Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տեր- Պետրոսյանը հայտարարեց ՀԱԿ հանրահավաքներն առժամանակ դադարեցնելու մասին

Տեր- Պետրոսյանը հայտարարեց ՀԱԿ հանրահավաքներն առժամանակ 
դադարեցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ազգային կոնգրեսը մինչև ապրիլի 24-ը զերծ կմնա զանգվածային միջոցառումների անցկացումից և հնարավորություն կտա ընդդիմության այլ գործող անձանց լուծել «ընդդիմափոխության» խնդիրը, ՀԱԿ առաջնորդը նշեց նաև, որ ընդդիմադիր դաշտում ՀԱԿ-ը միայնակ է մնացել: Այս և մի շարք այլ հայտարարությունները հնչել են Ազատության հրապարակում կայացած Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հրավիրած հանրահավաքի ընթացքում: ՀԱԿ հանրահավաքի մասնակիցների թիվը էականորեն զիջում էր եռյակի նախորդ երկու հանրահավաքների մասնակիցների թվին: Ինչպես արդեն հաղորդվել էր, հանրահավաքին մասնակցելու նպատակ չունեին ոչ ԲՀԿ-ն և ոչ էլ «Ժառանգություն»-ը:

Իր ելույթում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ մարտի 1-ի դեպքերին և կրկին խոսեց այդ դեպքերի բացահայտման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա հրապարակում հավաքվածների մասնակցությամբ քվեարկության դրեց մարտի 1-ը  2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի օր հռչակելու, ինչպես նաև Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին պատվիրելու՝ց  այդ օրը ՀՀ պետական տոների և հիշատակի օրերի ցանկում ընդգրկելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հարցը:

Այնուհետև Լևոն Տեր-Պետրոսյանն առիթը բաց չթողեց քաղաքական գնահատականներ հնչեցնելու համար: Նա անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին՝ ընդգծելով, որ չի ցանկանում խորանալ հռչակագրի մանրամասների մեջ, քանի որ դրանց արդեն անդրադարձ կատարել է իր նախկին հրապարակումներում և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում:

ՀԱԿ առաջնորդը հնչեցրեց որոշ նաև ներքաղաքական գնահատականներ: Նա ընդգծեց, որ այս պահին զերծ կմնա վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մանրամասն վերլուծությունից, քանի որ դրանք այնքան թարմ են, որ երկար մտորումների և լուրջ վերլուծության պահանջ են առաջացնում: «Հույս ունեմ, որ դուք ըմբռնումով կմոտենաք իմ քայլերին՝ լավ իմանալով, որ ես հապշտապ դատողություններ անելու և ոտքի վրա որոշումներ կայացնելու սովորություն չունեմ: Նույն նկատառումով ընդդիմության դաշտում կրկին միայնակ մնացած Հայ Ազգային Կոնգրեսին ժամանակ է հարկավոր՝ իր հետագա գործունեությաքն մարտավարությունը ճշգրտելու, պայքարի շարունակման քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար: Ըստ այդմ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ առաջիկա երկու ամիսները հագեցած են լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված զանազան հանրային ծրագրերով, որոնց խանգարելու մտադրություն մենք բացարձակապես չունենք, Կոնգրեսի ղեկավարությունը միառժամանակ՝ առնվազն մինչև ապրիլի 24-ը, զերծ կմնա զանգվածային միջոցառումների անցկացումից»,-հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նա ընդգծեց, որ Կոնգրեսի կայացած այս որոշմամբ վաղուց հասունացած մի կարևոր հարցի լուծման բաղառիկ հնարավորություն է ստեղծվում, ինչի մասին ինքը ցանկանում է խոսել առավել մանրամասն: « Հայ Ազգային Կոնգրեսին առայժմ չի հաջողվել հասնել իր գլխավոր նպատակներին: Շատերը դա բացատրում են այն հանգամանքով, որ մենք խարդախությամբ սեփականաշնորհել ենք ընդդիմադիր դաշտը՝ դրանում խանգարելով մեզանից շատ ավելի ունակ քաղաքական ուժերին անել այն, ինչ մենք չենք կարողացել անել ավելի քան 7 տարիների ընթացքում: Այդ իսկ պատճառով նրանք, գուցե իրավացիորեն, իշխանափոխության փոխարեն առաջ են քաշել հրատապ ընդդիմափոխության խնդիրը: Այսինքն՝ նրանք ցանկանում են ձեզ մեզանից գնել: Մեթոդաբանորեն սա սխալ մոտեցում չէ, որովհետև, եթե ինչ-որ բան խոչընդոտում է հիմնական խնդրի լուծմանը, ուրեմն նախ պետք է՝ վերացնել այդ խոչընդոտը և նոր անցնել բուն խնդրի լուծմանը, մանավանդ, որ ընդդիմափոխությունը շատ ավելի հեշտ լուծելի խնդիր է, քան իշխանափոխությունը»,- նշեց նա:

Տեր-Պետրոսյանը հարկ համարեց նաև «գաղտնազերծել» վերը նշված նոր միասնական ընդդիմության «կոդավորված ռազմավարական պլանը»: «Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին եւ Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, և  շարժվելով դեպի Բաղրամյան 26 … կարծում եմ, հասկացողը հասկացավ, իսկ չհասկացողն այս հաղթական երթը շուտով իր աչքով կտեսնի»,- ընդդիմադիր այլ առաջնորդներին «բաբելոնյան աշտարակի այս նոր շինարարներ» որակելով՝ եզրափակեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Հանրահավաքին հաջորդեց մարտի 1-ի զոհերի հիշատակի քայլերթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]