1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը հոդված է հրապարակել ֆրանսիական «l’Express» պարբերականում

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը հոդված է հրապարակել  
ֆրանսիական «l’Express» պարբերականում

ԵՐԵՎԱՆ,  28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական հեղիանակավոր «l’Express» պարբերականում փետրվարի 27-ին տպագրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող` Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամների «Բաքուն շարունակում է ղարաբաղյան հակամարտությունը` Ադրբեջանում ընդդիմադիր ուժերին ճնշման տակ պահելու նպատակով» վերնագրով հոդվածը, որն «Արմենպրես»-ը ներկայացնում է ստորև:

«Մոտ 21 տարի է (ճշգրիտ լինելու համար` 1994թ. մայիսի 12-ին), ինչ ստորագրվել է ղարաբաղյան քառամյա զինված հակամարտությանը վերջ դրած զինադադարի մասին համաձայնագիրը: Դրանից ի վեր, վերջնական խաղաղության որևէ պայմանագիր չի կնքվել հակամարտող կողմերի՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, որին աջակցում է Հայաստանը, միջև: Հետեւաբար, դեռևս խարխուլ խաղաղություն է շարունակում տևակայել Հարավային Կովկասի տարածաշրջանում: Իսկ եթե որոշ լավատեսություն առկա էր հրադադարին հաջորդած տարիների ընթացքում, ապա այժմ այն լիովին ի չիք է դարձել՝ չնայած հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու հարցում կողմերին  աջակցություն ցուցաբերելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Տարեցտարի, շաբաթ առ շաբաթ լարվածությունն աճում է շփման գծում և բազմաթիվ են դարձել հարձակման փորձերն ու դիպուկահարների կողմից քաղաքացիական անձանց սպանությունները: Վերջերս 60-ամյա մի գյուղացի սառնաստորեն սպանվեց ադրբեջանցի զինվորների կողմից հայկական Տավուշի շրջանին հարակից մի գոտում, այսինքն` Հայաստանում, և այնպիսի մի տարածքում, որը սկզբունքորեն վիճարկման առարկա չէ: Այս զոհը կարող էր լինել մեզանից՝ ֆրանսիացի քաղաքական գործիչներիցս յուրաքանչյուրը, որ հաճախ այցելում ենք տարածաշրջան՝ խաղաղությանն ի նպաստ մեր համեստ լուման ներդնելու նպատակով:

 Նույն հարթության վրա այլևս չդնել ագրեսորին և զոհին

Երկար ժամանակ Մինսկի խմբի ֆրանսիացի, ռուս և ամերիկացի համանախագահները ձեռնպահ են մնացել հստակորեն մատնանշել ստեղծված իրավիճակի պատասխանատուներին: Երկար ժամանակ նրանք նույն վերաբերմունքն են ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամաբ, նրանք անտեսել են, առնվազն պաշտոնական հայտարարություններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Վերջին տվյալները վկայում են, որ վերջիններս սկսում են հետ քաշվել այս քաղաքականությունից:

Եթե իրոք դա այդպես է, նրանք իրավացի են, քանի որ, ինչպես բարոյապես անարդար ցանկացած ռազմավարություն, գործնականում լինելով անարդյունավետ, այդ քաղաքականությունը ոչ մի դրական արդյունքի չի հասցրել: Ինչպես այլուր, այս հակամարտությունը ևս ոչ թե վերացական է և իրար է հակադրում նույնանման ամբողջությունների, այլ իրարից խիստ տարբերվող վարչակազմերի և քաղաքական հայեցակարգերի ընդդիմություն է:

Արդեն 24 տարի է, չնայած արտաքին աջակցության բացակայությանը, Լեռնային Ղարաբաղի Հանապետությունը փորձում է խորհրդարանական ժողովրդավարություն ամրապնդել: 24 տարի է, ինչ այն կազմակերպում է տեղական ինքնակառավարման մարմինների, շրջանային և համընդհանուր ընտրություններ, ինչ նրա քաղաքական կյանքում ընդգրկված են երկրի բոլոր քաղաքացիները, որտեղ կանանց մեծ տեղ է հատկացվում և որտեղ ընդդիմությունը խաղում է ամբողջական դեր: 24 տարի է, ինչ այն պաշտպանում է սեփական ժողովրդին գերզինված և նավթադոլլարներով հարստացած Ադրբեջանի ռազմական ագրեսիայից՝ գործի դնելով միջոցներ, որոնք բոլորի կողմից էլ համարվում են չափավոր, աստիճանակարգված և պատասխանատու: Կարճ ասած, ահա՛, 24 տարի է, ինչ այս Հանրապետությունը բնականոն ձևով կարողացել է կառուցել իրավական Պետություն, որ մենք փորձում ենք, հաճախ ապարդյուն, ներկայացնել ողջ աշխարհին:

Պատերազմ և քարոզչություն` ալիևյան դիկտատուրայի հենակետերը

Բայց եթե պատերազմական այս վիճակն աղետալի է Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի բնակչության համար, այն անհրաժեշտություն է Բաքվի վարչակազմի համար: Պետք է կրկնել. Ադրբեջանն արյունալի մի բռնապետություն է, ուր բանտարկում են անընդմեջ: Ընդդիմության առաջնորդներ Իլքար Մամադովը և Թոֆիկ Յաքուբլուն, հարգված մտավորական Ինթիգամ Ալիևը, Մարդու իրավունքների ակտիվիստ Ռասուլ Ջաֆարովը, Արիֆ և Լեյլա Յունուսը (վերջինս Պատվո լեգեոնի շքանշանով է պարգևատրվել նախագահ Օլանդի կողմից), հայտնի լրագրող Խադիջա Իսմայլովան, անհաշիվ այլ այլախոհներ Բաքվի բանտեր են նետված, և նրանց անունների երկար ցուցակը  հրատարակվել է «Ազատություն» ռադիոկայանի կողմից, ռադիոկայան, որի գրասենյակը փակվել է 2014թ. վերջին Բաքվի ռեժիմի կողմից, քանզի ազատ տեղեկատվությունը ոճրագործ վարչակազմի համար սպառնալիք է: Ադրբեջանի ազատ ԶԼՄ-ներն անհետանում են մեկը մյուսի հետևից և ցանկացած քննադատական վերլուծություն, մասնավորապես հակամարտության սկսման և դրա հարատևման վերաբերյալ, անմիջապես խեղդվում է: Հատկապես ամեն տարվա փետրվարին վարչակազմը քարոզչական հսկայական ջանքեր է գործի դնում` կոծկելու համար Սումգայիթի հայերի ջարդերի զոհերի հիշատակը, որի իրականացման (1988թ. փետրվարի 26-28-ը) պատասխանատուն հանդիսանում է հենց վերջինս:

Նախագահ Ալիևի համար պատերազմը և քարոզչությունն այսպիսով անհրաժեշտություն են, որը թույլ է տալիս կապանքների մեջ պահել ադրբեջանական հասարակությանը՝ ի դեմ երևակայական թշնամու՝ հայի: Նախագահ Ալիևը, որն իր Twitter-ի էջում ատելություն սերմանող և ռազմատենչ բացահայտ հաղորդագրություններ է հրապարակում, ով չի երկմտում  հայտարարել, որ նրա «հիմնական թշնամիներն են ամբողջ աշխարհի հայերը», գիտի, որ կարիք ունի հայատյաց նման հռետորաբանության, որպեսզի շեղի  սեփական ժողովրդի ուշադրությունն իր դիրքի չարաշահման իրողությունից և որպեսզի կարողանա պահպանել իր իշխանությունը: Դա էր իրողությունը նախկինում, երբ նավթի եկամուտները ռեժիմին հնարավորություն էին տալիս նպաստներ և հատուցումներ բաշխել կաշառակերությամբ և կլեանտելիզմով  գանգրենացված պետական ապարատի ներկայացուցիչներին, ինչպես նաև շռայլորեն վճարել միջազգային հարթակներում ռեժիմը գովաբանող լոբբիստներին: Դա է իրողությունն առավել ևս ներկայումս, երբ սև ոսկու գների անկումն այլևս թույլ չի տալիս «Կասպիցի Կորլեոնեին» նույն դյուրությամբ գնել և՛ երկրի ներսում սոցիալական խաղաղությունը, և՛ Բրյուսելի, Փարիզի կամ Վաշինգտոնի որակյալ  քարոզիչների  ծառայությունները:

Հարավային Կովկասի ժողովրդավար ուժերին նեցուկ լինելը պարտականություն է և անհրաժեշտություն

Այս պատճառով է, որ մենք պետք է, առավել քան երբևէ, աջակցենք փոքրիկ ղարաբաղյան ժողովրդավարությանը, և դա է պատճառը, որ մենք ցանկանում ենք վերջինիս միջազգային ճանաչումը: Իհարկե՛, ոչ այն պատճառով, որ մենք կողմնակից ենք մի ազգի՝ ընդդեմ մյուսի, այլ պարզապես մեր գործողությունները մեր խոսքերին համապատասխանեցնելուց դրդված:  Որպեսզի ցույց տանք, որ մենք ճանաչում ենք այն երկրներին, որոնք արժանի են դրան, քանզի հարգանքով և ուշադրությամբ են մոտենում իրենց ժողովուրդներին, և, ընդհակառակը, մենք դատապարտում ենք այն ռեժիմները, որոնք արժանավայել չեն իրենց ստանձնած պատասխատավության և ժողովրդի նկատմամբ: Լեռնային Ղարաբաղը ճանաչելը նաև նշանակում է դիկտատոր Ալիևին հասկացնել, որ Արևմուտքը գիտակցում է հակամարտություն լուծումը ձգձգելու իր խաղը, և որ այդ հակամարտությունը չի կարող շարունակել նպաստել` իր քաղաքացիներին գերության մեջ պահելուն: Կովկասում, ինչպես այլուր, բոլոր ժողովուրդներն արժանի են խաղաղության, անվտանգության և բարգավաճման: Բայց Կովկասում, ինչպես այլուր, ժողովրդավարությունը միակ ուղին է, որ թույլ է տալու հասնել դրան»:

Միշել Ամիել (սենատոր` ձախակողմյան կուսակցություն)

Սոֆի Ժուասեն (սենատոր` կենտրոնական կուսակցություն)

Մարլեն Մուրիե (Բուրգ լէ Վալանսի քաղաքապետ` աջակողմյան կուսակցություն)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]