Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սփյուռքում գործող կրթամշակութային հաստատություններին 2014-ին հատկացվել է 41.000 կտոր դասագիրք

Սփյուռքում գործող կրթամշակութային հաստատություններին 2014-ին հատկացվել 
է 41.000 կտոր դասագիրք

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում փետրվարի 27-ին կայացել է նախարարին կից ատյանի հերթական նիստը:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգի համաձայն` համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս. Համբարյանը ներկայացրել է հաշվետվություն սփյուռքի կրթօջախներին  2014թ. ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ: Զեկուցողը նշել է, որ ծրագրի իրականացման համար տարվա սկզբին ուսումնասիրվել է Սփյուռքի դպրոցներին անհրաժեշտ դասագրքեր, ուսումնական, մեթոդական ձեռնարկներ, մանկական գրականություն, արտադասարանական օգտագործման, ուսումնաօժանդակ նյութեր, որոնցից էլ ձևավորվել է գրքերի ցանկը:  Համայնքների, կրթօջախների հետ աշխատանքի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 100 հայտ:

Սփյուռքի համայնքներում գործող մեկօրյա և ամենօրյա դպրոցներին, խմբերին, խմբակներին, կրթամշակութային հաստատություններին ընդհանուր առմամբ հատկացվել է 41.000 կտոր դասագիրք և ուսումնաօժանդակ նյութ, որից 2500 կտորը՝ էլեկտրոնային (CD,DVD), մնացած 7.500-ը պահեստավորված է: Բացի դրանից` ՀՀ կրթության և գիտության նախարարությունից Սփյուռքի նախարարությանն է փոխանցվել 2600 կտոր գիրք: Ստացված հայտերով պահանջարկը կազմել է շուրջ 130.000 կտոր գրականություն և ուսումնաօժանդակ նյութ, սակայն տրամադրված նյութերը կազմել են պահանջվածի շուրջ 1/3 մասը: Եվրոպա առաքվել է 5088, ԱՄՆ՝ 5650, Ռուսաստանի Դաշնություն՝ 14.779, Ուկրաինա՝ 3391, Վրաստան՝ 10.000, Աբխազիա՝ 2092 կտոր գրականություն:

Խոսվել է նաև համայնքների, կրթօջախների, ուսուցիչների ու սաների կողմից ստացված տասնյակ շնորհակալական նամակների մասին՝ օտար ափերում հայ երեխային հայ պահելու գործում նախարարության աջակցության համար:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է.  «Այս ծրագիրը նախարարության ամենառաջնահերթ ծրագրերից է: Մեր կարևորագույն խնդիրն է սփյուռքի 900-ից ավելի հայկական դպրոցները դասագրքերով բավարարելը: Չպետք է լինի որևէ դպրոց, որի ներկայացրած հայտը անուշադրության մատնվի: Դեռևս պահանջարկն ավելի շատ է, քան առաջարկը, բայց բոլոր հայտերը պետք է բավարարվեն»:

Ֆինանսատնտեսական  վարչության պետ Հ. Հովսեփյանը ներկայացրել է գերատեսչության 2014թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսերի վերաբերյալ հաշվետվություն:

Ամփոփելով նիստը՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը գոհունակությամբ նշել է կատարված աշխատանքների մասին և կարևորել 2015թ. ծրագրերի անթերի իրականացման ընթացքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]