Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մի շարք երիտասարդներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի

Մի շարք երիտասարդներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և 
շնորհակալագրերի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի 2015թ. առաջին նիստը, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով խորհրդի անդամներին՝ քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել նրանց` 2014թ. ընթացքում քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին ակտիվ մասնակցության համար` ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է լսելու և քննարկելու Երևանի զարգացմանն ուղղված երիտասարդների կառուցողական առաջարկները:

«Երբ դեռևս 2013-ին մենք ստեղծում էինք Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը, համոզված էինք, որ այն իր գործունեությամբ նպաստելու է քաղաքային տարբեր ծրագրերի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը: Այսօր հաճելի է արձանագրել, որ խորհրդի անդամներն իրոք ակտիվորեն ներգրավված են քաղաքապետարանի կողմից կյանքի կոչվող տարբեր ծրագրերի իրականացմանը: Ակնկալում եմ, որ 2015-ին կլինեք առավել ակտիվ և տանտիրոջ իրավունքով ու սրտացավությամբ կմասնակցեք բոլոր նախաձեռնություններին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդի անդամներին ներկայացնելով մայրաքաղաքի կառավարման հարցում իր մոտեցումները՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է երիտասարդության ներուժի առավել նպատակային ու արդյունավետ օգտագործումը:

«Երիտասարդությունը հասարակության շարժիչ ուժն է, և մենք պետք է միասին կառուցենք մեր երկիրն ու քաղաքը, միասին լուծում տանք առկա խնդիրներին: Եվ դա օրինաչափ է, քանզի հենց երիտասարդներին է վերապահված մեր հայրենիքի ու մեր սիրելի մայրաքաղաքի կայուն զարգացման և հզորացման, ավելի հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու պատասխանատու գործի շարունակականությունն ապահովելու պատվաբեր պարտականությունը»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նիստի շրջանակում ներկայացվել է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի 2014թ. ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունն ու նախանշվել են 2015թ. անելիքները: Հաշվի առնելով, որ նախորդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից միաձայն ընդունված համահայկական հռչակագիրը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հորդորել է խորհրդի անդամներին ակտիվ մասնակցություն ունենալ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին՝ հիմք ընդունելով հռչակագրի դրույթները:

Քաղաքապետը լսել է նաև խորհրդի անդամների կողմից բարձրացվող հարցերն ու առաջարկությունները և դրանց վերաբերյալ ներկայացրել իր մոտեցումները: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ երիտասարդներն իրենց հերթին նկատել են, որ մեծ սիրով ու պատասխանատվությամբ են մասնակցում քաղաքային բոլոր ծրագրերին: Նրանք նաև վստահեցրել են, որ պատրաստակամ են աշխուժացնել փոխգործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ՝ հատկանշելով, որ ի դեմս Տարոն Մարգարյանի՝ ունեն երիտասարդության ներուժն իրապես գնահատող և գործնական ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամ քաղաքապետ:

Երևան քաղաքում երիտասարդության շրջանում 2014թ. ընթացքում ակտիվ գործունեություն ծավալելու և մայրաքաղաքային ծրագրերում բարեխիղճ ու մշտական աշխատանքներ կատարելու համար խորհրդի կազմում ընդգրկված մի շարք հասարակական կազմակերպություններ ու համալսարանների ուսանողական խորհուրդներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]