Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԺ-ն ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները

ԱԺ-ն ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները

 ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց 92, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 13 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա ընդգծեց, որ կառավարությունը հիմնականում ընդունել է իրենց կողմից ներկայացված առաջարկները: «Իմ գործընկերները հանդիպել են փոքր և միջին ձեռնարկությունների ներկաացուցիչների հետ, և կարող եմ ասել, որ նրանք հիմնականում գոհ են այս նախագծից, ուստի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին»,- նշեց պատգամավորը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծեց` իրենց խմբակցությունն ընդունում է, որ կառավարությունը ներկայացրել է ճկուն նախագիծ, որն ընդունելի է մեծամասնության համար: «Սակայն մի դրույթ կա, որը մեզ մտահոգում է: Դա այն դրույթն է, որ չփաստաթղթավորված մասի համար դրույքաչափը 3.5 տոկոսից դառնում է 5 տոկոս: Մենք չենք կարող կողմ քվեարկել մի նախագծի, որը նախատեսում է հարկային բեռի ավելացում ՓՄՁ-ների վրա»,- հայտարարեց Զուրաբյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հաստատեց պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքը, որ իրենք երեկ հանդիպել են ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետ՝ ընդգծելով, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ այդպես են հորդորել ՓՄՁ-ների ներկայացուցիչները:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին, քանի որ իրենց ներկայացված առաջարկները չեն ընդունվել: «Ամեն դեպքում, ես մինչ այս պահը տեղեկություն չունեմ՝ ընդունվե՞լ են մեր առաջարկները, թե ոչ: Ուստի ես դեմ կքվեարկեմ»,- ասաց պատգամավորը:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու, քանի որ որոշակի մտահոգություններ կան: Նա էլ ընդգծեց, որ իրենք հանդիպումներ են ունեցել ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետ, ովքեր մտահոգված են այն բանից, որ օրենքի նախագծի ընդունումից հետո հարկային մարմինների կողմից կարող են ստուգումներ սկսվել:

«Ժառանգություն» խմբակցության դեկավար Ռուբիկ Հակոբյանի ասելով` իրենք դեմ են քվեարկելու, քանի որ օրենքի նախագծում հստակ սահմանված չէ կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց,թե ինքը կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ չփաստաթղթավորված մասի համար հարկային դրույքաչափի բարձրացումը եղել է իր առաջարկը: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում հնարավոր կլինի նաև ավելի բարձրացնել շրջանառության հարկի շեմը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ընդգծեց, որ օրենքի նախագծի հետ կապված քաղաքական շահարկումներ են տեղի ունենում: «Սկզբում ասում էին, որ կառավարության ներկայացրած առաջին օրենքի նախագիծն ընդունելի չէ ՓՄՁ-ների համար: Հիմա կառավարությունը բերել է օրենքի նախագիծ, որն ընդունելի է ՓՄՁ-ների համար, սակայն այստեղ կրկին դժգոհություններ կան: Ես համոզված եմ, որ եթե մենք նույնիսկ չփաստաթղթավորված մասի համար հարկային դրույքաչափը ոչ թե բարձրացնեինք, այլ իջեցնեինք, այստեղ էլի դժգոհությոնւներ կլինեին, որովհետև ակնհայտ քաղաքական շահարկում է գնում: Ինչ վերաբերում է այն մտքին, որ օրենքի նախագծում հստակ սահմանված չէ կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը, ասեմ, որ այդ պայքարը նախանշված էր կառավարության ներկայացրած առաջին նախագծում, սակայն, քանի որ հարկավոր էր իրավիճակը շտկել, մենք գտել ենք իրավիճակային լուծում: Ես հայտարարում եմ, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու այս նախագծին»,- եզրափակեց Բաղդասարյանը:

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է բարձրացնել շրջանառության հարկի շեմը՝ 58.8 միլիոն դրամից դարձնելով  113.4 միլիոն դրամ: Միևնույն ժամանակ, ներկայացված նոր նախագծով կառավարությունը հանել է տարեկան շրջանառությունը պարտադիր փաստաթղթավորելու պահանջը՝ դարձնելով այն կամավոր: Բոլոր այն ձեռնարկատերերը, ովքեր կցանկանան աշխատել փաստաթղթավորմամբ, կվճարեն 1 տոկոս շրջանառության հարկ, իսկ նրանք, ովքեր աշխատելու են առանց փաստաթղթավորման, կվճարեն 5 տոկոս՝ նախկին 3.5 տոկոսի փոխարեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]