Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանում ադամանդագործության ոլորտի անկումը պայմանավորված էր աշխարհում պահանջարկի նվազմամբ

Հայաստանում ադամանդագործության ոլորտի անկումը պայմանավորված էր 
աշխարհում պահանջարկի նվազմամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում տնտեսության գերակա ճյուղերից մեկը` ադամանդագործության ոլորտը 2014 թվականին կրճատվեց շուրջ 37 տոկոսով, այնինչ 2013-ին գրանցվել էր 41 տոկոս աճ։ Ոլորտի այսչափ անկումն անսպասելի էր, քանի որ 2014  թվականին Հայաստանը վավերացրել էր Ռուսաստանի հետ կնքած համաձայնագիրը, որը ենթադրում էր Ռուսաստանից Հայաստան արտահանվող չմշակված ադամանդի մաքսատուրքերի զրոյացում: Ադամանդի վերամշակման հետ կապված խնդիրների և ոլորտում ստեղծված իրավիճակի մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության  արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանի հետ։

-Պարոն Եգանյան, նախորդ տարի Ռուսաստանի հետ համաձայագրի ստորագրումից հետո ենթադրվում էր, որ հայ ակնագործները կավելացնեն չմշակված ադամանդի ներմուծումը Հայաստան և նոր թափ կհաղորդեն վերամշակմանը։ Սակայն տարվա ընթացքում ոլորտը շուրջ  37 տոկոս անկում գրանցեց։ Ձեր գնահատականով` ինչո՞վ էր պայմանավորված ոլորտային անկումը և ինչո՞ւ չաշխատեց պետության կողմից մշակված այդ գործիքը։

-Այո՛, պետության կողմից մշակված քայլերից  էր Ռուսաստանի Դաշնության հետ ձեռք բերված համաձայնությունը, որով ռուսական ադամանդները Հայաստան կարող էին ներկրվել առանց մաքսատուրքի։ Դա նախատեսված էր մինչև Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցումը, որովհետև դրանից հետո մաքսատուրքի զրոյացում էր նախատեսվում։ Չնայած դրան, ադամանդների մշակության ոլորտում ունենք անկում, բայց դա կապել ուղղակիորեն այն բանի հետ, որ մաքսատուրքը հանվեց, և պետք է աճ լիներ, կարծում եմ՝ ճիշտ չէ։ Ադամանդագործության ոլորտն օգտվում է ոչ միայն ռուսական, այլև ուրիշ երկրների ադամանդներից։ Այդ հումքը բերվում և վերամշակվում է այստեղ տոլինգային սխեմայով, այսինքն` մեր ադամանդագործները պատվեր են ստանում արտասահմանյան կազմակերպությունից, այստեղ կատարում մշակման աշխատանքները և արտահանում։ Մյուս կողմից` ադամանդը առաջին անհրաժեշտության ապրանք չէ, իսկ դրա շուկան սպեցիֆիկ է։ Պայմանավորված համաշխարհային գործընթացներով՝ կարող է նվազել ադամանդի պահանջարկը։ Դրա արդյունքում է, որ նույնիսկ ոլորտի համար ստեղծված լավ պայմաններում գրանցվում է անկում։ Պետության կողմից իրականացված այդ քայլը լրացուցիչ հնարավորություն էր, որ տեղական արտադրողները օգտվեին ռուսական հումքից և կազմակերպեին իրենց արտադրությունը։ Այդ համաձայնագրով վերաարտահանումը արգելված էր, այսինքն արված էր այնպես, որ ներմուծված ադամանդները հենց տեղում մշակվեին։

-Սակայն նախորդ տարի անկումը նկատելի էր հենց Ռուսաստանից ներմուծված ադամանդների պարագայում։

-Ճիշտ է, ծավալային առումով ներկրումները Ռուսաստանից կրճատվել են, որովհետև պահանջարկի խնդիր կար։ 2013 թվականին Ռուսաստանից ներկրվել էր շուրջ 91 հազար կարատ ադամանդ, բայց 85 հազար կարատից ավելին վերաարտահանվել էր, իսկ 2014 թվականին ներկրվել է 44 հազար կարատ ադամանդ, որից  27 հազարն է արտահանվել։ Այսինքն` եթե այն ժամանակ ներկրված ադամանդի 95 տոկոսն էր արտահանվել, ապա այժմ արտահանվել է 60 տոկոսը, իսկ մնացած մասը մշակվել է Հայաստանում։ Բացի այդ, Ռուսաստանի հետ պայմանագիրը վավերացվել է հունիսին, այսինքն, ըստ էության, պայմանագիրն սկսել է գործել տարվա կեսից։

Նախորդ տարի կրճատումը նկատելի էր նաև այլ երկրներից ներմուծման ժամանակ. եթե 2013-ին ներկրվել էր ավելի քան 180 հազար կարատ ադամանդ, ապա 2014 թվականին այդ թիվը կազմում էր 107 հազար կարատ: Այն մասը, որը բերվում էր տոլինգային մշակման համար, նույնպես կրճատվել էր։

-Երբ ադամանդագործությունն ընտրվեց որպես տնտեսության գերակա ճյուղերից մեկը, մշակվեց ոլորտային ռազմավարություն, որով նախատեսվում էր  մինչև 2016 թվականը ոլորտի աճը հասցնել  մինչճգնաժամային վիճակին և օտարերկրյա նոր ներդրողների ներգրավել: Ինչպիսի՞ քայլեր են իրականացվել այդ ուղղությամբ: Ի՞նչ խոչընդոտներ կան ռազմավարությամբ ամրագրված գործողությունների իրականացման համար։

-Ոլորտային ռազմավարությունն սկսել է գործել 2014 թվականից, և այդ ժամանակվանից ի վեր իրականացվել են  տարբեր միջոցառումներ՝ ցուցահանդեսների և ֆորումների անցկացում, ներդրողների հետ բանակցություններ և, ինչու ոչ, ռուսական մատչելի հումքի ներմուծում։ Կարծում եմ՝ առաջիկայում կտեսնենք դրանց արդյունքը։

-Իսկ ոսկերչական ազատ տնտեսական գոտու բացումից հետո դրական փոփոխություններ չնկատվեցի՞ն։

-Գոտու բացումը տարեվերջին է եղել, սակայն այդ գործընթացը հունի մեջ է, և համոզված եմ՝ կլինեն շահագործողների հայտեր։ Մինչ գոտու բացումը կառավարիչ ընկերությունն արդեն իսկ պայմանավորվածություններ ուներ օտարերկրյա ընկերությունների հետ, որոնք ժամանակի ընթացքում կյանքի կկոչվեն։

-Արդեն նշեցիք, որ ոլորտի անկումը կարող էր միջազգային շուկաներում պահանջարկի անկման հետևանք լինել։ Ներմայումս ի՞նչ միտումներ եք նկատում ոլորտում, արդյոք տնտեսական այն ճգնաժամը, որ կանխատեսում են վերլուծաբանները, մեզ սպառնալո՞ւ է։

-Ադամանդի  շուկան առանձնահատուկ է, սակայն ակնկալում եմ, որ առաջիկայում անպայման աճ կունենք։ Մենք մոնիտորինգ ենք անցկացնում Հայաստանի խոշոր ընկերությունների շրջանում, և մեր վերլուծություններով՝ այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի նկատմամբ, կա մոտ 17 տոկոսի աճ։ Եթե այս միտումները պահպանվեն, ապա տարեվերջին ևս կունենանք զգալի աճ։ Ադամանդագործության ոլորտում 6.5 տոկոս մաքսատուրքի վերացումը լուրջ խթան է։

-2014 թվականին մեկ տասնյակից ավելի ընկերություններ էին դիմել ադամադի հումք ներկրելու համար: Նրանց բոլորի պահանջները բավարարվե՞լ են և ի՞նչ ծավալի ներմուծում են իրականացրել այդ ընկերությունները:

-Այդ ընկերությունների ցանկը մենք նախորդ տարի ներկայացրել ենք ՌԴ ֆինանսների նախարարություն, որն էլ դրանք տրամադրել է «Գոխրան» և «Ալռոսա» ընկերություններին։ Ցանկում ընդգրկված որոշ ընկերություններ դիմել են, գնացել և մասնակցել այնտեղ անցկացված աճուրդներին, սակայն դա արդեն բիզնեսի դաշտում է, և մենք չենք միջամտում։ Պետությունն ստեղծել է պայմաններ, մնացածն արդեն բիզնեսի ձեռքում է։ Եթե այն շահույթ ունենա, իհարկե գործունեություն կծավալի։

-Հունվարի 1-ից, երբ դարձանք Եվրասիական տնտեսական միության անդամ, ներմուծման և արտահանման շատ ընթացակարգեր փոխվեցին։ Դրանից հետո գործարարները ի՞նչ խնդիրներով են ձեզ դիմել։

 -Մինչ միությանն անդամակցելը ստեղծվել էին աշխատանքային խմբեր, որոնք բազմիցս հանդիպել են մասնավոր հատվածի հետ, ներկայացրել փոփոխությունները և լսել առաջարկությունները։ Սակայն ներկայումս, երբ դա տեղափոխվել է պրակտիկ դաշտ, իհարկե, առաջ են գալիս հարցեր։ Բայց դրանք լուծելի խնդիրներ են։ Բանակցային գործընթացի ժամանակ դաշտը հիմնականում կանոնակարգվել է, պարզապես կիրառության մեջ կարող են ինել անհասկանալի հարցեր, որոնք ժամանակի ընթացքում կարգավորվում են։

-Տնտեսության գերակա ուղղություններից մեկը դառնալուց հետո ավելացե՞լ է, արդյոք, ադամանդագործությամբ զբաղվող ընկերությունների թիվը։

-Կարող եմ ասել, որ այս պահին ոլորտում գործում են 7 ընկերություն, իսկ նախորդ տարի մեզ դիմել են 18 ընկերություն՝ ադամանդի ներկրմամբ զբաղվելու համար։

Հարցազրույցը՝ Գոհար Ավետիսյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]