Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքերը պետք է ներողություն խնդրեն հայերից. Եսայի

Թուրքերը պետք է ներողություն խնդրեն հայերից. Եսայի

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, երգահան, պրոդյուսեր, գործիքավորող, դերասան…Ֆրանսիայում բնակվող և մեծ ժողովրդականություն վայելող երգիչ Եսայի Ալթունյանը հայ երկրպագուների պակաս չունի: Բազմաթիվ անվանի ֆրանսիացի կատարողների համար երգեր գրած Եսային Հայաստան է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի անմեղ զոհերին նվիրված իր նոր՝  «Je n'oublie pas» («Չեմ մոռանա») երգը ներկայացնելու:

«Արմենպրես»-ի թղթակիցը հանդիպել և զրուցել է երգչի հետ անցած ճանապարհի, արմատների, Հայոց ցեղասպանության և այլ հարցերի շուրջ:

Փարիզից՝ սիրով, Եսայի Ալթունյան

Ես ծնվել եմ Փարիզում և այնտեղ եմ ապրում: Փարիզում իմ ընտանիքն է: Հայրս Փարիզում է ծնվել, մայրս՝ Լիոնում, իսկ իմ տատիկը և պապիկը Խարբերդից էին: Ֆրանսիայում դպրոց եմ գնացել: Երաժշտության նկատմամբ սեր է սերմանել երաժիշտ մայրս: Երեք տարեկանից սկսել եմ զբաղվել երաժշտությամբ: 12 տարեկանից սկսեցի երգեր գրել: Երբ ես երեխա էի, մայրս ինձ քնեցնելու համար երաժշտություն էր միացնում: Իմ հայկական արմատները և  հայի ցավը, որ ինձ է փոխանցվել իմ մեծ ծնողներից (տատիկից և պապիկից), խոր հետք են թողել իմ հոգում: Իմ ծնողները պատմել են, թե ինչ է կատարվել հայ ժողովրդի հետ, և հիմա ես այդ ամենը փոխանցում եմ զավակներիս՝ երաժշտության միջոցով:

Ճանապարհ դեպի երաժշտական Օլիմպոս

Դեպի վերև ճանապարհը շատ դժվար էր: Շատերն են ցանկանում լույսի տակ երևալ, բայց պետք է տաղանդավոր լինես: Երաժշտությունն իմ կիրքն է, ես չեմ կարող ապրել առանց դրա: Երբ ես փոքր էի, երազում էի երաժշտություն ստեղծելու, բեմում հայտնվելու մասին, այնպես, ինչպես հիմա, բայց ես շատ եմ պայքարել իմ ճանապարհը հարթելու համար : Ամեն ինչ հնարավոր է, եթե հավատում ես: Շատ բան կարելի է անել երաժշտության միջոցով: Երաժշտության միջոցով հնարավոր է փոխել աշխարհը , քո կոչով դու կարող ես փոխել մարդկանց մտածելակերպը, տրամադրությունը:

Միշել Լեգրանը տպավորված էր …

Միշել Լեգրանի հետ աշխատելը հիասքանչ էր: Ես այդ ժամանակ երիտասարդ երաժիշտ էի, և Փարիզի հայտնի պրոդյուսերներից մեկը որոշել էր ստեղծել նոր երաժշտական կոմեդիա ՝ Միշել Լեգրանի մասնակցությամբ, ում առաջարկել էին փոխել իր երաժշտության հին գործիքավորումները: Որոշեցին, որ հենց ես պետք է այդ փոփոխություններն անեմ, և ինձ ուղարկեցին Լեգրանի ստեղծագործությունները: Ես մեկ շաբաթում գործիքավորում արեցի: Լեգրանը լսեց և ասաց. «Ես ցանկանում եմ հանդիպել այդ տղայի հետ»: Հետո, օրեր անց, հարցրեց, թե ինչպես եմ նման երաժշտություն գրում:  Ես էլ պատասխանեցի, որ հայ եմ: Լեգրանն ասաց. «Օ՜, ես չգիտեի այդ մասին: Ես էլ եմ հայ՝ 25 տոկոսով»: Ես էլ նրան ասացի, որ մենք կապված ենք, որովհետև մեր մեծերը մեզ նույն բանն են փոխանցել, և ահա թե ինչու մենք նույն զգացություններն ունենք: Հայի ցավ ունեմ ես իմ սրտում:

…Շառլ Ազնավուրի հետ համագործակցել դեռ չի հաջողվել

Ցավոք, չեմ համագործակցել նրա հետ, բայց աղջկա համար մի երգ եմ գրել: Գիտեք, ես 16 տարեկանում վաճառում էի Ազնավուրի համերգների ծրագրերը և դրանով փոքր-ինչ գումար էի վաստակում իմ առաջին ձայնագրությունների, առաջին դաշնամուրի համար: Ես այն ժամանակ արվեստի դպրոցում էի սովորում, իսկ շաբաթ-կիրակի օրերին աշխատում էի:

Ընտանիքը չափազանց կարևոր է

ԱՄՆ-ում ամիսներ առաջ ներկայացվեց իմ «Family» («Ընտանիք») երգը: Ես այն գրել եմ Ֆրանսիայում: Երգը յուրահատուկ է, որովհետև ընտանիքի մասին է, իսկ ընտանիքն ինձ համար շատ կարևոր է: Իմ ընտանիքը միայն ծնողներս չեն, այլ նաև իմ ընկերներն են, մարդիկ, ում հետ մեծացել եմ: Ընտանիքը միշտ աջակցում է քեզ:

«Չեմ մոռանա». Հայոց ցեղասպանություն  

Փետրվարի սկզբին ներկայացրի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Je n'oublie pas» («Չեմ մոռանա») երգը, որը նվիրված է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Իմ ընտանիքն ինձ պատմել է այն մասին, թե ինչ է եղել 1915 թվականին, և ինձ փոխանցել է այդ ցավը, որը ես խորությամբ եմ զգում: Պետք է մի բան անեի 100-րդ տարելիցի համար, և ես 1,5 միլիոն հայ զոհերի հիշատակին նվիրված երգ գրեցի: Չեմ մոռանա այն, ինչ եղավ: Իմ նախնիներն էլ են ցեղասպանությունից փրկվել: Թուրքերը պետք է ներողություն խնդրեն մեզնից, իմ երգում ես ասում եմ, որ չեմ մոռանա: Ինձ համար շատ կարևոր է այս երգը: Այն ոչ միայն հայերի, այլև այլազգիների համար է, որպեսզի նրանք իմանան, թե ինչ եղավ հայ ժողովրդի հետ:

Նոր  նախագծեր

Բավական նախագծեր ունեմ Ֆրանսիայում: Ես երգիչ եմ, երգահան, պրոդյուսեր, գործիքավորող։ Բոլորը հարցնում են՝ ինչպես եմ հասցնում այդ ամենը, բայց ես առավոտից գիշեր աշխատում եմ, որովհետև երաժշտությունն իմ կիրքն է: Հիմա ամենակարևոր նախագիծն է «Je n'oublie pas» («Չեմ մոռանա»)  երգը, իսկ հաջորդ տարի ալբոմ կներկայացնեմ:

Ռոզա Գրիգորյան 

Եսայի Ալթունյանը կներկայացնի 100-րդ տարելիցի անմեղ զոհերին նվիրված իր նոր՝ «Je n'oublie pas» («Չեմ մոռանա») երգը: Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]