաջորդ անգամ առանց ստիպելու կգնա բժշկի»,-ասաց Ռուզաննա Յուզբաշյանը:

Սարո Ծատուրյանի համոզմամբ` կարևոր է հանրության ու սոցփաթեթի շահառուների իրազեկումը սոցփաթեթի հնարավորությունների մասին: «Դեռ նոր է համակարգը, բոլորը չէ, որ իրազեկ են: Սոցիալական փաթեթի ներդրումը առողջապահական ոլորտի ընդհանուր քաղաքականության բաղկացուցիչներից մեկն է, որն ուղղված է ուժեղացնելու շեշտադրումը հիվանդությունների վաղ հայտնաբերման ու կանխարգելման վրա»,-վստահեցրեց Սարո Ծատուրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]