Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ազգային պատկերասրահի շենքում հնարավոր չէ ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխանող թանգարան. Փարավոն Միրզոյան

Ազգային պատկերասրահի շենքում հնարավոր չէ ստեղծել ժամանակակից 
պահանջներին համապատասխանող թանգարան. Փարավոն Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի խորհրդանիշներից մեկի՝ Ազգային պատկերասրահի և Պատմության թանգարանի շենքի կառուցվածքը թույլ չի տալիս այնտեղ ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխանող թանգարան և համապատասխանաբար՝ պահոցներ: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց Ազգային պատկերասրահի արդեն նախկին տնօրեն նկարիչ Փարավոոն Միրզոյանը:

 -Երբ 2002 թ. առաջարկ ստացաք գլխավորել Ազգային պատկերասրահը, պատկերացնու՞մ էիք ինչ ծավալի աշխատանքի հետ եք գործ ունենալու:

-Երբ այն ժամաանակվա մշակույթի նախարար պարոն Շառոյանն ինձ առաջարկեց Պատկերասրահի տնօրենի պաշտոնը, ես չկարողացա միանգամից պատասխանել: Թեեւ կյանքի փորձ ունեի, Գեղարվեստի ակադեմիայում ամբիոնի վարիչ էի, ղեկավարում էի արվեստանոց, բայց չգիտեի ինչպիսին կլինի աշխատանքը: Սակայն, երբ նայեցի դաշտը՝ մտածեցի. «Եթե ոչ ես, ապա ո՞վ»: Տարիների ընթացքում կային դժվարություններ, որովհետև շենքային պայմաններն այն չէին, որտեղ ես կարողանայի անել ավելին՝ շենքն ինքը չի համապատասխանում պատկերասրահին ներկայացվող պահանջներին: Նման կառույցները պետք է ունենան ավանդական կառուցվածք. այցելուն պետք է մտնի մի կողմից և դուրս գա մյուս կողմից: Առաջին հարկում պետք է լինեն գրախանութներ, սալոններ: Սա արվեստի համալսարան է, այստեղ պետք է հնարավոր լինի կրթել այցելուին, թե երեխաները, թե տարեցները այստեղ պետք է կերպարվեստի մասին գիտելիքներ ստանան, որովհետև կերպարվեստը մշակույթի այն ճյուղերից է, որը մարդուն սովորեցնում է տեսնել բարին, լավը, ճանաչել համաշխարհային արվեստը:

-Ինչ՞ խնդիրների բախվեցիք:

- «Լինսի» հիմնադրամի, այսպես կոչված, վերանորոգում ան ժամանակ ես 17 կետով գրել էի, թե ինչ պետք է արվի և ինչը՝ ոչ: Դրանց մի մասը ինձ հաջողվեց իրականացնել: 17-րդ դարի նկարչությունը չի կարելի ցուցադրել սպիտակ պատի վրա, կամ հայկական բաժնում Հովնաթանյանի սրահում չի կարող լինել ներկած պատ, մենք այն ծածկեցինք գոբելենով, որպեսզի նկարը դիտվի: Նախկինում մեր արտաբյուջետային միջոցների հիման վրա կարողանում էինք ինչ-որ բան ստեղծել, սակայն հիմա դա շատ է բարդացել, քանի որ որպես ՊՈԱԿ պարտադրված ենք մրցույթ հայտարարել: Ամոթ է, որ մեզ մոտ` մի տեղ, որտեղ ընդունում ենք կարևոր հյուրերի, աթոռները լինեն փողոցում վաճառվող աթոռներից:

-Ինչպիսի՞ հաճախականությամբ է հաջողվում թարմացնել պատկերասրահի ֆոնդերը:

-Իրենց անունը չբացահայտել նախընտրող որոշ անհատներ ժամանակ առ ժամանակ մեզ նվիրաբերում են արվեստի գործեր: Քանի որ մենք այսօր գնումներ կատարելու հնարավորություն չունենք, իմ ընկեր նկարիչներին հորդորում եմ, որ, ինձ նման, նկարներ նվիրեն պատկերասրահին: Օրինակ` մի քանի տարի առաջ 70 գործ նվիրեցին ազգային պատկերասրահին: Ֆոնդերը պետք է հարստանան:

-Որքանո՞վ են բավարար պահոցների ծավալն ու պայմանները՝ պատկերասրահում առկա արվեստի գործերի պատշաճ պահպանման համար:

-Մի երկու-երեք ֆոնդ կարողացել ենք մաքրել, կարգի բերել: Բայց ժամանակակից ֆոնդերը պահանջում են այլ չափանիշներ: Պետք է նոր շենք, իսկ նմանատիպ շենքային պայմաններում դա հնարավոր չի անել, քանի որ միայն պահոցների կառուցվածքը թույլ չի տալիս այստեղ տեղադրել հեռակառավարվող պահարանային համակարգ...Ինչու՞ հիվանդանա նկարը, ինչու՞ բորբոսնի: Այնտեղ պարտադիր պետք է առկա լինի օդորակիչ համակարգ, որը պահպանի հաստատուն 18C  ջերմաստիճան, իսկ այն բացակայում է մեր շենքում, քանի որ մեր ավտոմատ օդորակիչները քիչ են: Լինսի հիմնադրամը այստեղ որոշակի աշխատանք իրականացրել էր, որը հիմնական վերանորոգում չէր, օրինակ՝ նման շենքը պետք է ջրով չջեռուցվի, որովհետև նոր կաթսայատանը միացված խողովակները 40-50 տարվա հնություն ունեն:

- Իսկ դուք, մինչև աշխատանքների սկիզբը, տեղյակ չէի՞ք, որ շենքում վերականգնվելու է ջրով ջեռուցման համակարգը:

-Ես գրավոր դիմել էի, որ նմանատիպ մեթոդով շենքի ջեռուցման ապահովումը սխալ է, սակայն չփոխեցին: Հիմա ես ամեն օր անհանգստանում եմ, որ աշխատանքային օրվա ավարտից հետո, երբ բոլորը տուն են գնացել, մի տեղ խողովակը կարող է պայթել և ջուրը շենք լցվել: Նմանատիպ դեպք եղել է, և, լավ է, մենք կարողացել ենք ժամանակին կասեցնել այն:

-Կա՞ մեկը՝ ում Դուք տեսնում ենք որպես Ձեզ արժանի փոխարինող:

- Ազգային պատկերասրահը, Մատենադարանը, Պատմության թանգարանը, Ազգային գրադարանը և Ազգային արխիվը պետք է ղեկավարեն վառ անհատականություններ, ովքեր միաժամանակ ունեն նմանատիպ աշխատանքի փորձ: Այսպիսի մարդիկ եզակի են: Սակայն, իմ շրջապատում ես չեմ տեսնում նման մարդու: Այս աշխատանքը երիտասարդի գործ չէ, այլ հենց իմ տարիքի մարդու, ով ունի փորձ: Իսկ եթե լինի երիտասարդ, ես պատրաստ եմ սատարել նրան:

- Ինչպե՞ս եք վերաբերում կարծիքներին, թե թանգարանից անհետանում են արվեստի աշխատանքներ:

- Դրանք հիմնականում ասեկոսեներ են: Հիսնական թվականներին որոշ բաներ կորել են, այդպիսի ցուցակներ կան: Սակայն այս վերջին տարիներին եղած կորուստների հայտնաբերման ուղղությամբ քննիչներն արդեն երկու տարի աշխատանքներ են իրականացնում, և կորած բոլոր իրերը իմ և քննիչների շնորհիվ հաջողվել է գտնել:

- Իսկ պահոցներում աշխատանքի արդյունքում պատահե՞լ է, որ նմուշ գտնեք, որի մասին չեք իմացել, կամ այն հանիրավի անտեսված է եղել:

- «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ վերոհիշյալ վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետ, երբ նոր ցուցադրույթն էինք պատրաստում, պահարանի տակ քար նկատեցի, այն հանել տվեցի, և պարզվեց, որ այն I-II դարի տղամարդու պտղաբերության եգիպտական քանդակ է, որը նույնիսկ փաստաթղթերով ձևակերպված չէր: Կամ մի անգամ, երբ ցուցադրույթի համար նկարներ էինք ընտրում, մի նկարի հակառակ կողմումում տարօրինակ բան նկատեցի: Պարզվեց, որ այն Շագալի նկարի մի հատված է: 1919-20  թթ. Շագալը հրեական թատրոնում ազդագրեր և վարագույրներ էր նկարում, այն ժամանակ երիտասարդ տղայի աշխատանքները գնահատող չկար, ուրիշ մի նկարիչ վերցրել է այդ  վարագույրը, կտրատել և հակառակ կողմը օգտագործել նկարելու համար:

 Անահիտ Մինասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]