Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն 
իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը լի էր բազմաբնույթ իրադարձություններով, որոնց մի մասը համազգային նշանակություն ունեին` սկսած Հայոց ցեղասպանության 100-ամյակի համահայկական հռչակագրից մինչեւ Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը: «Արմենպրես»-ը ներկայացնում է անցնող շաբաթվա կարեւորագույն իրադարձությունների ամփոփ պատկերը: 

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն 

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը շարունակել էր ակտիվորեն խախտել հրադադարի ռեժիմը: ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել էին պատասխան գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդն այդ ընթացքում ունեցել էր 3 զոհ և 2 վիրավոր, իսկ ՊԲ-ն կորուստներ չուներ:

Երկուշաբթի` հունվարի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցեց պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Անդրադառնալով ադրբեջանական կողմի սադրանքներին և դրանց` հայկական կողմի պատասխանին` ՀՀ ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարը նշեց. «Տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն: Մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը»:

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նույն օրն անհանգստություն հայտնեց շփման գծում կատարված հարձակումների առթիվ եւ հերթական անգամ հիշեցրեց, որ տեւական խաղաղության հասնելու միակ ուղին բանակցային ճանապարհն է:

Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից լարվածություն ստեղծելու և սադրիչ գործողությունների մասին Հայաստանը տեղյակ է պահել ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ՄԱԿ-ի տարբեր կառույցներին: Այս մասին հունվարի 26-ին լրագրողներ հետ հանդիպմանը նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Հայաստանի դիրքորոշումը համահունչ է Ռուսաստանի դիրքորոշմանը, ինչպես որ համահունչ է Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշմանը»,- ասել էր արտաքին գերատեսչության ղեկավարը` հավելելով, որ Ադրբեջանի ղեկավարությունն իր վարած քաղաքականությամբ փակուղի է տարել երկիրը և հիմա հիստերիկ գործողություններով փորձում է դուրս գալ այդ իրավիճակից:

Ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոստանում են շարունակել բարձր մակարդակով աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ խնդրի խաղաղ կարգավորման համար: Այս մասին հայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների առնչությամբ իր մտահոգությունն էր հայտնել նաեւ ԵԱՀԿ-ի նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաշիչը: «Կոչ եմ անում կողմերին ապահովել հրադադարի ռեժիմի ամբողջական վերականգնում և ռազմական գործողությունների դադարեցումը՝ համաձայն 1994 թ. մայիսին ստորագրված համաձայնագրի», - ասել է նա:

Հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ բանակցային գործընթացում հաջողությունների նախապայմանը վստահության մեխանիզմի ձեւավորումն է, որն առաջին հերթին պետք է արտահայտվի առաջին գծում հրադադարի ռեժիմի կանոնների պահպանմամբ: Դա նշանակում է, որ բոլոր տիպի կրակոցները պետք է  դադարեցվեն, դիպուկահարները հետ քաշվեն, ձեւավորվի հետաքննական մեխանիզմ: Նախարարը բացատրեց նաեւ, թե ինչու սահմանային լարվածության ժամանակ չեն դիմում ՀԱՊԿ-ին:

«Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության համար հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն անընդունելի է: Այս իրավիճակն անընդունելի է նաեւ հայ ժողովրդի համար: Հետեւաբար պետք է կտրուկ որոշում կայացնել: Կամ պետք է պահպանել հրադադարի ռեժիմը, կամ համապատասխան միջոցներ ձեռնարկել պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն»,- հայտարարել էր Օհանյանը` փաստելով, որ նախորդ տարի բոլոր ճակատներով հաղթել ենք թշնամուն:

Հաջողության չհասնելով` Ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ խեղաթյուրեցին իրականությունը` գրելով, թե հայկական անօդաչու սարք են խոցել: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը զավեշտ անվանեց ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը, որ Աղդամի շրջանում հայկական անօդաչու սարք է խոցվել:

«Մենք գիտենք, որ Ադրբեջանին շատ են պետք հաղթանակներ, նույնիսկ հորինված և մտացածին այնքան, որ նրանք երազում անօդաչու սարքեր են տեսնում: Մեր հավաստի տվյալներով, ադրբեջանական կողմը ոչնչացրել  է սեփական անօդաչու սարքը: Ադրբեջանցի գործընկերները շփոթվել են, և շուտով այս հարցով նոր տեղեկություններ կլինեն»,- ասաց նա:

Իսկ արդեն հունվարի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմեցին պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվեց հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվեցին հակառակորդի առնվազն 2 զինվոր: 

«Կատարվածի ողջ պատասխանատվութունը մնում է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ ադրբեջանական զինված ուժերը հունվարի 31-ի գիշերը կրկին փորձել էին դիվերսիոն գործողություններ իրականացնել շփման գծում: 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից 

Հունվարի 26-ին Միացյալ Նահանգների Փասադենա քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությունը:

Իտալական panorama.it-ն հունվարի 27-ին հոդված հրապարակեց` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Հոդվածում ներկայացվում էին 1915 թվականի իրադարձությունների պատմական փաստեր և հայերի ու հրեաների միանման պատմության որոշ էջեր:

Հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի ստորին պալատում կայացավ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական նիստը: 2008 թվականին Շվեյցարիայի դատարաններից մեկը Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, եւ անցյալ տարվա դեկտեմբերին եվրոպական դատարանը բավարարել էր Շվեյցարիայի դեմ նրա հայցը: Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ վճիռը:

Նիստում Հայաստանի շահերը ներկայացնում էր աշխարհահռչակ փաստաբան Ամալ Քլունին: Դատավարությունն ուղեկցվում էր բողոքի ակցիայով: Դատարանի դիմաց էին հավաքվել հայեր և թուրքեր: Տասնյակ ոստիկաններ և ոստիկանական մեքենաներ հսկում էին մասնակիցներին: Հայկական կողմի աջակիցները հանդես էին գալիս  «Այլևս ոչ մի 1915», «Ժամանակն է» կոչերով:

Գործի լսումից հետո հայտարարվեց, որ Եվրոպական դատարանը գործի առնչությամբ վճիռ կկայացնի 6-8 ամսվա ընթացքում: Միաժամանակ` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի» լսումը և դրան հայկական կողմից մասնակցող աշխարհռչակ իրավաբան Ամալ Քլունիի մասնակցությունը գտնվում է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, գործի քննությանն անդրադարձել են AP-ն, The Telegraph-ը, Daily mail-ը և այլ միջազգային ԶԼՄ-ներ:

Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կլինի Երևանում: Այս մասին Օլանդը հայտարարել էր հունվարի 28-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ:

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Նյու Յուրքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբելայում ունեցած ելույթում հունվարի 29-ին կոչ արեց ՄԱԿ-ի անդամ երկրներին այլևս երբեք թույլ չտալ ցեղասպան գործողություններ: Իր ելույթում նա անդրադարձավ նաև հարյուր տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը:

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն հունվարի 29-ին ներկա գտնվեց մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը, որի կառուցման որոշումը կայացվել էր 2013թ. մայիսի 30-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ Նախագահի առաջարկի հիման վրա:

Նույն օրը Կառավարության ընդունելությունների տանը սկսվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Հակառակ բոլոր չարագույժների՝ 100-րդ տարելիցը դառնալու է նոր վերելքի, համախմբման, նոր սերնդի բարձր խոսքի շրջան»,- ասաց Սերժ Սարգսյանն իր ելույթում:

ՀՀ նախագահը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները կիրականան չորս հիմնական ուղղություններով, ոգեկոչման չորս առանցքներով: «Մասնավորապես, այդ ուղղություններն են: Հիշողություն` հիշողությունը մեր նահատակների, կորսված ժառանգության և այն վերականգնելու անհրաժեշտության վերաբերյալ: Երկրորդը` երախտագիտություն` երախտագիտություն այն անհատներին, կառույցներին, ժողովուրդներին և պետություններին, որոնք մեզ ձեռք մեկնեցին փորձության պահին: Մեկ մանուկ փրկած անհայտ մարդուց մինչև միջազգային ատյաններում մեր դատի համար պայքարող պետություններ մենք հիշելու ենք և մեծարենք նրանց, ովքեր, իրենց ժամանակից առաջ ընկնելով, մտածում էին մարդասիրական միջամտության կատեգորիաներով»,- նշեց Նախագահը:

Պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների և ընդլայնված նիստի մասնակիցների հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հուշահամալիրում տեղի ունեցավ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը, որը միաձայն ընդունվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում: Փաստաթուղթն ընթերցեց Նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ հանձնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հանրապետության Նախագահը նշեց, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ:

Հունվարի 30-ին Հայաստան այցելած աշխարհահռչակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը, հայ հանդիսատեսին ներկայացնելով Հայոց ցեղասպանության մասին պատմող իր «Սպի» ֆիլմը, նշեց, որ անցյալի ճանաչումը միակ ձևն է կատարված դեպքերն անցյալում թողնելու համար, որպեսզի դրանք նորից չկրկնվեն: Ֆաթիհ Աքինը եղավ նաեւ Ծիծեռնակաբերդում, հարգեց Ցեղասպանության զոհերի հիշատակը: 

Հայոց բանակի 23-ամյակը 

ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցեց պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:

Կոլեգիայի նիստում, որը նվիրված էր 2014թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, զորքերի ու շտաբների օպերատիվ, մարտական պատրաստության արդյունքներին, զինվորական կարգապահության վիճակին, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ բացման խոսքով:

Որպես զինված ուժերի 2014թ. գործունեության և հաջողությունների հիմնական շարժիչ ուժ` ՀՀ նախագահն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց 2014թ. ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված զորամասերի անձնակազմերին և նշեց, որ նրանց բարեխիղճ ծառայության և մասնագիտական բարձր պատրաստության շնորհիվ է, որ հասարակությունն իրեն պաշտպանված է զգում, առաջին հերթին նրանց շնորհիվ է, որ ապահովված է հայ ժողովրդի անվտանգությունը և իհարկե այն, որ Հայաստանի ղեկավարությունը բանակցություններում իրեն վստահ է զգում:

Հունվարի 28-ին Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ և ԼՂՀ ղեկավարները Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայկական բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ հետմահու պարգևատրեց հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների: Նա նաեւ շնորհավորական ուղերձ հղեց հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ: «Ադրբեջանը տանուլ է տալու նաև «դիվերսիաների պատերազմը»: Հարց է ծագում. ի՞նչ կապ ունեն 100 տարի առաջ կատարված դեպքերը մեր այսօրվա բանակի հետ: Արդյո՞ք, որևէ մեկի հիվանդ ուղեղում կա Հայաստանը վերացնելու ծրագիր: Պատասխանում եմ. այդ ծրագրերը ոչ միայն ոմանց ուղեղներում են, այլև հարևան երկրի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերին: Դրանք հնչում են բոլոր հնարավոր բարձրախոսներից: Ըստ նրանց՝ ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի ողջ տարածքը «պատմական ադրբեջանական» հողեր են, և այդ հողերը ենթակա են այսպես ասած` «ազատագրման»: Մենք շատ լավ գիտակցում ենք նման «ծրագրային» հռետորաբանության թիրախները»,- ասաց հանրապետության ղեկավարը:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներ Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, քաղաքական եւ ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների եւ Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նույն օրը երեկոյան մեկնարկեց Հայոց բանակի 23-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգը: 

Գյումրիի ողբերգություն 

Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նախ 3, ապա 5 անձ ճանաչվեցին տուժողի իրավահաջորդ:

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հերքեց Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայից զինծառայողի փախուստի մասին խոսակցությունները: Ռուսական ռազմաբազայից զինծառայողի փախուստի մասին լուրն իրականությանը չի համապատասխանում»,- փոխանցեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: 

Սիրիա 

Սիրիայում հունվարի 29-ին սիրիական բանակի հայ զինվոր է զոհվել: Զոհվածը 1994թ. ծնված Հակոբ Սաբան էր, ով ծնունդով Հալեպից էր: Հակոբ Սաբան նահատակվել է Դեր Զորում:

Հունվարի 30-ին Հալեպի Ազիզիե շրջանի «Սինեմա Զահրաա» պողոտայի հրթիռակոծման հետևանքով սկզբում վիրավորել, այնուհետև հիվանդանոցում մահացել էր հալեպահայ Գևորգ Հալլաճյանը:  

Վարդան Պետրոսյան գործով դատավարություն 

Հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013թ. հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի գործում մեղավոր ճանաչեց դերասան Վարդան Պետրոսյանին` նրան դատապարտելով 5 տարվա ազատազրկման` 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]