Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքի գյուղատնտեսական խնդիրները քննարկվեցին գյուղնախարարի մասնակցությամբ

Գեղարքունիքի գյուղատնտեսական խնդիրները քննարկվեցին գյուղնախարարի մասնակցությամբ

ԳԱՎԱՌ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային  այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նախարարը Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի, մարզի համայնքների ղեկավարների եւ գյուղոլորտի պատասխանատուների, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների  հետ քննարկեց Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսական տարվա հերթական խնդիրները, որոնք բազմաբնույթ են եւ ընդգրկուն:

Մարզի գյուղատնտեսական ոլորտի 2014 թվականի ձեռքբերումների եւ 2015 թվականի գարնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ նախորդ տարում Գեղարքունիքի մարզը գյուղմթերքների արտադրության, ինչպես նաեւ անասնագլխաքանակի աճ է արձանագրել բոլոր ուղղություններում եւ ապահովել է բոլոր նախադրյալները՝ հերթական գյուղատնտեսական տարին նոր ձեռբերումներով փակելու համար:

Գյուղատնտեսական տարվա խնդիրների եւ առաջնահերթ անելիքների մասին խոսեց եւ պարզաբանումներ տվեց նախարար Սերգո Կարապետյանը: Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում նախորդ տարում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 994 միլիարդ դրամ, որից 189 միլիարդ դրամը կամ 19 տոկոսը բաժին է ընկել Գեղարքունիքի մարզին: Այս նշանակալի ձեռքբերումները Սերգո Կարապետյանը կապեց թե՛ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերի, թե՛ մարզի գյուղացիական տնտեսությունների ջանադիր աշխատանքի հետ՝ կոչ անելով ավելացնել եղած ձեռքբերումները.»Գեղարքունիքի մարզը կարող է իր հնարավորություններով կրկնապատկել եղած անասնագլխաքանակը, քանի որ ունի լեռնային ընդարձակ, բայց առայժմ արդյունավետ չօգտագործվող արոտավայրեր: Խորհրդային տարիներին, երբ արդյունավետ էին օգտագործվում արոտները, Գեղարքունիքի մարզի տարածքում գտնվող շրջանների պետական տնտեսություններում պահվում էր մինչեւ 150 հազար գլուխ խոշոր եւ 400 հազար գլուխ մանր եղջերավոր անասուն: Պետական աջակցության ծրագրերով մենք կշարունակենք նպաստել անասնագլխաքանակի աճին, գյուղմթերքների վերամշակման ձեռնարկությունների հիմնմանը, գյուղատնտեսական արտադրանքի իրացմանը, մանավանդ որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամնակցությունից հետո արտահանման համար բացառիկ ու շահավետ պայմաններ են ստեղծվել»-նշեց Սերգո Կարապետյանը: Նախարարը հավաստիացրեց նաեւ, որ պետությունը շարունակելու է գյուղացիական տնտեսություններին տրամադրել սուբսիդավորված պարարտանյութեր, դիզվառելիք եւ սերմացու, ընդ որում, ցանկացած պահանջարկի դեպքում: Չնայած դոլար-դրամ կուրսի տատանումներին՝ ազոտական պարարտանյութը տնտեսություններին վաճառվելու են 6 հազար, կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութերը՝ 7-հազարական դրամով՝ նախորդ տարվա գներով:

Ըստ նախարարի՝ գյուղատնտեսական վարկերն այս տարի կսուբսիդավորվեն 6 տոկոսով  եւ կտրամադրվեն ապրիլի 1-ից հայկական դրամով:»Տարեցտարի մտածում ենք գյուղատնտեսական վարկերի ծավալների ավելացման եւ մարման ժամկետների երկարաձգման մասին, որպեսզի տրամադրվող վարկերը գյուղացիների համար լինեն մատչելի եւ արդյունավետ»,-ասաց Սերգո Կարապետյանը:

Նախարարն անդրադարձավ նաեւ Գեղարքունիքի մարզի ավելի քան 20 համայնքներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» ընթացքին եւ շարունակությանը՝ իր գոհունակությունը հայտնելով ծրագրի արդյունքներից:»Ծրագրի իրականացման համար Գեղարքունիքի մարզում կառավարության ներդրումը կազմել է 1 միլիարդ 900 միլիոն դրամ, ինչի արդյունքում համայնքներում ջրարբիացվել են հազարավոր հեկտարների արոտավայրեր, թարմացվել է գյուղմեքենաների պարկը, ավելացել անասնագլխաքանակը, մշակվող վարելահողերի տարածքը: Այս տարվա երկրորդ կիսամյակից Գեղարքունիքում սկսվելու է նույն ծրագրի երկրորդ փուլը, որտեղ շեշտը դրվելու է համայնքներում գյուղմթերքների վերամշակող ձեռնարկությունների հիմնման, սառնարանային տնտեսությունների ստեղծման, սպանդանոցների կառուցման, արտադրանքի պիտակավորման եւ փաթեթավորման հետ կապված խնդիրների վրա:

Սերգո Կարապետյանն անդրադրաձավ նաեւ ոռոգման համակարգի հետ կապված խնդիրներին` նշելով, որ  մարզի ջրօգտագործող ընկերություններին կտրամադրվեն որոշակի միջոցներ ոռոգման շրջանի բավարար նախապատրաստման համար: Ըստ նախարարի՝ կշարունակվեն նաեւ մարզի գյուղտեխնիկայի նորացման ու համալրման հետ կապված ծրագրերը:Նախարարն իր խոսքի ավարտին գյուղոլորտի եւ գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներին ու համայնքի ղեկավարներինեւս մեկ անգամ հորդորեց շարունակ ավելացնել գյուղմթերքների, հատկապես կարտոֆիլի արտադրությունը, որի արտահանման համար հսկայական պահանջարկ է առաջացել:

Մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման մեջ ներդրում ունեցած մի շարք  գյուղացիական տնտեսությունների ղեկավարներ եւ գյուղաշխատողներ պարգեւատրվեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ոսկե հուշամեդալով» եւ պատվոգրերով: Գեղարքունիքի մարզում «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» ընթացքի եւ երկրորդ փուլի ներդրումների մասին պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ գյուղնախարարության ԾԻԳ-ի ղեկավար Գագիկ Խաչատրյանը` հավաստելով, որ ծրագրում կարող են ընդգրկվել նաեւ Գեղարքունիքի մարզի մնացած համայնքները, որոնց կողմից ներկայացված չափանիշները կհամապատասխանեն Հաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին: «Ծրագիրը լինելու է շարունակական, մինչեւ 2019 թվականը, եւ եթե համայնքները կարողանում են ապահովել համապատասխան չափորոշիչներ, անպայման ընդգրկվում են ծրագրում»,-հավաստեց Գագիկ Խաչատրյանը:

Ամփոփիչ խոսքում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հավաստիացրեց, որ այսուհետեւ էլ գյուղնախարարության հետ կշարունակվեն համագործակցության ծրագրերը, կարվի հնարավորը՝ ոլորտի առջեւ ծառացած խնդիրները քայլ առ քայլ լուծելու համար: «Ոլորտի առջեւ ծառացած խնդիրները շատ են, հնարավորությունները՝ սահմանափակ: Հրատապ  հարցեր կան, որ կարող են լուծվել քիչ միջոցներով, մեր հնարավորությունների սահմաններում, հարցեր էլ կան, որ տեւական ժամանակ ու մեծ միջոցներ են պահանջում: Բայց կձգտենք դրանք լուծել քայլ առ քայլ՝ չանտեսելով համայնքների առջեւ ծառացած որեւէ գյուղատնտեսական խնդիր»,-նշեց Ռաֆիկ Գրիգորյանը:

Նախարար Սերգո Կարապետյանը հանդիպումից հետո այցելեց Լճաշեն համայնքում գտնվող կաթի վերամշակման արտադրամաս:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]